ԿարևորՏնտեսական

Վարկերն ավելացել են, ավանդները՝ նվազել, Հայաստան փողի հոսքը՝ 45 տոկոսով աճել

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի բանկային համակարգում վարկերն ավելացել, ավանդները նվազել են։ Մասնագետները սա առավելապես բացատրում են աշխարհաքաղաքական զարգացումներով ու արտարժութային ռիսկերով։ Հունվար-մարտին մոտ 38 տոկոսով ավելացել է նաև արտասահմանից փոխանցված գումարների ծավալը։

Գումարների մեծ մասի հոսքը ՌԴ-ի, ապա ԱՄՆ-ի հետ է։ Ուշագրավ մի միտում՝ արտասահմանյան բանկերի թողարկած քարտերով գործարքները նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել են մոտ 80 հազարով կամ ավելի քան 2․5 տոկոսով։

Այս տարվա առաջին եռամսյակում հայաստանյան բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում 44 տոկոսը ֆիզիկական անձանց, 46 տոկոսը տնտեսությանը տրամադրված վարկերն են։ Ի տարբերություն 2021-ի՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսության բոլոր ճյուղերում վարկավորման ծավալները ավելացել են։ Բացառություն, սակայն, կա․ Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն ընդգծում է՝

«Սպառողական վարկերն ավելացել են 12 տոկոսով, հիպոթեքային վարկերը՝ 66 տոկոսով, արդյունաբերությունը՝ 6,4 , առևտուրը՝ 47 տոկոսով, շինարարությունը՝ 1 տոկոսով, սպասարկում՝ 27 , գյուղատնտեսությունը՝ 34 տոկսով։ Միակ ճյուղը, որում նազում կա՝ տրանսպորտի ու կապի ոլորտի վարկավորումն է՝ 87 տոկոսով»։

Ըստ մասնագիտական դիտարկումների՝ տնային տնտեսությունների վարկային բեռը կամ պարտավորվածությունը ՀՆԱ կշռում չպետք է գերազանցի 36 տոկոսը, որպեսզի տնտեսությունը կարողանալ շնչել։ Մինչ տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալն ավելանում է, մասնագետները հաշվարկել են՝ 1 շնչի վարկային բեռ/ ՀՆԱ ցուցանիշը Հայաստանում կազմում է մոտ 30 տոկոս։ Տնտեսագետ Տաթևիկ Առուստամյանը «Ռադիոլուր»-ի խնդրանքով մոտավոր հաշվարկել է, թե որքան է կազմում Հայաստանի մեկ չափահաս քաղաքացու վարկային բեռը։ Հիմքում  2021թ տնային տնտեսությունների վարկերի ծավալն է։ Հաշվարկում ներառված են սպառողական ու հիպոթեքային վարկերը․

«Մոտ 120 դոլար ՀՀ չափահաս քաղաքացու ամսական վարկային բեռն է, որը նա վճարում է առևտրային բանկերին ու վարկային կազմակերպություններին։ Այսինքն՝ մեկ տարվա կտրվածքով ՀՀում չափահաս քաղաքացին մարում է մոտ 1400 դոլար վարկ»։

Հայաստանում նկատվում է նաեւ հիպոթեքային վարկերի ավելացում, այս տարվա առաջին եռամսյակում՝  մոտ 6 տոկոսով։ ԿԲ-ում կարծում են, որ վարկային դաշտում այսպես ասած «գերտաքացում» է սկսվել, իսկ բանկերի միությունում անհանգստանալու պատճառներ չեն տեսնում։ Փորձագիտական դաշտում գիտեն պատճառները՝ եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները մոտ երկու ամսից կսկսեն գործել, ուստի մարդիկ շտապում են վարկ վերցնել, քանի դեռ եկամտային հարկով կարող են ծածկել հիփոթեկի տոկոսների մի մասը։Տնտեսագետ Մերի Բոյաջյանըկարծում է, որվերջինս խթանիչ գործոն է հանդիսանում, որպեսզի գործող օրենքի շրջանակներում մարդիկ ձեռք բերեն բնակարաններ։

«Եթե դիտարկում ենք հանրապետությունում առուվաճառքի գործարքների տոկոսային բաշխվածությունը՝ ըստ գույքի տեսակի, նկատում ենք, որ բնակարանների տեսակարար կշիռը ամբողջում կազմել է ավելի քան 33 տոկոս»։

Այս տարվա առաջին եռամսյակում վարկերի 55 տոկոսը դրամային, 45 տոկոսը՝ արտարժութային վարկեր են եղել։ Մինչդեռ տարիներ շարունակ քաղաքացիներն ավելի շատ արտարժույթով, քան դրամով էին վարկ վերցնում։ Փորձագիտական դաշտում ընդգծում են՝ բանկային համակարգը արժույթի փոխարժեքի ռիսկն իր վրա է վերցնում, և հենց սրանով էլ պայմանավորված՝ այս ցուցանիշերը  փոխվում են։

Վարկերի տոկոսադրույքների մասով՝ Հայաստանի ԿԲ-ն վերջին մեկ տարում 8 անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այսինքն՝ բանկերին արդեն ավելի բարձր տոկոսով է շրջանառու միջոցներ տրամադրում։ Այս պահին  վերաֆինանսավորման տոկոսադրույքը 9․25 տոկոս է։ Ինչ պե՞ս են արձագանքել այս փոփոխությանն առևտրային բանկերն ու վարկային շուկան․ բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի խոսքով՝

«Մի շատ պարզ սկզբունք կա՝ երբ անորոշությունը, ռիսկերը մեծանում են, տոկոսադրույքները բարձրանում են։ Դրանով էր նաև պայմանավորված  ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը։ Սա ևս ենթադրում էր, որ վարկերի տոկոսադրույքների բարձրացման ճնշում կա։ Բայց տեսնում ենք, որ դրանք հիմնականում պահպանվել են նույն միջակայքում»։

Այս տարեսկզբին նաեւ բանկերին վստահված գումարների ընդհանուր ծավալն է պակասել․ ավանդները նվազել են 42 մլրդ դրամով ՝ ընդգծում է բանկերի միության գործադիր տնօրենը։ Բացատրություն կա․

«Արտարժույթով, աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ որոշ միջոցներ վերադառնում են այն երկրներ, որտեղից եկել էին»։

Հունվար-մարտին արտասահմանից փոխանցումները մոտ 38 տոկոսով ավելացել են՝ կազմելով 561 մլն դոլար։ Հայաստանից արտասահման փոխանցումներն էլ են ավելացել ընդհուպ մինչեւ 35 տոկոսով՝ վերջին տվյալներն է փոխանցում Բանկերի միության գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանը․

«Զուտ ներհոսքը՝ ինչքան գումար են դուրս փոխանցել ու ինչքան գումար է եկել Հայաստան՝ դրական է, ավելի շատ գումար է մտել՝ 187մլն  դոլար է կազմում։ 45 տոկոսով ավելացել է»։

Հստակ վիճակագրություն չկա ու չափելի չէ, թե դրամական հոսքերի ու վարկային-ավանդային շուկայի այս փոփոխությունները որքանով են ուղղակիորեն ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքը։ Բայց ազդեցությունն  ակնհայտ է՝ փաստում են մասնագետները։

Back to top button