ԿարևորՀասարակություն

Արցախի աջակցությունից` գնաճ ու բեռնափոխադրումներ. ԱԺ-ն քննարկում է բյուջեի կատարողականը

Ազգային ժողովում քննարկվել  է 2021թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Կատարողականի  հիմնական ցուցանիշները ներկայացրել է  ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը,  եզրափակիչ ելույթով  հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 2021 թվականը, գործադիրի գնահատմամբ, բարդ և մարտահրավերներով լի տարի էր, բայց հնարավոր է եղել 5.7 տոկոս տնտեսական աճ գրանցել ՝ նախապես ծրագրված 3.2 տոկոսի փոխարեն։  

Վարչապետի գնահատմամբ՝ 2021թ․բյուջեի քաղաքական, տնտեսական ու ֆինանսական ցուցանիշները տարբեր ձևաչափերով քննարկվել են և դրանցում առանցքային է եղել Արցախին հատկացված աջակցությունը։ Ըստ վարչապետի՝ 2021-2022 թթ․Արցախի բյուջեն հասել է աննախադեպ մեծության Հայաստանի  կառավարության բյուջետային աջակցության շնորհիվ։ Մինչև թվերին անցնելը Փաշինյանն անդրադարձավ ընդդիմության թեզերին։ Առաջինը, որ ՀՀ կառավարությունը միայնակ է թողել Արցախին։  Այս պնդումը հերքում են Արցախին տրված աջակցության ցուցանիշները՝ ասում է Փաշինյանը:

«2019թ-ին Արցախի բյուջեն կազմել է 117.9 մլրդ դրամ, որն ամենաբարձրն է եղել 90-ականներից սկած։ Այս գումարից 57.8 մլրդ դրամը Հայաստանի կառավարությունն է վճարել, իսկ 2021թ-ին Արցախի բյուջեն կազմել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ-ը ՀՀ-ի վճարած գումարն է։ Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, և Հայաստանը երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել, այսինքն ՝ ՀՀ աջակցությունը Արցախին 2021թ-ին աճել է 122%-ով, իսկ Արցախի բյուջեն աճել է 48%-ով: 2021թ-ի Արցախի բյուջեի 73%-ը վճարել է ՀՀ կառավարությունը, իսկ 2021թ-ին ՀՀ կառավարության աջակցությունը Արցախին ավելին է եղել, քան 2019թ-ի Արցախի ամբողջ բյուջեին»։

Վարչապետը շեշտում է, որ այս ամենի մասին չեն թմբկահարել, քանի որ սա կառավարության աշխատանքն է, իսկ Հայաստանի կառավարությունը եղել է և կա Արցախի կողքին, որքան էլ տարբեր շրջանակներ չնկատեն սա և փորձեն Արցախի ու Հայաստանի միջև հակասություններ մտցնել»։

Կատարողականի քննարկմանը անդրադարձ եղավ ռուս–ուկրաինական լարվածության և դոլարի արժեզրկման ֆոնին նկատվող գնաճին, ինչպես նաև բեռնափոխադրումների բարդություններին՝ պայմանավորված Լարսի անցակետի ծանրաբեռնվածությամբ։ Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին էր հետաքրքրում այս թեման։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ Ռուսաստանը քննարկում է ծանր բեռնատարների համար լրացուցիչ անցակետ ստեղծելու հնարավորությունը, որը կգտնվի «Վերին Լարսից» մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Այդ անցակետը կարող է գործարկվել մոտ ապագայում։

«Գործընկերները բավական ջանքեր են գործադրում այս իրավիճակից դուրս գալու համար։ Օրինակ՝ եթե թողունակությունը 400 է, բայց օրը 700 մեքենա են սպասարկում, կարծում եմ՝ շատ բանի մասին է խոսում։ Շաբաթ օրը էկոնոմիկայի նախարարը, իմ տեղակալը, ՊԵԿ մեր գործընկերները եղել են Լարսում՝ ռուս, վրացի մեր գործընկերների հետ, բազմաթիվ քննարկումներ են ունեցել վիճակը բարելավելու ուղղությամբ։ Եվ հետևյալ պայմանավորվածությունն ունենք՝ մոտ ժամանակներս ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից ոչ հեռու, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել։ Նաև որոշակի արտոնություններ են նախատեսվում  ԵԱՏՄ երկրների համար»։

Բեռնափոխադրումների խնդրի մասին խոսել էր նաև ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ խորհրդարանում ներկայացնելով բեռնափոխադրող ընկերությունների մտահոգությունները։ Խոսքը կրկին կուտակված հերթերի և դրանց հետևանքով փչացող ապրանքների խնդրի մասին էր։  Իսկ հերթերը գոյանում են, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Վրաստանի տարանցիկ դերն էլ ավելի է մեծացել։ Բեռները նախկինում տեղափոխվում էին Սև ծովով, այժմ՝ Լարսով։ «Բոլոր կողմերը ջանքեր են գործադրում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,- շեշտում է Սանոսյանը։

Մեկ այլ խնդիր Լարսով Ռուսաստան բեռները փոխադրելու համար ևս առաջանալու է, բայց՝ հուլիսի 20-ից։ Վրաստանով բեռնատարների տարանցման տուրքը բարձրանալու է։ Վրաստանի կառավարությունը 75%-ով ավելացնում  է իր տարածքով այլ երկրներ բեռ փոխադրող բեռնատարների համար վճարը՝ 200 լարիից (մոտ 67 դոլար) հասցնելով 350 լարիի (մոտ 118 դոլար)։ Ամեն օր Վրաստանով անցնում է ավելի քան 900 տարանցիկ բեռնատար։ 2021 թվականի ընթացքում վրացական միջանցքից, ընդհանուր առմամբ, օգտվել է 332 հազար բեռնատար, արդյունքում պետբյուջե է մուտքագրվել է 66,4 մլն լարի (մոտ 22.5 մլն դոլար)։

Գնել Սանոսյանը խոսեց նաև Տաթև-Աղվանի ճանապարհի մասին։ Անցած տարեվերջին շահագործման հանձնված Տաթև-Աղվանի 43 կիլոմետրանոց ավտոճանապարհի որոշ հատվածներ, ըստ մամուլի, քանդվել են և դրանցով հնարավոր չէ երթևեկել։ Սանոսյանը արձանագրում է՝ ճանապարհից հիմա էլ կարողանում են օգտվել, այլ հարց է, որ որոշ հատվածներում դժվարություններ կան:

«Պատերազմից ու հայտնի իրադարձություններից հետո այդ ճանապարհն անընդհատ ծառայել է, ո՞նց չեն կարողանում օգտվել: Եղած խնդիրների մի մասը օբյեկտիվ է, մի մասը՝ սուբյեկտիվ: Օբյեկտիվն այն է, որ այդ ռելիեֆում երկրաբանական կառուցվածքը, կավային շերտ կա, որն էլ դժվարությունների է բերում»:

Իսկ ինչո՞ւ դեռ չեն վճարվել շինարարների գումարները հարցին՝ Սանոսյանը պատասխանում է․ «Չենք վճարել, որովհետև խնդիրներ կան, շինարարները կվերացնեն խնդիրները՝ կվճարվեն»։

Back to top button