ԿարևորՄիջազգային

Ուժեղ կին, ով սարսափում է շներից․ Մերկելի կանցլերության «դարաշրջանն» ավարտվեց

Մերկելի կանցլերյան կյանքի վերջին օրը նախատեսված է Բեռլինում՝ Գերմանիայի պաշտպանության նախարարության շենքի բակում։ Հյուրերի ցանկում կլինի 200-ից ոչ ավելի մարդ՝ համավարակի թելադրանքով։ Իսկ պաշտոնին հրաժեշտի արարողության երաժշտական մասը Մերկելի ընտրությունն է․ նախ՝ պանկռոք «Դու մոռացել ես գունավոր ֆիլմը», ապա շատ խորհրդանշական  «Ինձ համար կարմիր վարդերից պետք է անձրև գա» հիթերը։

Աշխարհում նրան հիշում են կոնկրետ բնորոշումներով

«Ազատ աշխարհի կանցլեր», «Ճգնաժամերի դարաշրջանի կանցլեր»․ համաշխարհային մամուլում այսպես բնորոշեց նրա կերպարը։ Երեխաներ չունի, բայց նրան հաճախ անվանում են «Գերմանական մայրիկ»։  «Երկաթե լեդի» անվանվող Մարգարեթ Թետչերի կողքին նրան բնորոշեցին որպես «Եվրամության Երկաթե Լեդի»։

Մերկելի կանցլերության «դարաշրջանում» նրան գնահատեցին այլ երկրների ղեկավարները

«Մերկելը կմնա պատմության մեջ որպես եվրոպացի մեծագույն քաղաքական գործիչ, ում հաջողվեց պահպանել Եվրախորհուրդը, չնայած այն բազմաթիվ ճգնաժամերին, որ մենք ապրել ենք»՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլլանդի ձևակերպումն է։

Մերկելն ի սկզբանե դեմ էր Մեծ Բրիտանիայի՝ Եվրախորհրդից դուրս գալուն։ Անգլիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը փաստել  է՝ հենց Մերկելին է հաջողվել պահպանել Եվրախորհուրդը դրա գոյության երբևէ ամենաբարդ շրջաններից մեկում։

Նրա դիվանագիտական հաջողությունների մասին Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը պատմել է այն ժամանակ մամուլին չհասած տեղեկությունները։ Ուկրաինայում ռազմական գործողություների հետևանքով վատացել էին Եվրախորհրդի ու Ռուսաստանի հարաբերությունները։ Մերկելը եզակիներից էր, ով չի ուզել ընդհատել Պուտինի հետ երկխոսությունը։

Եվրոպայի թիվ 1 կանցլերուհին՝ առանց ոճային հագուստի

Բրենդային խանութներից չօգտվեց, հիմնականում դիմեց դերձակի օգնությանը։ Կադրերում նորաձևությամբ երբեք չփայլեց։ Տանը օգնական չունի։ Կենցաղային գոծերը՝ սկսած լվացք միացնելուց, ամուսնու հետ են կիսում։

Միագույն, «քառակուսի» ու ոճաբանների կողմից հաճախ քննադատված հնաոճ պիջակները, որքան էլ տարօրինակ է, դարձան Մերկելի «այցեքարտը»։ Վառ կանաչ ու մանուշակագույն վերնազգեստը հաճախ աչք ծակեց։ Գույներ կան նաև Մերկելի ընտրած մեկ այլ երգի մեջ՝ նախատեսված կանցլերին հրաժեշտի արարողությանը։ Պանկ-ռոքեր Նինա Հայգենի՝ 1950-ականների «Դու մոռացել ես գունավոր ֆիլմը»։ Անգելա Մերկելը միշտ պանկ-ռոքի սիրահար է եղել։

Մերկելն իր բնակարանի սեփականատերը չէ

Կանցլերի համար նախատեսված ծառայողական բնակարանից Մերկելը հրաժարվեց։ Ամուսնու հետ բնակվում է բեռլինյան բազմաբնակարան շենքի 4-րդ հարկում՝ վարձակալությամբ։

«Քաղաքական» Մերկելի մասին

Եվրոպական ճգնաժամ, փախստականներ, կլիմայական հարցեր և կորոնավիրուսի համավարակ՝ Բունդեսթագում Անգելա Մերկելի առավել հաճախ բարձրացրած հարցերն են։ Ճգնաժամերը նրան հանգիստ չթողեցին։ Չնայած տարբեր քաղաքական հաջողություններին՝ նրա աշխատանքը միշտ չէ, որ միանշանակ է ընդունվել։

2015-ին Մերկելը որոշեց չփակել իր երկրի սահմանները սիրիացի փախստականների հոսքի առջև։ Որոշումը բողոքի ալիք բարձրացրեց։ Գերմանիայում նրան քննադատեցին նույնիսկ համակուսակցականները։

Մերկելի փողերի մասին

Գերմանիայի կանցլերի պաշտոնում տարեկան վաստակում էր 190 հազար եվրո, ևս 100 հազար եվրո վաստակում էր պատգամավորական գործունեության համար: Բացի այդ՝  նրան հատկացված էին հավելյալ միջոցներ ծառայողական ծախսերի համար:

Աշխարհի ամենաուժեղ կանանցից մեկը վախենում է շներից

Եթե ինչ-որ բան այս աշխարհում սարսափահար է անում Գերմանիայի կանցլերին, դա շունն է: Նրա ֆոբիայի պատճառով անվտանգության աշխատակիցներն անում են հնարավորը՝ նրա այցելության վայրերում բացառելու շների ներկայությունը։ Կարգը մի օր խախտվեց․ Պուտինի որոշումն էր։ Բարձրաստիճան հանդիպման ժամանակ հանկարծակի սենյակ է մտել Պուտինի շունը՝ Կոնին: «Շունը ձեզ չի՞ վախեցնում»,- հեգնել է Պուտինը: Մերկելին հաջողվել է զսպել նյարդային լարվածությունը։  Այդ հանդիպումից մեկ տարի անց Պուտինը Մերկելին փամփլիկ շնիկ է նվիրել։ Դիվանագիտական ակնա՞րկ։

Նրան հիացնում է Ամերիկան

Այս մասին Մերկելը խոստովանել է դեռ 2009թ ԱՄՆ կոնգրեսում։ «Ինձ միշտ գերել է ամերիկյան երազանքը՝ հաջողության հասնելու յուրաքանչյուրի հնարավորությունը, գնալ սեփական ճանապարհով, հավատալ և վստահ լինել սեփական ուժերին»,- ասել էր։ Երբ սառը պատերազմի «երկաթե վարագույրը» քանդվեց, Անգելա Մերկելը շտապեց իր երազանքը կյանքի կոչել:1990-ի ամռանը նա առաջին անգամ մեկնեց Կալիֆոռնիա։

«Չեմ մոռանա, թե ինչպես առաջին անգամ տեսա Խաղաղ օվկիանոսը: Դա ուղղակի սքանաչելի էր»,-հիշում է նա: Հայտնվելով իշխանության ղեկին` նա ստիպված էր պարզապես մոռանալ Կալիֆոռնիայի արևի մասին:

Մերկելը և Հայաստանը

2018թ օգոստոսին Հայաստան-Գերմանիա միջպետական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայի կանցլերը ժամանեց Երևան: Մերկելի այցը մամուլում հիշվեց որպես պատմական․ 27 տարի հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների ընթացքում առաջին անգամ էր կանցլերի մակարդակով այց կազմակերպվում Հայաստանի Հանրապետություն։

Երևանում Անգելը Մերկելը նախ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկ խոնարհելու: Եղավ նաև PicsArt ընկերությունում, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի հետ զբոսնեց երեկոյան Երևանում, իսկ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցից հետո խրախուսեց դրա մասնաճյուղի բացումը նաև Բեռլինում՝ Թումոն անվանելով Երևանի երկրորդ «դեսպանությունը» Գերմանիայում։

Back to top button