ԿարևորՀասարակություն

«Հայինկասացիա»-ի նախկին աշխատակցիները դիմել են դատարան. ընկերությունը տարիների չվճարած պարտք ունի

2020 թվականին կառավարության որոշմամբ  «Հայինկասացիա» ՓԲԸ-ն լուծարվել է: Ընկերության 30-ից ավելի աշխատակիցներ դիմել են դատարան: Պնդում են՝ աշխատել են սահմանված աշխատաժամանակից ավելի ու չեն վճարվել, ինչի հետևանքով «Հայինկասացիան» պարտքեր է կուտակել: Նախկին ինկասատորների շահերը ներկայացնող փաստաբանը վստահ է, որ հայցը բավարարվելու է:

«Հայինկասացիա» ՓԲԸ-ի մի խումբ նախկին աշխատակիցներ դատական կարգով պահանջում են ավել աշխատած ժամանակի դիմաց չվճարված աշխատավարձերը: Մարտին Մարիկյանն ինկասատորի 45 տարվա ստաժ ունի, որից 30-ը՝ «Հայինկասացիա» ՓԲԸ-ում: «Մենք տարիներով աշխատանքային թրաֆիքինգի ենք ենթարկվել»,- ասում է: Մեր գործն այժմ «Արարատինկասացիա»-ն է անում, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին: «Հայինկասացիա»-ի անգործ մնացած 200 աշխատողից 20-ն աշխատանք են գտել Արարատինկասացիայում: Շատերն անգործ մնալով՝ ստիպված արտագաղթեցին: Մարտին Մարիկյանին «Հայինկասացիա»-ն շուրջ 17 մլն. դրամ է պարտք․

«30 տարվա ընթացքում իրանք մեզ անընդհատ աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկել: Մենք աշխատել ենք 12, նույնիսկ  24 ժամ, գիշերն եկել, մնացել ենք ճանապարհին։ Աշխատել ենք շատ, վարձատրել են 7 ժամի դիմաց: Մեզ, որպես զենք կրողների, իբր երկժամյա ընդմիջում է հասնում: Մենք ընդմիջում չենք արել ընդհանրապես: Ինձ, օրինակ, 17 միլիոն են պարտք: Կալանքի տակ ա մեր հիմնարկի գույքը, ունենք ուղղաթիռ, ունենք վարչության շենք, ավտոպարկ՝ Երևանում: Սուքիասյանն «Արարատինկասացիա» ունի, նախկինում էլ իրար հետ աշխատել ենք, բայց մենք առանձին կազմակերպություն ենք: Նոր իշխանության հետ կազմակերպեցին, որ լուծարվի «Հայինկասացիան»: Վանաձորի ինկասացիայի տղեքից մի 4 ընտանիք արտագաղթել են»։

««Հայինկասացիա»-ի լուծարումը քաղաքակա՞ն քայլ էր, թե՞ այլ պատճառ կար»,-հարցնում եմ զրուցակցիս: «Միանշանակ՝ քաղաքական էր»,-ասում է նախկին ինկասատորը:  «Հայինկասացիա»-ում վստահեցրել են, թե վնասով են աշխատում, դրա համար են լուծարում: «Լուծարված հիմնարկի հաշվեկշռում, սակայն, գույք կա, բացի այդ, մեր հիմնարկի անունով բավական լուրջ ավանդներ կան, թող վճարեն: Կասկածներ ունեն, որ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանի «մատը խառն» է: Լսել են, որ Ջավադյանն իրենց ավտոպարկի տարածքում շինարարություն է սկսելու»,- ասում է Մարտին Մարիկյանը.

«Ջավադյանը՝ նախկին ԿԲ տնօրենը, իբր ուզում է էդտեղ շինարարություն անի, շենքեր կառուցի, ինչ անի, նման խոսակցություններ կան:  «Հայբիզնեսբանկ»-ում ունենք 860 մլն.դրամ ավանդ, չգիտեմ էլ որ բանկում 2,5 մլն. դոլար ունենք, ավանդ կա դրած մեր հաշվին»:

Վանաձորցի Վահան Մարդանյանն էլ է «Հայինկասացիա»-ի հնաբնակներից: 35 տարի պատվով ծառայել է: Ասում է․ «Դժվարին պայմաններում ենք աշխատել, սահմանվածից ավել: Այնպես չի որ շահույթ չուներ մեր հիմնարկը, թե ինչո՞ւ լուծարեցին, չհասկացանք»: Գործընկերներից շատերն են արտագաղթել, ինքն էլ տաքսի է վարում.

«Հնարավոր չէր դա փակեին, որովհետև էս հիմնարկությունը «դախոդ» բերող հիմնարկություն էր, ու էսօրվա դրությամբ մի 200 հոգի Երևանով, Գյումրիով, Սևանով, Դիլիջանով, մնացին դռանն՝ առանց աշխատանքի: Ոնց որ մեր գործը վերցնեն, տան ուրիշի, էլի, էդպես եղավ: Մենք պետք է ժամը 5-ին տանը լինեինք, բայց պատահել  է, եղանակը շատ վատ է եղել, ու մենք մնացել ենք մինչև ժամը 12-ը: Ճանապարհներին մնալով, տանջվելով աշխատել ենք սաղ կյանքներս: Մի 17 միլիոն մենակ ինձ են պարտք»:

Դատարանում նախկին ինկասատորների շահերը ներկայացնում է «Կոնտրա լեգեմ» փաստաբանական ընկերությունը: Ընկերության ղեկավար, փաստաբան ԱլեքսանդրԿոչուբաևի խոսքով՝ խախտվել են աշխատանքային պայմանագրի մի շարք կետեր: Հայցով դատարանից պահանջում են պարտավորեցնել «Հայինկասացիա»-ի լուծարային հանձնաժողովին վճարել սահմանվածից ավել աշխատաժամանակի դիմաց:

«Ըստ իրենց աշխատանքային պայմանագրի՝պետք է աշխատեին 5 ժամ, աշխատել են 12, 13, 16 ժամ: Մի կողմից աշխատանքային պայմանագրով ունեցել են  2 ժամ հանգստի իրավունք, մյուս կողմից՝ ինկասացիայի ղեկավարության ներքին ակտերով արգելված է մեքենայից դուրս գալը: Արդյունքում նրանք 2 ժամ էլ ընդմիջում չեն արել: Մենք վերցրել ենք ամենանվազ ժամաքանակը, որն ավել են աշխատել հայցվորները, և ևս 2 ժամ, որ երբեք, 98-ից մինչ ազատման օրը, նրանք ընդմիջման իրավունքից չեն օգտվել: Մտել ենք դատարան՝ պահանջելով 4 ժամ արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարված աշխատավարձի գումար»: 

«Հայինկասացիա»-ն ընդունում է պահանջը, ավելին՝ լուծարումից հետո հայտարարել է, թե բոլոր պարտատերերն իրավունք ունեն որոշակի ժամկետում ներկայացնել իրենց պահանջները: 33 աշխատակիցներն էլ օգտվել են այդ իրավունքից: «Հայինկասացիա»-ն, սակայն, դատարան է ներկայացրել անընթեռնելի փաստաթղթեր: ԱլեքսանդրԿոչուբաևը դրանում միտում է տեսնում․

«Միանշանակ, այդպես է, որովհետև անընթեռնելի տրվել է և՛ մեզ, և՛ դատարանին: Հայինկասացիան ներկայացրել է անընթեռնելի, քսերոքսի արդյունքում ընդհանրապես սևացած փաստաթղթեր, որոնք ընթերցել հնարավոր չէ: Դատարանը նրանց պարտավորեցրել է ներկայացնել ընթեռնելի ապացույցներ։ «Հայինկասացիա»-ի լուծարային հանձնաժողովի ներկայացուցիչը դատարանում հայտարարել է, որ պահանջը հիմնավոր է, սակայն մեզ առաջարկում է ներկայացնել  հիմնավոր թիվ: Ակնհայտ է, որ բավարարվելու է, խոսքը 330 մլն դրամի մասին է, նույնքան էլ կալանք կա դրված «Հայինկասացիա»-ի գույքի վրա»:

Կոչուբաևին, այդուհանդերձ, պարզ չէ նման կենսունակ, շահույթով աշխատող կառույցին՝ «Հայինկասացիա»-ին լուծարման տանելու որոշումը: Կենտրոնական բանկի նախագահից ստացածպատասխանից ու փաստաթղթերից երևում է, որ լուծարված «Հայինկասացիա»-ի գործառույթները պատվիրակվել են «Արարատինկասացիա»-ին, որն էլ, ըստ միանգամայն հիմնավոր տեղեկությունների, պատկանում է իշխող ուժի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։ Տպավորություն է, թե խնդիր է եղել այդ գործառույթը տալ «Արարատինկասացիա»-ին: «Լուծարման  որևէ օբյեկտիվ չափանիշ, համենայն դեպս, չկա»,-պնդում է Կոչուբաևն ու առանձնացնում դրվագներ, որոնք հաջողվել է կանխել.

«Դատավարության ընթացքում բազմաթիվ չարաշահումների փորձեր արվեցին, որոնք մեր կողմից կանխարգելվեցին: Տեղեկություն ստացանք, որ պատերազմի օրերին ինկասացիայի մեքենաներ են ուղարկվում ռազմաճակատ, սակայն 20 գրում, 5-ը ուղարկում են: Մենք տեսանք, որ էդ ինկասացիայի մեքենաները հայտնվել են ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ։ Փորձ է արվել նաև գույքի կալանքի պայմաններում հիմնադրամի միջոցով գումար հանել «Հայինկասացիա»-ից։ Փորձերն, իհարկե, կանխվել են:  Ամենամտահոգիչն այս գործընթացում՝ թե ինչո՞ւ որոշվեց «Հայինկասացիա»-ն տանել լուծարման»:

Տվյալ պահանջի ապացուցողականությունը դրվում է պատասխանող կողմի վրա,-ասում է փաստաբանը։ «Մնում է, որ իրենք իրենց փաստաթղթերով հերքեն մեր ներկայացրած հաշվարկը»: Կոչուբաևի խոսքով՝ կա 2 տարբերակ. կամ «Հայինկասացիա»-ն ներկայացնելու է իր հաշվարկը, որը քիչ է տարբերվում իրեն ներկայացրածից, կամ հայցը բավարարվելու է՝ իրենց հաշվարկի հիմքով։ Փաստաբանը վստահ է՝ փոխհատուցում լինելու է։ Ինչ վերաբերում է «Հայինկասացիա»-ի լուծարման հետ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ունեցած կապին, դեռ անցյալ տարի Սուքիասյանի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր այդ լուրերը:

Կենտրոնական բանկը ևս մամուլին տված պարզաբանումներում նշել էր, որ  «Հայինկասացիա»-ի լուծարումն սկսվել է ընկերության միակ բաժնետիրոջ որոշմամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով: Մեջբերում ենք «լուծարումն ընկերության գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձի անցնելու: Ուստի՝ ընկերության լուծարման նպատակով ձևավորված է լուծարային հանձնաժողով, որի կողմից իրականացվում է ընկերության լուծարումը: Գործարար Խաչատուր Սուքիասյանն ընկերության լուծարման հետ կապ չունի» մեջբերման ավարտը:

Back to top button