ԿարևորՀասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի և ՀԲԸՄ–ի հովանու ներքո գործող Հայորդյաց տների տնօրինությանը

Հունվարի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մայր Աթոռի և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հովանու ներքո գործող Հայորդյաց տների տնօրեններին ու փոխտնօրեններին։

Հանդիպման սկզբում Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը Հայորդյաց տների տնօրինության անունից շնորհավորել է Նորին Սրբությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով՝ մաղթելով քաջառողջություն և երկարամյա անսասան հովվապետություն՝ ի փառս Հայ Եկեղեցու և Հայրենիքի։

Հայորդյաց տների տնօրինության անունից Ամենայն Հայոց Հայրապետին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ իր շնորհավորանքները հղել է նաև Հայորդյաց տների տեսչի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Լիաննա Առաքելյանը։

Նորին Սրբությունը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով Հայորդյաց տների տնօրինությանը, մեծապես կարևորել է Հայորդյաց տների առաքելությունը հայ ժողովրդի և Եկեղեցու կյանքում։ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել Հայորդյաց տների տնօրինությանը, մանկավարժներին և վարչության անդամներին նախանձախնդիր ու նվիրյալ աշխատանքի համար՝ հորդորելով վերջիններիս շարունակել  իրենց արդյունավոր առաքելությունը մատաղ սերնդին ճիշտ խնամք ու դաստիարակություն ապահովելու գործում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայորդյաց տների առջև ծառացած խնդիրների հաղթահարման և վերջիններիս գործունեությունն առավել արդյունավոր դարձնելու ուղիներին։

Back to top button