ԿարևորՀասարակություն

Ջեռուցման խնդիրը լուծվի, Մյասնիկյանի մանկապարտեզը ձմռանն էլ կաշխատի

Մյասնիկյան համայնքը խոշորացումից հետո միավորվել է Արմավիրին: Մյասնիկյանում պետական բյուջեի համաֆինանսավորմամբ մի շարք ծրագրեր են իրականացվել: Նախորդ տարի 3 սուբվենցիոն հայտ է հաստատվել, որով նախատեսված աշխատանքները դեռ չեն ավարտվել, բայց գյուղին նոր փոփոխություններ են խոստանում: Մյասնիկյանի մանկապարտեզը հիմնանորգվել է համայնքի բյուջեի միջոցներով, սակայն դեռ չի ջեռուցվում, իսկ մշակույթի տան հիմնանորոգման համար զգալի միջոցներ են պահանջվում:

Մյասնիկյան գյուղի կենտրոնում առաջինը երևում է  մշակույթի տունը, մինչդեռ արտաքին տեսքը պահպանած շինության ներսում անբարվոք վիճակ է, իսկ դահլիճը՝ ավերակ: Նախկինում այստեղ մշակութային շատ միջոցառումներ են կազմակերպվել, ֆիլմեր ցուցադրել: Գյուղի տարեցներն են հիշում.

«Ինչ ասեմ՝ ինչ կա, սա է: Նախկինում համերգներ են եղել այստեղ, բայց արդեն 25-30 տարի այս վիճակն է՝ սովետը փլուզվեց, սա էլ հետը: Մեկ-մեկ համերգ էր լինում, թենիս ու բիլիարդ կար՝ վերացան»:

Երկհարկանի մշակույթի տան տանիքը 2 տարի առաջ  քամին վնասել էր, պետբյուջեի միջոցներով այն հիմնանորգվել է շենքի փլուզումը կանխելու նպատակով: Հիմա ներսում մասնակի  վերանորոգման աշխատանքներ են՝ ասում է նախկին համայնքապետարանի աշխատակիցը.

 «Հատակը սալիկապատում են, հետո տեղադրելու ենք գրադարակները, իսկ  մյուս սենյակում լինելու է լամինատե հատակ, պատուհաններն էլ ենք փոխելու»

Մշակույթի տան մի հատվածում պարի ստուդիա է: Այստեղ շուրջ 50 երեխա է հաճախում: Ստուդիային տրամադրված սենյակը փոքր-ինչ վերանորոգված էր․ պարուսույց Սուսաննա Գևորգյան.

«Ստուդիան մոտ 1 տարի է՝ ինչ գործում է, մենք հովանավոր ունեինք, վերանորոգել ենք, իսկ համայնքապետարանը փոխելու է պատուհաններն ու դուռը»:

Մշակույթի տան դռներն ու պատուհանները փոխվելու են համայնքի բյուջեի միջոցներով, իսկ դահլիճի վերանորոգումը մեծ ծախսեր է պահանջում:

2021թ-ից Մյասնիկյան գյուղում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվում՝ մշակույթի տան մասնակի նորոգում, գլխավոր՝ Մոնե Մելքոնյանի անվան փողոցի ասֆալտապատում և մանկապարտեզի ցանկապատում: 3 ծրագրից միայն 900գծմ փողոցի ասֆալտապատումն է ավարտվել:  Կոտայքի Ճանշին ընկերության Բաղրամյանի տեղամասի պետ Սլավիկ Գալստյանը ներկայացնում է աշխատանքը, որն արվել է 2 ամսվա ընթացքում.

«Հիմքի քանդում, վերականգնում, խճաքարի տեղադրում, արհեստական կառույցների ՝ դիտահորերի վերականգնում և ասֆալտբետոնյա շերտի կառուցում»:

Սուբվենցիոն մյուս ծրագրերը դեռ ընթացքի մեջ են, կավարտվեն այս տարվա ընթացքում: Վերջին տարիներին համայնքի բյուջեի միջոցներով աստիճանաբար վերանորոգվել  ու նոր տեսք է ստացել  53-ամյա մանկապարտեզը: Այստեղ 4 խումբ է գործում, բայց միայն 4-5 ամիս:  Ջեռուցման պատճառով մանկապարտեզ հաճախող 120 երեխաները տարվա մեծ մասը  մնում են տանը: Տնօրեն Անահիտ Հարությունյանը խնդրում է աջակցել.

«Հույս ունենք՝ ջեռուցում կլինի, և մենք ամբողջ տարին կաշխատենք: Խնդրում ենք պատկան մարմիններին մեզ օգնել այս հարցում: Շատ մեծ նշանակություն ունի, որ մանկապարտեզը երկար ժամանակ աշխատի: Գոնե  աշխատեինք մինչև նոյեմբերի 15-ը և բացենք մարտի 15-ից․ ամենաքիչը՝ 9 ամիս»:

Մանկապարտեզը կահավորված է: Պետբյուջեի համաֆինանսավորմամբ կառուցվել է ցանկապատ, իսկ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով՝ սանհանգույց:  Կառուցապատող ընկերության տնօրեն Միսակ Խլղաթյանը նշում է, որ ցրտերի պատճառով բազալտե քարերով սալիկապատումը չեն ավարտել.

«Եղանակի խնդիրն է, ջերմաստիճանը մինուս է և չենք կարող, տեխնոլոգիան թույլ չի տալիս բազալտապատենք»:

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, հետևելով  սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին, որոշակի թերություններ է նկատել.

«Խնդիրներին մենք դեռ ժամանակ կունենանք անդրադառնալ: Շինարարական աշխատանքներն առանձնահատուկ բնույթ ունեն, և  ժամկետերի մասով որոշակի թերացումներ եղել են, բայց, կարծում եմ, մեր շինարարները դա կլրացնեն »:

Մյասնիկյանում համայնքի բյուջեի միջոցներով բազմաբնակարան շենքերի մուտքերում պատուհաներններ ու փականներով երկաթե դռներ են տեղադրվել: Բազմաբնակարան 4 շենք գազիֆիակցվել է: Համայնքի նախկին ղեկավար Տիգրան Բաղդասարյանն ասում է, որ մասնակի փոխվել են նաև խմելու ջրագծերը.

«Մենք ջրագիծ ունենք, որ  «Վեոլիաջուր» ընկերությունն է սպասարկում. քիչ-քիչ  փոխում է, մենք էլ վրան կանենք, ճանապարհների հարցն է մնում: Խողովակները շատ վատ վիճակում էին , փոխվելուց հետո ջուրը շատ է գալիս՝ երկար ժամանակով, ջրի ճնշումը մեծացել է»:

Մատակարարված խմելու ջուրն օգտագործվում է միայն կենցաղային նպատակով, իսկ խմելու ջուրը գնում են ցիստեռնից: Համայնքի բնակիչները գնահատում են գյուղում իրականացվող աշխատանքներն ու առաջարկում.

«Մեր փողոցն ասֆալտապատել են, մանկապարտեզն են սարքել ու ջրագծերն են փոխել: Թալինի ջուրը բերում ծախում են, այդ ջրագծերն էլ որ բերեն, լավ կլինի, խմելու ջուրն առնում ենք»:

Մյասնիկյան գյուղը խոշորացման արդյունքում  միավորվել է Արմավիր համայնքին: Համայնքի նախկին ղեկավարը լիահույս է, որ գյուղում սուբվենցիոն ծրագրերը դեռ կշարունակվեն, ու այն ավելի բարեկարգ կդառնա։

Back to top button