Գերդաստաններ

Մարգարյաններ. քանդակագործությունից մինչև գյուտարարություն․ «Գերդաստաններ»

1828-30-ականներին Արևմտայն Հայաստանի Արծափ գյուղից Արագյուղ գաղթած հարյուրավոր հայերի մեջ էր նաև նա, ում ասում էին «ոսկի ձեռքեր» ունեցող վարպետ։ Նա Ներսես Մարգարյանն է. նրա մասին գրավոր հուշեր չկան, կորել են, մնացել են միայն բանավոր պատմված փոքրիկ հուշերն ու մտերիմների հիշողությունները։

Բայց ամենակարևորը, որ կա, նրա գեներն են, որ փոխանցվել են թոռանը, ով դարձավ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի, Չեխովի անվան դպրոցի, Դերասանների տան, 5-րդ մանկական հիվանդանոցի և այլ գեղեցիկ շենքերի խոյակների ու զարդաքանդակների հեղինակը, ով դարձավ փիլիսոփայական գիտությունների դոկտորպրոֆեսոր, քանդակագործ, նկարիչ, փորագրողբանաստեղծ և ով ձեռք բերեց 70 մասնագիտություն։

Նկարը՝ facebook.com/margaryan.art/

«Ոսկե ձեռքեր» ունեցող Ներսեսի որդին՝ Մանուկը, գյուղական մի փոքրիկ արհեստանոց ուներ, որտեղ խաչքարեր էր կերտում, սափորներ փորագրում։

Նրան որդին՝ Հովսեփն էր օգնում։ Մի օր համագյուղացիներից մեկը մոտենում է Մանուկին ու ասում. «Որդիդ աչքաբաց է և «ոսկի ձեռքեր» ունի, հազար փեշակի տեր կդառնա, եթե ուսում էլ առնի, այն ժամանակ մարդկանց շատ կօգնի»։   

Հայրենական մեծ պատերազմին մասնակցելուց հետո, Հովսեփը սովորում է Երևանի  պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, այնուհետև պատմության ֆակուլտետում, հետո ուսումնասիրում փիլիսոփայություն, ապա  բնագիտական հարցերի փիլիսոփայություն, հետո սովորում կերպարվեստի ստուդիայում։

Նրա աշխատանքները իրենց ինքնատիպությամբ, պլաստիկությամբ,  փիլիսոփայական հետաքրքիր բովանդակությամբ գրավում են բոլորի  ուշադրությունը։

1970-ականներին նա կերտեց Սամսոն Տեր-Պողոսյանի՝ Խենթի կիսանդրին, ստեղծեց հայ մեծերի դիմաքանդակներ, հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձաններ։

Քանդակագործի որդին՝ Մանուկ Մարգարյանը գյուտարար է։ Շշի խցանահանի գյուտը, որը հավանության է արժանանում համաշխարհային «Կոկա-կոլա»  ընկերության կողմից, մեծ արձագանք է գտնում ամբողջ աշխարհում։

Խցանահանն ունի բռնակ և սուր ծայր, այն պատրաստված է շշի տակի արտաքին մակերևույթի վրա գտնվող փորվածքի տեսքով և շշի հետ կազմում է մեկ ամբողջություն։ Սա հեշտացնում է շշի խցանը հանելը։ Այս մասին պատմում է ինքը՝  գյուտարարը։ 

Հովսեփ Մարգարյանի բանաստեղծություններից մի քանի տող.

Ինչ որ հեղուկ է՝ պիտի կարծրանա,

Ինչ որ թեթև է, պիտի ծանրանա,

Այն, որ մոտ է մեզ՝ պետք է հեռանա,

Եթե սառել է, պետք է ջերմանա…

Մարգարյանի մյուս որդին՝ Արմանը շինարար է։ Արման Մարգարանն է պատմում։

Հնարավոր չէ չհիշել Մարգարյանի քրոջ որդուն՝ Արսեն Փանոսյանին։ Նա է կյանքի կոչել Կլոր խաչքարի գաղափարը։ Արսենը Հովսեփի աշակերտն էր, սակայն շատ  աշխատանքներով գերազանցել է ուսուցչին։ Հովսեփ Մարգարյանը 6 որդի ունի, նրանք գրեթե բոլորն էլ արհեստով են զբաղվում, Արամը բազմաթիվ աշխատանքներ ունի և այսօր Հրազդանի կիրճում մատուռ  է  կառուցում։ Հովսեփ Մարգարյանը ստեղծել է նաև բազմաթիվ դեղամիջոցներ։ Բուժում էր մկանային այտուցներ, խոցեր, պսորիազ, թրոմբոֆլեբիտ: Ցավոք, այս տաղանդավոր մարդու գրառումներից ոչինչ չի պահպանվել։

Ուզում եմ հաղորդումն ավարտել Հովսեփ Մարգարյանի փիլիսոփայական մտքերից  մեկով. «Տիեզերքը աստվածային գերբնական միտք է, ամեն ինչ աստվածային մտքի  մեջ է, միտքը ամեն ինչի մեջ է»։

Back to top button