ԿարևորՀասարակություն

290 հազար հայերեն հոդված, 510 ակտիվ խմբագիր․ վիքիպեդիան՝ 21, հայերեն վիքիմեդիան 17 տարեկան է

Վիքիպեդիան 21 տարեկան է, հայկական վիքիմեդիան՝ 17։ Ի սկզբանե անգլալեզու ազատ հանրագիտարանն այսօր աշխարհում հասանելի է 300 լեզուներով, որոնցից միայն անգլերենով ազատ հանրագիտարանում կարելի է գտնել 6 միլիոնից ավել հոդված։ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ համահիմնադիր Մհեր Բեքարյանը «Ռադիոլուր»-ին հայերենով հոդվածների վիճակագրությունն է ներկայացնում․

«Այսօրվա դրությամբ ամսվա կտրվածքով ունենք 510 ակտիվ խմբագիր և մի հետաքրքիր փաստ, որ ոչ միայն Հայաստանից են նրանք, այլև Վրաստանից, ՌԴ-ից, Անգլիայից, Շվեդիայից, Կանադայից, ԱՄՆ-ից և անգամ Հնդկաստանից, 10-ից ավելի ակտիվ խմբագիրներ հենց այս երկրներից են։ Շատ շուտով վստահ եմ 290 հազար հոդված կունենանք արդեն հայերեն վիքիմեդիայում, այս պահին 289 հազար և մի քանի հարյուր է, 290 հազարին մոտ։ Հոդվածների թիվը շատ ավելի մեծ կլիներ, բայց մենք որդեգրել ենք մոտեցումներ՝ ավելի շատ որակին, հոդվածի թեմայի նպատակայնությանը ուշադրություն դարձնելու»,-ասում է Մհեր Բեքարյանը։

Հայալեզու առաջին հոդվածը վիքիպեդիայում հայտնվել է 2005 թվականին։ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ նախագահ, մասնագիտությամբ մաթեմատիկոս Սուսաննա Մկրտչյանը պատմում է․

«Անկախությունից  հետո 10 տարի մոտավորապես չեմ աշխատել, որևէ աշխատանք չունեի, հետո ընդունվեցի Ինֆորմատիկայի ինստիտուտ՝ որպես ավագ գիտաշխատող, և ինտերնետից օգտվելու կարիք շատ կար, մասնավորապես, Վիքիպեդիայից, իսկ հայերեն հոդվածները բացակայում էին։ Հասկացա, որ պետք է ունենանք հայերեն Վիքիպեդիա, դա մեզ և մեր լեզուն միջազգային հարթակում ներկայացնելու լավ հնարավորություն է դառնալու»,-ասում է Սուսաննա Մկրտչյանը։

Վերջին մեկ տարվա ընթացքում «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ը մի շարք ծրագրեր է իրականացրել։ Դրանցից են օրինակ «Թանգարանների ներկայությունը վիքիմիեդիայում» նախագիծը, որի ընթացքում, Մհեր Բեքարյանի խոսքով, թանգարանների աշխատակիցներն են ստեղծել հոդվածներ։ Բեքարյանը կարևորում է տարին՝ հայերեն վիքիպեդիան ֆինանսատնտեսական հայալեզու հոդվածներով համալրելու տեսանկյունից։ 1 ամիս շարունակ ոլորտի մասնագետները գրել են այդ թեմատիկայով հոդվածներ, որոնք ստուգվել են Կենտրոնական բանկի համապատասխան աշխատակիցների կողմից և միայն հետո հրապարակվել։ Փորձաշրջան են անցել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողները, որոնք հայկական վիքիմեդիան համալրել են հոդվածներով՝ տարբեր լեզուներից թարգմանելով հոդվածներ։ Կարևոր ծրագրերից Բեքարայանը նշում է նաև պահպանվող հուշարձաններին նվիրված հոդվածների ու լուսանկարների հրապարակումը, աշխարհի հայտնի մարդկանց, այդ թվում հայ հայտնիների մասին հոդվածների պատրաստումը։

Ձեռքբերումների կողքին «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ համահիմնադիրը ցավով խոսեց նաև կորուստների մասին․ 44-օրյա պատերազմի հետևանքով խմբագիրների շարքերը նոսրացել և շարունակում են նոսրանալ․

«Պատերազմից հետո դեռ հետևանքներն ենք կրում, ընդամենը մի քանի օր առաջ Ալավերդու վիքիակումբի շատ ակտիվ անդամ, մեր վառ ու խելացի խմբագիրներից մեկը՝ Ռուդիկ Ղարիբյանը զոհվեց, մեկ տարի է ծառայում էր բանակում։ Շատ ցավալի, հերթական կորուստն է մեզ համար, ինչը պետք է փորձենք հաղթահարել միայն աշխատանքով»,-ասում է Մհեր Բեքարյանը։

Առաջիկա մեկ տարում հայկական վիքիընտանիքը մի շարք նոր ծրագրեր է պատրաստել։ «Աշխարհում 300 լեզուներով վիքիպեդիաների մեջ հայկականը 30-րդ տեղում է, ինչը բարձր նշաձող է»,-արձանագրում է Մհեր Բեքարյանը։ 

Back to top button