ԿարևորՀասարակություն

ՏՏ ոլորտը՝ դպրոցում․ «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցում եռակողմ հուշագիր է ստորագրվել

«Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցի սաները արդեն գրանցվել են ԱԹՍ պատրաստելու, դրոնաշինության և ծրագրավորման դասերին, որոնք այսուհետ ուսումնասիրելու են հենց սեփական դպրոցում։ Մասնավոր դպրոցում սովորում է 660-ից ավելի աշակերտ, դպրոցը հիմնադրել և ֆինանասավորում է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը։ Այսուհետ դպրոցի 7-18 տարեկան աշակերտները կարող են հաճախել ՏՏ ոլորտի խմբակներ։ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսիսյանի խոսքով՝ ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանի ապագայի և անվտանգության կարևոր պայմաններից է։ «Նպատակ ունենք հայտնաբերելու  տաղանդավոր երեխաներին»․

«Սա ծրագրերի սկիզբն է։ Մենք հիմա նախատեսում ենք դպրոցում նաև խելացի գյուղատնտեսության և էներգետիկային վերաբերող լաբորոտորիաներ բացել, որոնք հնարավորություն կտան երեխաներին այդ ոլորտներին ծանոթանալ դեռ դպրոցական տարիքից»,-ասում է Հարութ Ներսիսյանը։

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության, Imagine Hub by Soft-ի եւ Ավետիսյան դպրոցի միջև արդեն ստորագրվել է եռակողմ հուշագիր, որով տրվել է կրթական նոր ծրագրի մեկնարկը: Imagine Hub by Soft ընկերության տնօրեն Ինգա Վարդանյանի խոսքով՝ ծրագիրը նպատակ ունի տարբեր տարիքային խմբերի դպրոցական երեխաների համար կազմակերպել եւ իրականացնել ոչ ֆորմալ եւ ինտերակտիվ ծրագրավորման դասընթացներ: Imagine Hub by Soft ընկերության ֆինանսավորման շնորհիվ՝ հանձին ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանի, դպրոցում բացվելու են դրոնաշինության, ռոբոտաշինության, ինժեներիայի եւ ստարտափ ձեռնարկատիրության լաբորատորիաներ․

«Աշխարհը գնում է նրան, որ փոքր տարիքից կարելի է մտնել աշխատաշուկա, իսկ ծրագրավորումը, ՏՏ-ն այն ոլորտն է, որ աշխարհի ցանկացած կետից մարդը կարող է աշխատել։ Այս դպրոցում մենք կարողացանք ներդնել այս ծրագիրը, թեպետ ռիսկային է, որովհետև նոր ձևավորվող սերնդի հետ գործ ունենք։ Ես վստահ եմ, որ այս ծրագիրը ժամանակի ընթացքում մշտական դասընթացների շարքում է լինելու»,-նշում է Ինգա Վարդանյանը։

Դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի խոսքով՝ մեծ ոգևորություն կա աշակերտների և ծնողների շրջանում։ ՏՏ ոլորտի նմանատիպ խմբակներ երեխաները կարող են հաճախել հունվարից՝ սկսած 2-րդ դասարանից։ Դասընթացը համապատասխանեցված է  տարիքային խմբերին։ Տնօրենի խոսքով՝ հիմնական դասընթացավարները Soft Construct ընկերությունից են։ Նրանց աջակցելու են դպրոցի ուսուցիչները․

«Կրթական ծրագրերն այսօր կաղում են, իսկ աշակերտին գրավելու խնդիր կա։ Գրավել կարելի է տեխնոլոգիաներով, նոր կրթական մեթոդներով, ինչը այսօր Հայաստանում այքնան էլ բարձր մակարդակում չէ։ Մենք փորձում ենք փոխել մոտեցումներ»,-ասում է դպրոցի տնօրենը։

Կրթական ծրագրի հիմնադիրների խոսքով՝ ՏՏ ոլորտը դպրոց բերելու առաջին փորձն արված է։ Ծրագիրը շարունակական է։ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության եւ Imagine Hub by Soft-ի համագործակցության հաջորդ փուլը լինելու է Կարբի համայնքում նորարարական կենտրոնի ստեղծումը։

Back to top button