ԿարևորՀասարակություն

Ամենաշատ հայկական ամենօրյա դպրոցները Վրաստանում, մեկօրյաները՝ Ռուսաստանում

Գերմանաբնակ Աննա Բագրատյանը Պադերբորն քաղաքում է ստեղծել «Կոմիտաս» կրթօջախը։ Այն դռները բացել է հայ աշակերտների առաջ այս տարվա սեպտեմբերին։ Այսօր մասնաճյուղեր ունի Վիսբադեն, Դորտմունդ քաղաքներում, իսկ փետրվարից կունենա նա Բիլեֆեյդում։ Բոլոր մասնաճյուղերում միասին  սովորում է 80 աշակերտ։

Աննա Բագրատյանն ասում է, որ Բիլեֆեյդի աշակերտների դասագրքերի պատրաստվում են դիմել Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարություն։ Անհրաժեշտ քանակությամբ դասագրքեր նախարարությունից ստանում են, միայն թե խնդիր կա առաքման ժամկետների հետ կապված․

«Ցավոք, խնդիր կա տեղափոխության հարցով։ Եթե սպասենք նախարարությանը, ապա բավականին երկար կսպասենք, դրա համար դասագքրերը բերում ենք Գերմանիա մեր ռեսուրսներով։ Սա խնդիր է մեզ համար թե՛ ժամանակի, թե՛ ֆինանսների առումով։ Իհարկե, շնորհակալ ենք ԿԳՄՍ-ին ու Սփյուռքի հանձնակատարի գրասենյակին, բայց կուզենայինք այս հարցը վերնայեին, և մենք շատ երկար չսպասեինք դասագրքերին»,-ասում է Աննա Բագրատյանը։

Օրերս Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Ռադիոլուր»–ին հայտնեց, որ կրթական գործառույթը, դասագրքերի տրամադրումն ու տպագրությունը, իրականացնում է ԿԳՄՍ-ն։ Իրենք էլ են հաճախ դասագրքրերի ուշացման հետ կապված դժգոհություններ ստանում հայկական համայնքներից։ ԿԳՄՍ նախարարությունից էլ «Ռադիոլուր»-ին  ասացին, որ դիմումների հիման վրա է նախարարությունը տրամադրում դասագրքեր, դիդակտիկ, օժանդակ նյութեր։ ԿԳՄՍ նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյան․

«Ոչ հայախոս, այս դեպքում՝ ռուսախոս երեխաների համար այբբենարան է ստեղծել, որը երաշխավորվել է մեր մասնագետների կողմից։ Սա միակ այբբենարանն է, որը կա ռուսերեն-արևելահայերեն, անգլերեն-արևելահայերեն և նաև անգլերեն-արևմտահայերեն։ ԿԳՄՍ-ից հասնում է ուղղորդում տալ սփյուռքին՝ ինչպիսի գրքերից օգտվել»,-նշում է Թամարա Զալինյանը։

Նախարարության ներկայացուցիչն ասում է՝ իրենց անելիքը խիստ սահմանափակ է հատկապես արևմտահայերեն դասագրքերի հարցում։ Թամարա Զալինյանը բացատրում է, թե ինչու․

«Հայաստանն առանձնապես արևտմահայերեն դասագրքերի մասով անելիք չունի, որովհետև չի կարող ամբողջ աշակերտության թվաքանակով տպել և ուղարկել նրանց։ Այստեղ ԿԳՄՍ գործառույթը սահմանափակվում է դասագրքերի բարելավմամբ, որովհետև, օրինակ, խնդիր կարող է առաջանալ դասագրքերի մեթոդիկան թարմացնելու, վերանորգելու և այլ հարցերում։ Այդպիսի փորձ մերձավորարևելյան երկրներում ունեցել ենք»,-ասում է Զալինյանը։

Նախարարության տվյալներով՝ Սփյուռքում գործող ամենօրյա հայկական դպրոցները 340–ն են։ Դրանցից 130-ը գործում են Վրաստանում, հաջորդիվ մերձավորարևելյան երկրներն են, հետո ԱՄՆ-ն, Թուրքիան։ Իսկ թե քանի մեկօրյա դպրոց է գործում, թիվը հստակ չէ, որովհետև դրանք հաճախ փակվում են, կամ բացվում են նորերը։ ԿԳՄՍ–ն մոտավոր թիվ է նշում՝ 250։ Դրանց մեծ մասն էլ գործում է Ռուսաստանի Դաշնությունում։

Back to top button