ԿարևորՎերլուծական

Թեհրան-Բաքու մեսիջների «պատերազմ»՝ աճող լարվածության ֆոնին

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները հանդիպում են տարածաշրջանում բավականին լարված իրավիճակում։ Լայնածավալ զորավարժություններ Իրանում՝ Ադրբեջանի հետ սահմանին, զորավարժություններ Ադրբեջանում՝ նաև թուրքական զինված ուժերի հետ համատեղ։ Առաջիկայում ևս մեկը նախատեսվում է   հոկտեմբերի 5-8-ին Նախիջևանում՝ «Անսասան եղբայրություն-2021» խորագրով, նպատակը ցամաքային զորքերի միջև բարեկամության, համագործակցության զարգացումն է», պաշտոնապես նշում են Ադրբեջանի ՊՆ-ից։ Զորավարժություններին զուգահեռ փոխադարձ հայտարարությունների պակաս ևս չկա, և այս ամենը՝ տարածաշրջանային օրեցօր թեժացող իրավիճակում։

Իրանն ու Ադրբեջանը դեռ դիվանագիտական հեռավար բանավեճի մեջ են՝ միմյանց հակադրվելով բարձր մակարդակի պաշտոնական մեսիջներով։ Դեմ առ դեմ հանդիպում դեռ չի եղել։ Քաղաքական ու զինվորական շրջանակներից հնչող զգուշացնող-սաստող հայտարարությունների պակաս չկա։ Այդպիսիք հնչեցին նաև Իրանի հոգևոր շրջանակից։

Իրանի հոգևոր առաջնորդ  Այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել տարածաշրջանի երկրներին՝ պահպանել իրենց անկախ բանակները, նաև նախազգուշացնելով՝ ովքեր մոլորության մեջ են, թե կողմնակի ուժերը կարող են ապահովել իրենց անվտանգությունը, շուտով ապտակ կստանան: Պարզապես «պատրանք» է՝ ապահովել անվտանգությունը՝ հենվելով արտաքին ուժերի վրա՝ ասել է նա՝ հորդորելով տարածաշրջանի երկրներին հետևել Իրանի օրինակին ուժի և ռացիոնալության առումով: Ըստ նրա՝ որոշ պետություններ պետք է թույլ չտան, որ օտար բանակները միջամտեն կամ ռազմական ներկայություն ունենան տարածաշրջանում՝ սեփական շահերը պաշտպանելու համար: «Կարևոր փորձությունների ընթացքում Իրանի ԶՈւ-ն ապացուցել է, որ ունակ է ապահովել երկրի անվտանգությունը՝ ինչպես սահմանների, այնպես էլ ներքին անվտանգությունը»,- ասել է Ալի Խամենեին:

Բոլոր այս զարգացումների ընթացքում Իրանից հնչող ազդակներն ուղիղ և անուղղակի ուղղվում են Իրանի սահմաններին մոտ ամրացող Բաքվին․ Սյունիքի հարցում Ադրբեջանի տարածքային նկրտումները Թեհրանում հենց իրենց ուղղված ռիսկ են գնահատում։ Բայց Իրանի քաղաքական մեսիջները նաև Բաքվի միջոցով իր սահմաններին մոտիկ ամրացող Իսրայելին են հասցեագրվում։

Իրանի խորհրդարանի պատգամավորներն համատեղ հայտարարությամբ աջակցություն են հայտնել երկրի հյուսիս-արևմտյան սահմաններին «Հայբարի նվաճողները» զորավարժությանը՝ մեկ անգամ ևս շեշտելով՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն, հարևան երկրների սահմանների փոփոխություն Իրանի «կարմիր գիծն» է, և Թեհրանն օտարների գործողություններին պատասխանելիս չի հապաղելու։ Իրանի խորհրդարանականները շեշտում են՝ չեն  հանդուրժելու, որ որևէ երկրի տարածք սիոնիստական ռեժիմի գործունեությանը ծառայի։ «Արաքսի երկայնքով զորավարժության անցկացումն իշխանության ու խաղաղության ուղերձ է և նախազգուշացում է սիոնիստական ռեժիմին»,-ասվում է հայտարարությունում։ Իրանի ԱԳՆ-ն կոչ է անում պատգամավորների նախազգուշացումը փոխանցել Կովկասում դերակատար կառավարություններին։ Կոնկրետ դերակատարների անուններ չեն տրվում, բայց Իրանն արդեն դիվանագիտական դաշտում անցել է զգուշացնող ձևակերպումների։ 

Այս լարված իրավիճակում իրանական որոշ զլմ-ներ լուրեր են տարածում, թե Հայաստանը ներքաշվել է հակաիրանական դավադրություններում․ խոսքը մի շարք երկրների կողմից կոալիցիայի ստեղծման մասին է, որը Իրանն իր դեմ դավադրություն է որակում։ ՀՀ վարչապետ Փաշինյանն այս տեղեկությունը անհիմն է որակում․

«ՀՀ երբեք ներքաշված չի եղել ու չի լինի Իրանի դեմ դավադրություններում։ Մեզ համար կարևոր հարաբերություններ են»։

«Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա, որ Իրանը 90-ականներին եղել է Հայաստանի համար կյանքի ճանապարհ»,- ասաց ՀՀ վարչապետը՝ հստակեցնելով, որ  Հայաստանը խոշոր նախագծեր ունի Իրանի  հետ եւ խնդրել է արագացնել այդ նախագծերի իրագործումը։

Իրանի դեմ դավադրություններում Հայաստանի ներգրավված լինելու հարցին անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ու նշել, որ թեև չի կարող հստակ ասել Հայաստանը ներգրավված է այդ գործերում թե ոչ, սակայն նաև հակառակի հարցում վստահ չէ։

«Չեմ կարող ասել ներքաշված է իրանական դավադրության մեջ։ Բայց այս իշխանությունները ներքաշված են ինչ որ բաների մեջ։ Չկա վստահություն որ չեն ներքաշված։ Բայց որ կա ԱՄՆ-ի հետ Իրանի նկատմամբ կա Իրանին մեկուսացնելու ջանքեր դա այդպես է։ Վատ է որ իրանական կողմը այդ ընկալումն ունի։ Դա ձևավորվել է քո վարքագծի պատճառով»։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստաննայս տարածաշրջանում եղանակ ստեղծող չէ, այլ պասիվ և վատ սպասելիքների մեջ գտնվող երկիր է։

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, հաշվի առնելով Իրանի շուրջ ստեղծված լուրջ լարվածությունը, ռազմական գործողություններն անխուսափելի է համարում, բայց նաև վստահ է, թե ուժերի «նժարը» որ կողմ կթեքվի։

«Իրանը կջախջախի դավադրության մասնակիցներին։ Իրանին ոչ ոք չի կարող զսպել, ուզում է գնան բողոքեն Պուտինին»։

Ինչպես հայտնի է՝ Իրանը նաև պաշտոնապես բողոքել է Ադրբեջանում իր դեսպանատան շենքի վրա հարձակման հարցով։ Բաքվում Իրանի դեսպան Աբաս Մուսավին ասել է, որ Թեհրանը լրջորեն հետամուտ կլինի Իրանի դեսպանատան վրա հարձակման գործին, մինչև հնարավոր լինի պարզել հանգամանքները:  Այս ընթացքում աշխարհը հետևում է տարածաշրջանում ավելացող լարվածությանը, իսկ հայաստանյան քաղաքագիտական շրջանակներում զգուշացնում են՝ այս զարգացումները պարզապես Հայաստանի կողքով չեն անցնելու։ 

Back to top button