ԿարևորՄշակույթ

«Խաղն ավարտված է».  առաջնախաղ Պարոնյանում

Իտալացի հեղինակ Ալդո Նիկոլայի «Պաշտոնյան և կինը» պիեսի մոտիվներով ստեղծված «Խաղն ավարտված է» կատակերգությունը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահի բեմում է։ Բեմադրող  ռեժիսորը դերասան Վարդգես Բարսեղյանն է, որը նաև ներկայացման գլխավոր դերակատարն է։  Ներկայացումը ստի ու  սիրո կորստի, վախի ու անտարբերության  մասին է։

«Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ անցեք դահլիճ, նիստը սկսված է»

Նիստը սկսված է, բայց ոչ թե Ազգային ժողովում, այլ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահի բեմում։ Իտալացի հեղինակ Ալդո Նիկոլայի «Պաշտոնյան և կինը» պիեսի մոտիվներով բեմադրվել է   «Խաղն ավարտված է» կատակերգությունը։ Ներկայացման ռեժիսորը Վարդգես Բարսեղյանն է, պիեսում էլ կատարում է նախարարության աշխատակցի դերը:

«Բավականին բարդ էր և՛ բեմադրել, և՛ խաղալ նույն ներկայացման մեջ»,-  ասում է դերասանը։

Գլխավոր կերպարները պաշտոնյան և նրա  սենյակում ոչ պատահաբար հայտնված կինն են։ Ի՞նչ սպասել անծանոթուհուց, որը, կարծես, ամեն ինչ գիտի քո մասին, և, չգիտես ինչու, հենց քո աշխատասենյակում շատ կարևոր զանգի է սպասում: Կնոջ կերպարում դերասանուհի  Մարգարիտա Խաչատրյանն է։

«Միշտ  ծնողները գծում են իրենց երեխայի ճակատագիրը, ու հենց այդ երեխաներն են մեծանում  ու դառնում  չինովնիկ։ Այս կինը, որն հայտնվում է նրա աշխատասենյակում կարծես  պաշտոնյայի ներսի ֆիլտրը լինի»

Ներկայացումը վախի, կաշառակերության, անտարբերության, ամենաթողության, ստի, սիրո կորստի, դավաճանության մասին է: 

«Սա է ձեր գործառույթը, երկու անգամ ավելի շատ եք վարձատրվում, բայց լացում եք, լացկաններ։ Ձեր չարածի համար էլ են վճարում՝ պարգևավճարներ եք ստանում»:

 Բեմադրող ռեժիսոր Վարդգես Բարսեղյանն ասում է՝ յուրաքանչյուր անհատականություն իր խաղն է խաղում: Պաշտոնյայի և կնոջ երկխոսության թեման արդիական է․դրսում մարդիկ դժգոհում են իշխանություններից, պահանջում են նրանց հրաժարականը, աշխատասենյակներում նստած պաշտոնյաները կտրված են իրականությունից։

«Ներկայացումը մարդու կյանքի մասին է՝ ինչպիսի՞ կյանք է վարում, արդյո՞ք ճիշտ է ապրում, որն է արժեքն իր համար այս կյանքում՝ մասնագիտությո՞ւնը, ընտանի՞քը, կրո՞նը։ Հանդիսատեսն  արդեն  կորոշի՝   այս կինը  պաշտոնյայի խի՞ղճն է, թե՞ պատահաբար է հայտնվել նրա աշխատասենյակում։

Իսկ ինչո՞ւ  է  «Խաղն ավարտվել»։

«Այս  մարդու  խաղն այդ օրը ավարտվում է ։ Այդ օրը հասկանում է, որ ինքը չգնահատող մեկն է, որն  իր ընտանիքին չի գնահատում, իրականությունը չի գնահատում,ճիշտ չի դասավորում իրականությունն իր կյանքում։Եվ զբաղված է մի գործով, որ ուղղակի հարմար է և վերջ։ Բայց պիեսում կա մի լավ խոսք, որ կինը տղամարդուն ասում է՝ դու շատ ավելի օգտակար կարող ես լինել այլ տեղում, քան այստեղ»։

Կնոջն ի վերջո հաջողվում է համոզել  պաշտոնյային, որ ամեն ինչ դեռ ուշ չէ, ու կարող է սխալները ուղղել: Ներկայացումը ավարտվում է հետևյալ մտքով՝ ժամանակ գտեք սիրելու, շփվելու, ապրելու համար:

Back to top button