Սփյուռքի ձայնը

Աշխատանքային խնդիրները Հայաստանում այլ երկրներից չեն տարբերվում․ «Սփյուռքի ձայնը»

Շվեյցարահայ, «Ազադ ֆարմա» ընկերության գործադիր տնօրեն Մայք Բարոնյանը Հայաստանում 2004 թվականին փորձեց գործ սկսել։ Սփյուռքի մեր հայրենակիցը Հայաստանում գործ սկսող գործարարների դժգոհությունները համարում է անտեղի։

«Բիզնեսն ամենուր նույն պահանջներն ունի, Հայաստանում այն ավելին դյուրին է սկսել, երբ աշխատում ես թափանցիկ և սիրում ես քո հայրենիքը»,- ասում է։ Մայքը նաև տարիներ առաջ Շվեյցարիայում գործող «Օգնություն Հայաստանին» հիմնադրամի համահիմնադիրներից է։ Հիմնադրամի նպատակը տարբեր խոցելի խմբերին օգնություն տրամադրելն է։

Մայք Բարոնյանը, որը տարբեր երկրներում ներդրում անելու փորձառություն ուներ, Հայաստանում 2004-ին սկսում է դեղագործության բիզնես՝ հաշվի առնելով թե նորաստեղծ պետության ունեցած խնդիրները, թե նաև տարածաշրջանի երկրներ՝ Հայաստանի միջոցով դուրս գալու հնարավորությունները: Արդյո՞ք այստեղ եղել են խոչընդոտներ. «Որևէ խնդիր չենք ունեցել։ Ինչո՞ւ պետք է ունենայինք, եթե աշխատում էինք օրենքով և թափանցիկ։ Եվ, ի վերջո, մեր նպատակը այնքան հայաստանյան շուկայում աշխատելը չէր, որքան տարածաշրջանի մեծ երկրներ դուրս գալը»,-ասում է։

Մայք Բարոնյանը որոշ սփյուռքահայ գործարարների օրինակով, Հայաստանում գործ է սկսել նաև այն պատճառով, որ սա հայրենիքն է, սակայն շուկայում տեղ զբաղեցնելն իր համար հեշտ չի եղել։ «Իհարկե, որովհետև Հայաստանը մեզ համար ամենից կարևոր և հրաշալի երկիրն է, որտեղ էլ, որ լինենք։ Սակայն նաև շուկան ու ներդրումներն էին կարևոր այստեղ, չնայած, որ շահույթը անհամամատ ավելի փոքր է»։

Դեղագործության ոլորտում տարիների փորձ ունեցող Մայք Բարոնյանի ընկերությունն այսօր Հայաստանում համագործակցում է Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հետ։ «Տարիներ շարունակ մենք քիմական հումքը ներկրում էինք դրսից։ Այսօր համագործակցում ենք Մնջոյանի ինստիտուտի հետ, 30 հոգուց բաղկացած աշխատանքնային խումբ ունենք, որոնց հետ համագործակցում ենք»։

Հայաստանում ներդրումներ անելիս շրջանցվող և այլ օրենքների հետ, այսպես ասենք, բախումների մասին հաճախ ենք լսում սփյուռքահայ և օտար ներդրողներից։ Մայք Բարոնյանը տարբեր ընկերությունների և անհատների հետ է շփվում թե Հայաստանում, թե հատկապես այլ երկրներում, նշում է, որ իր համար նման դժգոհությունները անհասկանալի և անընդունելի են։ «Այս մասին շատ եմ լսել սփյուռքահայերից։ Նրանց պատճառաբանությունները՝ անհեթեթ են։ Որևէ երկրում խնդիրներ կարող են լինել։ Ճիշտ է հայաստանյան շուկան դյուրիններից չէ, քանի որ տարիների ընթացքում մենաշնորհներ են առաջացել, սակայն գործունեության համար հնարավորությունները կան»։

Ինչ վերաբերում է Հայաստանից արտահանումներին, այստեղ էլ զրուցակիցս որևէ խնդիր չմատնանշեց՝ համոզված է՝ արտահանումը գործնականի շարունակությունն է։ Այստեղ խնդիրները ևս աշխատանքի կազմակերպմամբ են պայմանավորված։

«Համագործակցում ենք «Էնթերփրայզ Արմենիան» կազմակերպության հետ։ Իրենք մեզ շատ հարցերում են օգնել, մեր համագործակցությունը շատ արդյունավետ է »,- ավելացնում է Մայք Բարոնյանը։

Back to top button