ԿարևորՀասարակություն

Հերոսներն անմահ են. նոյեմբերի 3-ը Դավիթի ու Հակոբ հիշատակի օրն է

Արցախի երկու հերոս անմահացան նույն օրը. Դավիթ Գրիգորյանը բարձրագույն պարգևը ստացել էր, երբ ողջ էր, իսկ Հակոբ Հարությունյանին այն շնորհվել է հետմահու:  Նոյեմբերի  3-ը նրանց հիշատակի օրն է: Դավիթ Գրիգորյանը հերոսաբար զոհվել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի պաշտպանության ժամանակ, իսկ Հակոբ Հարությունյանը ՝ Շուշիի մատույցներում՝ Սղնախում: Արմավիրի մարզի Սարդարապատ և Մյասնիկյան համայնքներում հերոսների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Դավիթ Գրիգորյանը Տնտեսագիտական համալսարանի ուսանող էր, երբ զորակոչվեց բանակ: Ուսանողական նստարանին հասցրեց նստել միայն մի կիսամյակ:  Գիտելիքների հարուստ պաշար ուներ, բայց ցուցադրվել չէր սիրում: Ընտանիքի կրտսեր զավակն էր՝ 2 քրոջ միակ եղբայրը: Քույրը՝ Հռիփսիմեն, չի կարողանում եղբոր մասին անցյալով խոսել. արցունքները խեղդում են: Կորուստ մեծ է, Դավիթն՝ անփոխարինելի:  Լուրը,  թե  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Դավիթին շնորհել է  «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը, ընտանիքին շատ չի ուրախացրել:  Հռիփսիմե Գրիգորյանն ասում է՝  իրենք մտածում էին պատերազմի ավարտի է ու Դավիթի  վերադարձի մասին.

«Բոլորը մեզ զանգում շնորհավորում էին, բարեմաղթանքներ էին ասում, ասում էին՝ հպարտացեք:  Մենք հպարտության զգացողություն ունեինք, բայց չէինք ուրախանում, սպասում էինք, թե երբ պետք է գար: Հոգու խորքում միշտ վախ ունեինք: Ինքը շատ կարևոր էր մեզ համար, բոլորս մեր տան մեջ Դավիթով ենք ապրում»:

Դավիթը ծառայել է հակատանկային գումարտակում: Պատերազմի ընթացքում 15 տանկ և մեկ   հետևակային մարտական մեքենա է ոչնչացրել,որի համար էլ արժանացել է «Արցախի հերոսի» կոչմանը: Տան մի անկյունը դարձել է Դավիթինը, չնայած նրա ներկայությունը ամենուր են զգում:

Արցախի մյուս հերոս Հակոբ Հարությունյանը ծնունդով Մյասնիկյանից էր, բայց ապրում էր Մոսկվայի մարզում: Սովորել է Երևանի օլիմպիական հերթափոխի ուսումնարանում, ապա Ռյազանի օդադեսանտային ակադեմիայում: Մայրը Մարգարիտա (Կարինե) Հարութունյանը պատմում է, որ  որդին հայրենիքը սիրել է  մանկուց: Մեծ պապերից լսել  է օսմանցու ոճրագործությունների մասին ու երազել վրեժխնդիր լինելու մասին:  Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը,  հազարավոր կիլոմետրեր հեռու էր Հայաստանից, բայց ընտանիքը թողեց Մոսկվայի մարզում ու շտապեց պաշտպանելու հայրենիքը: Մայրը հպարտությամբ է կրում որդու «Ոսկե արծիվ» շքանշանը.

«Արդեն սեպտեմբերի 28-ի լույս առավոտյան Հակոբն Արցախում էր: Նախորդ օրը եկել էր Մյասնիկյան, 100 հոգանոց կամավորների խումբ կազմել ու մեկնել Արցախ: Մեկ ամիս կռվել է Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ, իսկ երբ Շուշին էր վտանգված, նա 13 հոգանոց մահապարտների ջոկատով մեկնել է բերդաքաղաքը պաշտպանելու»:

Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, «Արցախի հերոս» Կարեն Ջալավյանն է  պատմում Հակոբի մասին: Ասում է՝ պատերազմի ընթացքում հանդիպել  են 3-4 անգամ, բայց տպավորվել է մոսկվաբնակ կամավորականի խիզախությամբ ու պատրաստակամությամբ:  Հակոբը  վճռականությամբ ու  համարձակությամբ մարտի  էր մղում ժամկետայիններին ու կամավորականներին: Առաջին հերոսությունը Մատաղիս-Թալիշ ուղղությամբ ընթացող մարտերում է գործել.

 «Հակառակորդին հաջողվել էր Մատաղիս-Թալիշ ուղղությամբ մխրճվել: Վտանգված էր հարևան զորամասը, որը կարող էր շրջափակման մեջ հայտնվել: Ովքեր ծանոթ են այդ տեղանքին, գիտեն, որ ընդամենը 2 կամուրջ է կապում աշխարհի հետ Թարթառ գետի վրա: Եթե հակառակորդին հաջողվեր հարձակողական գործողությունները շարունակել ու տիրել այդ 2 կամրջին, ապա  շուրջ 5000 մեր հայրենակիցներ շրջափակման մեջ կհայտնվեին: Իրականացվեցին մի քանի հարձակողական գործողություններ, որպեսզի իրադրությունը շտկվեր Թալիշ-Մատաղիս բնագծում: Այդ ռազմական գործողութունների ընթացքում իր ուրույն տեղն ունի նաև Հակոբը»:

Լեգենդար հրամանատարը պատմում է, նաև, որ իրենց  պաշտպանական դիրքերում զինուժի կորուստ քիչ են ունեցել՝ մինչև 10 զոհ, մինչդեռ հակառակորդը տվել է 400-ից ավելի զոհ, վիրավորներ և 2 ռազմագերի: Թշնամին հաջողություն չունենալով Արցախի հյուսիս-արևելքում՝ պլանավորել ու ճեղքել էր հարավային ճակատը: Նոյեմբերի սկզբին վտանգված էր Շուշին: Հրամանատարն այդ ուղղությամբ 60 հոգուց համահավաք ստորաբաժանում է կազմավորում և ուղարկում բնագիծ: Հակոբը նրանց մեջ էր.

«Բոլորը գիտեն՝ ով տիրում է Շուշիին, նա տիրում է Ղարաբաղին, եթե կորցնենք Ղարաբաղը՝ կկորցնենք Սյունիքը, եթե կորցնենք Սյունիքը՝ կկորցնենք Հայաստանը: Վերադաս հրամանատարությունից զորամասը խնդիր ստացավ կազմել համահավաք ստորաբաժանում և գործուղել մարտադաշտի հարավային ուղղություն: Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերն էր, երբ հակառակորդը մոտենում էր Շուշիի մատույցներին և խումբը պետք է մեկներ Շուշիի Սղնախ բնագիծ, այդ թվում՝ Հակոբը: Բոլորից պահանջեցի միաձև հագուստ կրել, որպեսզի անտառում հակառակորդի հետ  չշփոթեն: Շարք կանգնեցրի՝ վերջին հրահանգները տալու ստորաբաժանմանը: Միայն Հակոբն էր համազգեստի խախտմամբ ներկայացել, վերնազգեստը՝ քաղաքացիական հագուստ էր: Պահանջեցի փոխել, այլախես չի մասնակցի  գործողությանն ու դուրս կգա շարքից: Նա պնդեց, թե այս հագուստն իր թալիսմանն է, բայց ես անդրդվելի մնացի ու ստիպեցի փոխել զինվորական համազգեստով: Իմ տեղակալներից մեկի ձմեռային բաճկոնը տվեցի, հագավ, բայց մեքենա նստելիս հասցրել էր իր շորը վերցնել»

Հակոբը նահատակվել է թշնամու  հետ դեմ-դիմաց մարտերում: Նրան հետմահու  «Արցախի հերոսի» կոչում է  շնորհվել: Հակոբի մարմինը դուրս է բերվել  զոհվելուց 3 ամիս անց ու հողին հանձնվել հայրենի գյուղում: Նրա հիշատակին ծաղիկներ է խոնարհել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Արցախի գոյության համար բոլոր սերունդներն են պատրական, որոնք ապրելու են Արցախում և Հայաստանում»,- ասել է Արցախի նախագահը.

«Ես հավատում եմ, որ մեր հայրենիքը ունի լուսավոր ապագա: Շատ-շատ հաղթանակներ դեռ առջևում են: Ես Հակոբին կենդանության օրոք չէի ճանաչում, բայց այսօր, կարծես, ճանաչում եմ ծնված օրից, որովհետև շփվում եմ նրա ծնողների, ընկերների, հարազատների  հետ: Տեղեկություններ եմ հավաքել նրա մարտական ուղու  և ապրած տարիների մասին: Հակոբը լեգենդ է և մենք պետք է Հակոբի նման կերպարներով դաստիարակենք մեր հետագա սերնդին»:

Հերոսի հշատակին Մյասնիկյան գյուղի կենտրոնում տեղադրվել է խաչքար: Խաչքարի կողքին մյասնիկյանցի 12 զոհերի անուները հիշատակող հուշաքարն է:  Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան.

«Մյասնիկյանն իր ուրույն դերն ունի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության սուրբ գործում: Պատերազմի արդյունքում համայնքից ունեցանք 12 զոհ: Մենք պարտավորվում ենք շարունակել նրանց կիսատ թողած գործը: Փառք ու պատիվ մեր բոլոր եղբայրներին, հավերժ հիշատակ»:

Հերոսների մասին դեռ կխոսվի:   Մյասնիկյանում դրված  խաչքարի կողքին  գյուղի հերոսների լուսանկարներն են՝ ժպտուն հայացքներով:

Back to top button