ԿարևորՄիջազգային

Դեմոկրատ կոնգրեսականի տան խուզարկությունը հավանաբար կապված է Ադրբեջանի հետ. ABC News

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) չորեքշաբթի խուզարկել է դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քուելարի Տեխասի տունը և նախընտրական գրասենյակը՝ Ադրբեջանի և մի քանի ամերիկացի գործարարների հետ կապված հետաքննության շրջանակում՝ հաղորդում ՝ ABC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:  

ՀԴԲ-ի խոսնակն ընդգծել է, որ Քուելարի տանը և նախընտրական գրասենյակում ցանկացած «իրավապահ գործունեություն դատարանի կողմից լիազորված է»:

Դեռևս հստակ չէ, սակայն, թե արդյո՞ք հենց Քուելարին է հետաքննության թիրախը:

Տեխասի Լարեդոյում գտնվող Քուելարի տանը խուզարկությունից հետո նրա օգնականը հայտարարել է, որ կոնգրեսականը «լիովին կհամագործակցի ցանկացած հետաքննության շրջանակում»:

«Նա հանձնառու է ապահովել արդարության և օրենքի պահպանումը», — ասվում է հայտարարության մեջ:

Քուելարը, որը ներկայացնում է Տեխասի 28-րդ Կոնգրեսի շրջանը՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկայնքով, Կոնգրեսում է 2005 թվականից: Վերջին տարիներին նա ծառայել է որպես Կոնգրեսի Ադրբեջանի հարցերով հանձնախմբի համանախագահ և բազմիցս հանդիպել է Ադրբեջանի պաշտոնյաների, այդ թվում՝ դեսպան Էլին Սուլեյմանովի հետ:

Back to top button