ԿարևորՀասարակություն

Դպրոցն ու մանկապարտեզը՝ մեկում․ ԿԳՄՍ-ն Սյունիքում նոր մոտեցում կկիրառի

Հայաստանի շուրջ 10 համայնքներում, որտեղ նախկինում դպրոցի տիպային շենքեր չեն եղել, շուտով նոր դպրոցներ կլինեն՝ ասում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Մասնավորապես, Արագածոտնի մարզի Լուսակն համայնքում 1960–ական թվականներից դպրոցը գործում է հարմարեցված կառույցում․ համայնքում երբեք դպրոցի տիպային կառույց չի եղել։ Ընթացիկ տարում Լուսակնում ու ևս 9 համայնքներում վերջապես դպրոցներ կլինեն։ Ժաննա Անդրեասյանը հիշեցնում է՝ դպրոցաշինությունը կառավարության հիմնական թիրախներից է։

«Խոսքը, մասնավորապես, 300 դպրոցի հիմնանորոգման և կառուցման, ինչպես նաև 500 մանկապարտեզի և նախադպրոցական ուսումնական հաստատության վերանորոգման, հիմնանորոգման և կառուցման մասին է։ Այս ուղղությամբ աշխատանքները ինտենսիվ ընթանում են»,– ասում է Ժաննա Անդրեասյանը։

Գործադիրը դեռ մայիսին ԿԳՄՍ նախարարության 2021թ բյուջեն ավելացրեց շուրջ 3 միլիարդ դրամով։ Գումարը նախատեսվում էր հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ մարզերում սովորողների փոքր համակազմ ունեցող 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցումը շարունակելու, ինչպես նաև 10 մոդուլային մանկապարտեզների շինարարության համար: Մասնավորապես, Արմավիրի մարզի Արևիկ համայնքում 144 սանի համար նախատեսված մոդուլային մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներն այս տարի կավարտվեն, իսկ 9 համայնքում նույն տիպի մանկապարտեզների կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերը կմշակվեն, կտրվի նաև շինարարական աշխատանքների մեկնարկը:

«Ունենք ինչպես մոդուլային դպրոցների կառուցման, այնպես էլ վերանորոգման և հիմնանորոգման ծրագրեր։ Օրինակ՝ ավագ դպրոցների հիմնանորոգման ծրագիր ունենք, որի շրջանակում 13 դպրոցի հիմնանաորոգում ենք իրականացրել, և սա համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված ծրագիր է։ Ունենք նաև պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագիր, որի շրջանակում հաջորդ տարի 8 ավագ դպրոցում կավարտենք հիմնանորոգման աշխատանքները»,– ասում է ԿԳՄՍ փոխնախարարը։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյան

ՀՀ-ում գործում է շուրջ 1000 նախադպրոցական հաստատություն, որից շուրջ 5 տասնյակը չի գործում․ այս մանկապարտեզների դռները փակվել են շենքային վատ պայմանների ու հարմարությունների բացակայության պատճառով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ուսումնասիրել է ու գույքագրել խնդիրները։ Ըստ հետազոտության արդյունքների՝ չգործող մանկապարտեզների ուղիղ կեսը հիմնովին, մի քանիսը՝ մասսամբ վերանորոգման կարիք ունի։ Մանկապարտեզներից շատերն էլ չեն գործում շահագործման համար անհրաժեշտ միջոցների, գույքի կամ ջեռուցման բացակայության պատճառով։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը նշում է․ օրենսդարական փոփոխություններ են նախատեսվում՝ դպրոցաշինության գործընթացն ավելի պարզեցնելու նպատակով։

«100–ից ավելի շինություններում հիմա տարբեր բնույթի, ինչպես օրինակ նախագծման, բուն շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Ունենք բազմաթիվ օբեկտներ, որոնք նախագծման փուլի մեջ են, կամ նախագծերի գնամ ընթացքի մեջ ունենք դպրոցներ։ Եթե խոսենք շինարարական աշխատանքների մասին, ապա ներկա պահին շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են արդեն շուրջ 30 հաստատություններում»։

2022-ին կմեկնարկի ևս 54 կրթական հաստատության շինարարություն։ ԿԳՄՍ փոխնախարարը հիշեցնում է Սյունիքի մարզում իրականացվող իր բնույթով նոր ծրագրի մասին։

«Մենք նախատեսում ենք Կապան խոշորացված համայնքի 31 գյուղական բնակավայրերի համար ստեղծել 13 արդիական ենթակառուցվածքներ, որոնք իրենց բնույթով լինելու են կրթահամալիրներ, այսինքն սրանք իրենց մեջ կներառեն թե նախադպրոցական, թե դպրոցական ծառայություններ»։

Կառավարության ծրագրերով մյուս կարևոր խնդիրը նաև գույքային ապահովման հարցն է։ Անդրեասյանն ասում է՝ գործադիրն ունի հաստատված ծրագիր, որով բոլոր դպրոցները շուտով բնագիտական նոր լաբորատորիաներ կունենան։ Այս պահին 335 ավագ դպրոց նմանատիպ լաբորատորիա արդեն ունի, առաջիկայում այդ թիվը կավելանա ևս 80–ով։

Back to top button