ԿարևորՔաղաքական

Ինչու 3+3-ը հավասար չէ 6-ի. ՌԴ-ն ակնկալում է ՀՀ միջնորդությունը` բերելու Վրաստանին այս հարթակ

Ռուսաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է տարածաշրջանային «3+3» ձևաչափի մասնակից 5 երկրի ներկայացուցիչների շահագրգռությունը պլատֆորմին Վրաստանի միանալու հարցում՝ շեշտելով, որ այդ երկրի համար «դուռը բաց է»: Ինչ հեռանկար ունի Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ ստեղծված բանակցային այս ձևաչափը, և ինչու է Վրաստանը դեմ նախաձեռնությանը։

Ռուսաստանը կրկին Վրաստանին առաջարկել է միանալ տարածաշրջանային «3+3» ձևաչափին, որը փաստացի այժմ գործում է «3+2» տրամաբանությամբ։ Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կրկին շեշտել է` խորհրդատվական այս հարթակին միանալը ոչինչ չի պարտավորեցնում, թերեւս նկատի ունենալով նաեւ վրացական կողմի արևմտամետ դիրքորոշումը։ Լավրով

«Քանի որ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ Վրաստանի հետ, մենք ավելի քիչ հնարավորություններ ունենք բացատրել նրանց փոխգործակցության այս ձևաչափի առավելությունները։ Մենք խնդրանքով դիմել ենք մեր թուրք, ադրբեջանցի ընկերներին… Հայաստանը նույնպես կարող է օգնել… խնդրանքով, որպեսզի նրանք բացատրեն մեր վրացի հարեւաններին այս ձեւաչափին միանալու առավելությունները եւ այն, որ դա իրենց ոչ մի բանով չի պարտավորեցնի…»։

Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ շարունակում է դիտարկել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակին միանալու Վրաստանի համագործակցության հնարավորությունը։ 2021-ի վերջին` դեկտեմբերի 10-ին` հարթակի առաջին նիստի ժամանակ, մասնակից երկրները` Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, նաև Հայաստանն ու Ադրբեջանը միաձայն կողմ էին այդ ձևաչափում պաշտոնական Թբիլիսիի մասնակցությանը` համաձայնելով, որ «Վրաստանի համար դուռը միշտ բաց է», ձևակերպումը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայինն է։ Այդուհանդերձ, վրացական կողմը չի շտապում միանալ ձևաչափին` առկախված թողնելով նախապես հայտարարված մերժումը։ Հարթակի մասնակիցները դեռ մեկ ամիս առաջ էլ հայտարարել էին աշխատանքները շարունակելու պատրաստակամության մասին։

Ի՞նչ վերապահումներ և մտավախություններ ունի վրացական կողմը`մերժելով տարածաշրջանային նոր ձևաչափին միանալու առաջարկը. «Ռադիոլուր»-ին «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն ասում է.

«Ձևաչափի ի հայտ գալուց հետո վրացական կողմը հայտարարեց հարթակին չմիանալու մասին` հրապարակայնորեն պատճառաբանելով Ռուսաստանի ներգրավվածությունը։ Կարծում եմ` այստեղ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն խնդիրը, կան առավել խորքային հարցեր։ Առաջին հայացքից թվում է, թե տարածաշրջանի երկրների հետ Վրաստանն ունի բնականոն, բավականին լավ զարգացող հարաբերություններ։ Վրաստանում Թուրքիան և Ադրբեջանն ունեն տնտեսական մեծ ազդեցություն, որն աստիճանաբար վերածվում է քաղաքական ազդեցության։ Վրաստանը, այս գործոնները հաշվի առնելով, հրաժարվում է մասնակցությունից։ 3+3 ձևաչափը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առաջ քաշվող օրակարգային խնդիրներ կունենա»։

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը հիշեցնում է, որ հայկական կողմը ևս ուներ վերապահումներ` նախապես հայտարարելով, որ մյուս ձևաչափերում քննարկվող հարցերը, ինչպիսին օրինակ արցախյան հիմնախնդիրն է, այս հարթակում չպետք է քննարկվեն։ Այսինքն` այս հարթակի եւ Հայաստանի անդամակցած այլ կազմակերպությունների գործառույթները չպետք է կրկնվեն։

«Հայաստանը «3+3» ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակներում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց մասով ՀՀ-ն արդեն իսկ ընդգրկված է այլ հարթակներում։ Ընդհանրապես, տարածաշրջանի բոլոր երկրները, սեփական շահը հաշվի առնելով, փորձում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը գործնական տիրույթ տեղափոխել, այդպիսով զգուշավորությունը քողարկելով ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցությամբ»։

Արևմտամետ հստակ դիրքորոշմամբ դեպի ՆԱՏՕ ձգտող Վրաստանի համար, ըստ Շիրակ Թորոսյանի, այս հարթակն ինչ-որ չափով խոչընդոտ է քաղաքական առաջնահերթությունները դիտարկելու հարցում, ուստի այս համատեքստում էլ է Վրաստանը զգուշանում, և հենց սա է պատճառը, որ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը շարունակ շեշտում է առանց քաղաքական նախապայմանների համագործակցության մասին։

«Վրաստանի միացումը Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափին չի պարտավորեցնի երկրին փոխել իր քաղաքական դիրքերը: Կարելի է պայմանավորվել այդ ձևաչափում բացառիկ թեմաներ քննարկելու մասին, որոնք հետաքրքրություն են ներկայացնում բոլոր մասնակիցների համար»։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լավրովը քանիցս հստակեցրել է, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլև Վրաստանին։ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, որպես այս երեք հանրապետությունների ամենամոտ հարևաններ, նրա դիտարկմամբ, նույնպես կշահեն դրանից։ Առայժմ վրացական կողմը որևէ կերպ չի արձագանքել Լավրովի հրավերին։ Հարթակի` 2021-ի դեկտեմբերյան առաջին նիստում փաստացի «3+2» ձևաչափի մասնակից երկրները պայմանավորվել են կենտրոնանալ իրենց բոլորին հետաքրքրող գործնական հարցերի վրա: Դրանց թվում են վստահության բարձրացման միջոցները, փոխգործակցությունն առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-հումանիտար ոլորտներում: Նաև քննարկվել է պրոֆիլային նախարարությունների ու գերատեսչությունների հնարավոր համագործակցությունը։ Արդեն այս հունվարի 6-ին Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն պայմանավորվել են «3+3» ձևաչափով նոր հանդիպում կազմակերպել։ Հանդիպման վայրը և օրն առայժմ հստակեցված չեն։

Back to top button