ԿարևորՀասարակություն

Գործատուի պահանջներն ու ուսանողի գիտելիքները չեն համապատասխանում․ աշխատանքի տոնավաճառ՝ տնտեսագիտականում

Բուհում ստացած գիտելիքներն ու գործատուի պահանջած հմտությունները չեն համապատասխանում, արդյունքում՝ ուսանողն աշխատանք փնտրելիս կանգնում է խնդրի առաջ։ Միասնական սոցիալական ծառայության աշխատանքային ներուժի զարգացման և մասնագիտական կողմնորոշման բաժնի պետ բաժնի պետ Արտակ Կարապետյանի խոսքով՝ իրենց ուսումնասիրությունը պարզել է, որ տնտեսագիտության ոլորտում ամենամեծ պահանջարկն ունեն բանկային գործի և մենեջմենթի մասնագետները։ Արձանագրել են նաև, որ բոլոր մասնագիտացումների դեպքում գործատուի պահանջներն ավելին են, քան բուհում ստացած գիտելիքներն ու հմտությունները։ Արտակ Կարապետյանն աշխատանքային տոնավաճառի՝ նախարարության տաղավարում պատասխանում էր ուսանողների հարցերին՝ ինչպե՞ս աշխատանք գտնել,  ի՞նչ մասնագետների կարիք ունի  աշխատաշուկան։

«Շատ մասնագիտացումներն կան, որոնք խնդրահարույց են։ Մեր նպատակն է հիմա ուղղություն տալ ուսուցանող կազմակերպությունների, կլինեն դրանք բուհեր, թե միջին մասնագիտական կազմակերպություններ, թե ինչի կարիք ունի աշխատաշուկան, այսինքն՝ մեր նպատակն է նաև վեր հանել աշխատաշուկայի իրական պատկերը, որովհետև գործատուների պահանջը բարձր է, այնպիսի հմտություններ ու գիտելիքներ են պահանջում, որը չի համապատասխանում ուսանողի ստացած կրթությանը»,-ասում է Արտակ Կարապետյանը։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում աշխատանքի տոնավաճառ է արդեն երկրորդ անգամ։ Նպատակն ուսանողներին գործատուների հետ հանդիպելու հարթակ տրամադրելն է, բայց տոնավաճառը բաց է բոլոր այն մադրկանց համար, որոնք աշխատանք են փնտրում՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է ԲՈՒՀ-ի ռեկտոր Դիանա Գալոյանը։

«ՀՊՏՀ կրթական ծրագրերի բարեփոխումները ենթադրում են, որ մենք պիտի գնանք այն պահանջների ուղղությամբ, որոնց ներկայացնում են գործատուները։ Այսօր ուսանողները հնարավորություն ունեն ներկայանալ գործատուներին, որոնք 50-ից ավելի են։ Մաստեր կլասներ ենք ունենալու՝ ինչպես կազմել CV-ներ, ինչպես ներկայանալ հարցազրույցների։ Այսպիսի հանդիպումների արդյունքում գործատուների հետ մեր կապը սերտանում է»,-ասում է Դիանա Գալոյանը։

Սիրանուշ Գալոյանը սովորում է համալսարանի ֆինանսական ֆակուլտետի երրորդ կուրսում։ Մասնակցել է նաև աշխատանքի նախորդ տոնավաճառին։ Դրանից հետո ընկերություններից մեկում փորձաշրջան է անցել՝ ձեռք բերելով գործնական հմտություններ։

«Եկել եմ աշխատանքի կամ նորից փորձաշրջանի հնարավորություն ստանալու համար։ Հիմնականում բանկեր ու վարկային կազմակերպությունների եմ դիմել, այս անգամ 3 բանկի և երկու վարկային կազմակերպության եմ իմ ինքնակենսագրականաը փոխանցել»,-ասում է ուսանողուհին։

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի խոսքով՝ այս փուլում բուհում քննարկում են կրթական ծրագրերը փոփոխելու, լրացնելու ու բարելավելու հարցերը։  Փոփոխություններ անպայման լինելու են՝ ասում է։  

«Հաճախ ենք խոսում այն մասին, որ բուհերը կտրված են աշխատաշուկայից։ Սա լավագույն  հարթակն է հասկանալու, թե գործատուները ինչ պահանջներ ունեն, որպեսզի մենք էլ հետագայում կարողանանք այնպես կրթել ուսանողներին, որպեսզի ապագայում նրանք հավուր պատշաճի ներկայանան գործատուներին և կարողանան աշխատանք գտնել»,-ասում է Դիանա Գալոյանը։  

Հիմնական պահանջների շարքում լեզուների իմացությունն է՝ ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ մեր կադրերը ոչ միայն տեղում, այլև Հայաստանի սահմաններից դուրս մրցունակ լինեն։ Աշխատանքի տոնավաճառի ընթացքում աշխատանք փնտրողներին նաև տեղեկացնում են, որ աշխատանք գտնելու հնարավորություններ կան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Գործարկվել է «Աշխատանք առանց սահմանների» էլեկտրոնային որոնողական համակարգը, որի նպատակն է զբաղվածության ոլորտում զարգացնել ԵԱՏՄ անդամ-երկրների փոխհամագործակցությունը։ Միության  երկրներում առկա թափուր աշխատատեղերին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել https://workforall.am/  կայք:

Back to top button