ԿարևորՔաղաքական

Հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում. Էդուարդ Աղաջանյան

ԼՂ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Աղաջանյանի խոսքով՝ Հայաստանը հետ քայլ չի անելու իր դիրքորոշումից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հարցի լուծմանը հավատարիմ մնալու տեսանկյունից:

«Այս հանգամանքը պետք է կարևորվի նաև մեր ներքաղաքական դիսկուրսում, որովհետև սա մի դիրքորոշում է, որը կիսում են միջազգային հանրության գրեթե բոլոր կարևոր սուբյեկտները, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրները, ԵԱՀԿ անդամ պետությունները: Սա կարևոր է հանգամանք է»,-ասել է Աղաջանյանը:

Անդրադառնալով սահմանային անվտանգությանը, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի սահմանին լարվածությանը, Ադրբեջանի զինուժի կողմից քաղաքացիական անձանց սպանություններին՝ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն օգտագործում է բոլոր հնարավոր գործիքակազմերը, որ դեէսկալացիա տեղի ունենա եւ նմանատիպ դեպքերը բացառվեն:

Պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանը չի արձագանքում ադրբեջանական «սադրանքին»՝ որի պատճառով չկայացան երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, Էդուարդ Աղաջանյանն ասել է, որ Հայաստանը որևէ բան չունի արձագանքելու տվյալ դեպքի առիթով։

«Երկու երկրների հանդիպումը տապալելու մասին իրենք են հայտարարել, ես դա չեմ ուզում մեկնաբանել»,-ասել է Աղաջանյանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ Ստոկհոլմում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը չի կայացել՝ հայ խորհրդարանականների Արցախ կատարած այցի պատճառով:

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Ստեփանակերտ է գործուղվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, դեկտեմբերի 3-ից 5-ը Ստեփանակերտում նախատեսված է համատեղ խորհրդարանական լսումներ։

Back to top button