ԿարևորՀասարակություն

Հիմնադրամից՝ պետբյուջե, բյուջեից՝ նախարարություն. ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պարզաբանումներ է տվել նախկին նախարարը

Պատերազմի օրերին «Հայաստան» հիմնադրամի իրականացրած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի ընթացքում հավաքվել էր ավելի քան 170 միլիոն դոլար։ Նոյեմբերին Հիմնադրամի և կառավարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրով պետբյուջե էր փոխանցվել ավելի քան 52 միլիարդ դրամ։ Պատերազմից հետո հանրային քննարկումներ սկսվեցին Հիմնադրամի հավաքած գումարների ծախսման արդյունավետության ու հասցեականության շուրջ։ Հոգաբարձուների խորհրդի անդամները վստահ էին, որ գումարները նպատակային են ծախսվել, բայց որոշեցին ստեղծել աշխատանքային խումբ, որը միջազգային աուդիտորական ընկերության հետ կուսումնասիրի հավաքված  գումարի օգտագործումը։

Խնդրի պարզաբանում ներկայացրեց գործադիրը։ Տեղեկացրեց, որ ստացված 52 մլրդ 700 մլն դրամից մոտ 20 միլիարդը 2020 թ. ընթացքում օգտագործվել է կոնկրետ սոցիալական, առողջապահական եւ ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրերի շրջանակում, 2021 թ. առաջին կիսամյակում այդ նպատակով օգտագործվել է ևս 33 մլրդ դրամը: Այսուհանդերձ, ընդդիմության նախաձեռնությամբ խորհրդարանում ստեղծվեց քննիչ հանձնաժողով, որի այսօրվա նիստին մասնակցում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Նա նախարար էր նշանակվել 2020թ. նոյեմբերի 20-ին։

«Կարևոր եմ համարում այս քննարկումը  և այն գործընթացների վերաբերյալ, որոնք իմ պաշտոնավարման ընթացքում են տեղի են ունեցել, եթե կան մտահոգիչ հարցեր, ես կփորձեմ փարատել դրանք»,-ասում է Մեսրոպ Առաքելյանը։

Ֆինանսների նախարարության՝ քննիչ հանձնաժողով ուղարկած տեղեկանքի համաձայն, 2021 թվականի ապրիլի 15-ին կառավարության որոշմամբ  պահուստային ֆոնդից 7 միլիարդ 548 միլիոն դրամ տրամադրվել է  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ Արցախում հաշվառված կամ փաստացի բնակվող կենսաթոշակառուներին 68 հազարական դրամ տրամադրելու համար։ Այս ծրագրի նպատակայնության մասին հարց ուղղեց «Պատիվ ունեմ»–ից Հայկ Մամիջանյանը․

«Ուզում եմ միայն մի բան հասկանալ, ինչո՞վ է պայմանավորված եղել այն անհրաժեշտությունը, որ գումարը նախ հիմնադրամից փոխանցվել է կառավարությանը, այնտեղից պահուստային ֆոնդ է գնացել, հետո պահուստային ֆոնդից հասել է ձեր նախարարություն և միայ հետո ձեր կողմից փոխանցել է Արցախի կառավարությանը՝ այդ ծրագիրն իրականացնելու համար։ Այս շրջանների իմաստը ուզում եմ բացատրեք»,-ասում է Հայկ Մամիջանյանը։

Ի սկզբանե 68 հազար դրամը տրամադրել է կանխիկ՝ Հայփոստի ու Արցախ փոստի բաժամունքներից, մանրամասնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը

«Հետո մենք անցանք անկանխիկ համակարգի և ստիպված էին վերաբաշխումներ անել անկանխիկ տարբերակով։ Իսկ թե ինչու ենք մենք փոխանցել, և Հիմնադրամի հետ նախարարությունը ուղիղ ֆինանասական հարաբերությունների մեջ չի մտել, մեր հարաբերությունները եղել են մեր նախարարության վերաբաշխումների և ֆինանսների նախարարության հետ, ֆինանսների նախարարությունն էլ  կառավարության պահուստային միջոցներից է իրականացրել ծրագիրը։ Նույն տրամաբանությամբ կարող են հարցնել, թե ինչու Հիմնադրամը մնացած նախարարություններից ուղիղ փոխանցում չի իրականացրել»,-ասում է Մեսրոպ Առաքելյանը։

Մեսրոպ Առաքելյանի պարզաբանումը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներին բավարարեց։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արձանագրեց․

«Մի բան հստակ է․ պարզ է, թե ինչու չեն փոխանցվել գումարները սոցիալական ծրագրերի մասով, որովհետև ժամանակային, տեխնիկական խնդիրներ էին առաջացնում։ Հարցը, թե ինչու է պահուստային բյուջե փոխանցվել, պարզ է»,-ասում է Բաբկեն Թունյանը։

Նախկին նախարարի պատասխանից գոհ չէին ընդդիմադիրները․ Մեսրոպ Առաքելյանը նրանց խորհուրդ տվեց սոցիալական ծրագրի հաշվապահական, ֆինանսական հարցերով դիմել Ֆինանսների նախարարություն։

Նախորդ նիստերից մեկում քննիչ հանձնաժողովը հավաքագրած եւ պետբյուջե փոխանցած միջոցների օգտագործմանը վերաբերող 10 հարցանի հարցաշար էր ուղարկել «Հայաստան» հիմնադրամ։ Պատասխանել էին՝ դրանք հիմնադրամի տիրույթից դուրս են։ Ընդդիմադիրները գոհ չէին նաև այս պատասխանից։

Back to top button