ԿարևորՏնտեսական

Դոլարն ու եվրոն էժանանում են․ ի՞նչ է շահում ու ի՞նչ է կորցնում սպառողը

Վերջին շրջանում տարադրամի փոխանակման կետերում փոխարժեքի՝ ամեն օր տատանվող ու փոփոխվող թվեր են․ արդյունքում՝ դոլարը նախորդ ամսվա համեմատ    էժանացել է շուրջ 20 տոկոսով։ Տնտեսագետները բացատրում են՝ այս երևույթի հիմքում մի քանի տասնյակ աշխարհաքաղաքական գործոններ են՝ ռուս–ուկրաինական պատերազմից  մինչև ամերիկյան տնտեսական քաղաքականություն։ Դոլարի արժեզրկումը հայաստանյան շուկայում պետք է հանգեցներ գնիջեցման, ինչը, սակայն,  Հայաստանում այդպես էլ տեղի չունեցավ՝ նկատում են տնտեսագետները։ Մանրամասները՝ ռեպորտաժում։

Դրամը շարունակում է արժևորվել, դոլարն ու եվրոն արժեզրկվում են։ Օրերի ընթացքում օտար փոխարժեքները մի քանի դրամով տատանվում են, արդյունքում՝ «շահում» է դրամը։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը բացատրում է՝ այս տատանումների հիմքում մեծապես ռուս–ուկրաինական պատերազմն ու դրա տնտեսական հետևանքներն են։

«Ռուսաստանից և Ուկրաինայից, մեր գնահատմամբ, շուրջ120 000 մարդ է եկել Հայաստան։ Նրանք իրենց հետ նաև արտաժույթ են բերում և արտառժույթի պահանջարկը համեմատած ազգային արժույթի նվազում է․ սա նշանակում է, որ դրամը իր դիրքերը «ամրապնդում» է։ Սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ամռան ամիսներին և աշնանը տնտեսությունը աշխուժացման փուլում է գտնվում»,– ասում է Թաթուլ Մանասերյանը։

Մասնագետներն ասում են՝ դոլարի էժանացումը պետք է գների կտրուկ նվազեցման հանգեցներ։ Սա է հուշում տնտեսագիտության տրամաբանությունը, սակայն այս միտումը Հայաստանում առայժմ չի նկատվում։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանը բացատրում է՝ տեղական արտադրությունը ոչ այնքան ակտիվ վիճակում է, բացի դրանից՝ զբոսաշրջիկների աճի հետ մեկտեղ աճել է ապրանքների պահանջարկը, դրա հետևանքով  ապրանքների գնիջեցում մենք չենք զգացել։

«Գները մնում են բարձր, քանի որ էժանացած դոլարով ապրանքները նոր պետք է մտնեն Հայաստան։ Բացի այդ գների նվազելու հետ տրանսպորտային գները մնում են թանկ, քանի որ կա խնդիր, օրինակ, Վերին Լարսում։ Բեռները մի քանի օրվա փոխարեն տեղ են հասնում մի քանի շաբաթում արդյունքում աճում է ինքնարժեքը։ Այս բոլոր գործոնները իրար գումարելով՝ Հայաստանի ընկերություններում առաջացնում են որոշակի եկամտաբերության նվազում և դրանից ելնելով կան ընկերություններ, որ չեն ուզում գները նվազեցնեն․ սա է պատճառը նաև գների բարձր մնալու»,– ասում է Գագիկ Մակարյանը։

Մի կողմից՝  դոլարի էժանացում գնանկման չի հանգեցնում, մյուս կողմից էլ՝ ազդում է մարդկանց եկամուտների վրա։ Մակարյանը նկատում է՝ շատերն են բանկերում դոլարային ավանդներ պահում․ եկամուտները նվազում են, շղթայական ռեակցիայով նվազում է նաև գնունակությունը։

«Ինչով է պայմանավորված դոլարի արժեզրկումը․ առաջինը կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հետևանք է․ տոկոսադրույքները բարձրացնելով կենտրոնական բանկը փորձեց զսպել գնաճը․ էժան դոլար, որը պետք է բերեր էժան գների, բայց գները առանձնապես չեն էժանանում, այսինքն՝ այն հաշվարկը, որ ուներ կենտրոնական բանկը չի աշխատում»։

Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է երեք ՝ ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքից՝ ասում է Գագիկ Մակարյանը։ Նախ՝ ամերիկյան տնտեսությունն արտահանման ծավալները պահպանելու համար նվազեցրել է դոլարի արժեքը, սա անմիջկանորեն  ազդել է եվրոյի փոխարժեքի վրա, զուգահեռաբար արժևորվել է ռուբլին՝ Ռուսաստանի վարած «գազային» քաղաքականության հետևանքով։  Այս տատանումներին զուգահեռ ավելացել է նաև միգրանտների թիվը Հայաստանում, որոնցից շատերը այստեղ են եկել իրենց բիզնեսներով։ Սա, Թաթուլ Մանասարյանի խոսքով, դրամի պահանջարկը արհեստականորեն մեծացրել է։

«Հայաստանյան տնտեսությունը, բնականաբար, ներմուծումից որոշակի կախվածություն ունի, և այս պարագայում արտահանումը խթանելու համար պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել ազգային արժույթին և ապրանքների մրցունակությանը։

Չի կարելի հաշվի չառնել նաև ռուսական գործոնը, չնայած ռուբլին ինչ-որ իմաստով կայունանում է, բայց դա միայն «գազային» դիվանագիության արդյունք է։ Բացի այդ նվազում են մեր ազգաբնակչության 10-12 տոկոսի եկամուտները, ովքեր որոշակի կախվածություն ունեն Ռուսաստանից ստացվող տրանսֆերների և սա չի կարող իր ազդեցությունը չթողնել հայաստանյան տնտեսության վրա»,– մանրամասնում են տնտեսագետները։

Տնտեսագետները խուսափում են կանխատեսումներից․ դժվարանում են ասել՝ ինչ կլինի ռուբլու, դոլարի, եվրոյի և արդյունքում նաև դրամի հետ մի քանի օր կամ մեկ ամիս հետո։ Վստահեցնում են՝ դրամային տատանումները մեծապես կախված են ռուս–ուկրաինական հակամարտության հանգուցալուծումից, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներից։

Back to top button