ԿարևորՀասարակություն

Որքա՞ն ենք ծախսել ու խնայել համավարակի ընթացքում․ աշխարհում և Հայաստանում միտումները տարբեր են

Ինչպե՞ս են կորոնավարակն ու պատերազմն ազդել սպառողի վարքագծի վրա. աշխարհում սպառողներն ավելի խնայող են դարձել, մեր երկրում՝ սկսել են ավելի շատ ծախսել։ Հետազոտությունը պարզել է, որ  սպառողների 65 տոկոսի սպառողական վարքագիծը փոխվել է, 25 տոկոսինը՝ ոչ, 10 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: Մեկ տարվա ընթացքում հարցվածների 45 տոկոսի  ֆինանսական վիճակը  փոխվել է,   49 տոկոսի վիճակը կայուն է, 6 տոկոսինը լավացել է։ Մեկ այլ հետազոտությամբ էլ պարզ է դարձել, թե որքան են ծախսել հայերը սննդի վրա:

Համավարակն ու պատերազմը կտրուկ ազդել են հայ սպառողի վարքագծի վրա: Փոխվել են  ծախսերը, խնայողությունները, անգամ՝ կերակրացանկ։ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտական կենտրոնի  սննդի ռիկսերի էկոկենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը լոքդաունի օրերին հայ սպառողների վարքագիծը տարօրինակ է համարում։

Նրանք են փորձել պարզել՝ ինչ են կերել հայերն այդ օրերին և որքան.

«Մարդկանց սննդակարգում հստակ բացասական դինամիկա ենք արձանագրել։ Բացասական ազդեցությունը գրանցվել էր և՛ կայուն եկամուտ ունեցող ընտանիքներում, և՛ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներում։  Ցածր եկամուտ ունեցող ընտանքիները սկսել էին ավելի շատ մակարոն ու հաց սպառել։ Էականորեն կրճատել էին միրգ-բանջարեղենի, լոբազգիների, մսի ու կաթնամթերքի  օգտագործումը։ Համատարած սահմանափակումների փուլում  կայուն եկամուտ ունեցող ընտանիքները  ավելի շատ սկսել էին սպառել քաղցրավենիք, գազավորված ըմպելիքներ, ադի-բուդի ու «ֆասթֆուդ»»,- ասում է Պիպոյանը։

«ֆասթֆուդ»-ի պահանջարկը մեծացել է ամբողջ աշխարհում։ Նկատվել է ևս մեկ միտում. աշխարհում մարդիկ սկսել են ավելի շատ կուտակել կամ ավելի խնայող են դարձել։  Moody’s-ի տվյալներով՝  ճգնաժամն ամբողջ աշխարհում մարդկանց թույլ է տվել կուտակել $5,4 տրիլիոն կամ համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 6%-ը, որից մոտ $2 տրիլիոնը բաժին է հասնում ԱՄՆ-ի բնակչությանը:

Moody’s-ի փորձագետներն ակնկալում են, որ լրացուցիչ խնայողությունները հետաձգված պահանջարկի հետ միասին կհանգեցնեն սպառողական ծախսերի կտրուկ աճի ամբողջ աշխարհում:  Եթե սպառողները ծախսեն իրենց խնայողությունների գոնե մեկ երրորդը, ապա դրանք կավելացնեն համաշխարհային արտադրության ծավալն ավելի քան 2 տոկոսային կետով՝ ինչպես 2021թ.-ին, այնպես էլ հաջորդ տարի, նշում են գործակալության տնտեսագետները: Խնայողությունների ամենամեծ ծավալը բաժին է ընկնում զարգացած երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին եւԱրեւմտյան Եվրոպային, որտեղ իշխանություններն ավելի հաճախ արգելափակումներ էին դնում եւ բնակչությանն աջակցող միջոցներ տրամադրում:

Սպասվում է, որ ամենաշատը կաճեն ամերիկացի, ամենաքիչը՝ բրիտանացի սպառողների ծախսերը: Հայաստանում պատկերն այլ է՝ սկսել են ավելի շատ ծախսել։ «Ամբերդ»  հետազոտական կենտրոնի   ուսումնասիրության համաձայն՝  Հայաստանում սպառողների գերակշիռ  մասը  սկսել է  ավելի շատ ծախսել՝ 66.7 տոկոսը, 19 տոկոսը՝ խնայել, 14.3-ի  վարքագծում էլ ոչինչ չի փոխվել ։  Ծախսերը հիմնականում ուղղվել են դեղորայքին, բժշկական ծառայություններին, պաշտպանիչ միջոցների ձեռք բերմանը։ Անցած մեկ տարում Հայաստանում փոխվելէ  նաև սպառողական վարքագիծը։ Մեծացել է ծխախոտի վրա ծախսվող գումարի չափը, շատ չծխողներ սկսել են ծխել։ Հարցվողների 9 տոկոսի ծախսերում ալկոհոլային խմիչքի ձեռքբերման ծախսերը նույնպես ավելացել են:

Հետազոտության հեղինակ Թերեզա Շահրիմանյան․«Միֆ է, թե իրականություն, չեմ կարող ասել, բայց շատերն ասում են, որ սկսել են ծխել՝  համավարակից պաշտպանվելու համար։ Բացի այդ, հարցվողներն իրենց ծախսերում ավելացրել են նաև ալկոհոլի, հատկապես գարեջրի ձեռք բերմումը՝ իբրև հակասթրեսային միջոց»։

Հայաստանում սպառողների 19 տոկոսը սկսել է խնայել։  Թերեզա Շահրիմանյանն ասում է, որ խնայող սպառողները երկու խմբի են բաժանվում.

«Առաջինը խնայողները նրանք են, ովքեր վաղվա օրվա հանդեպ ունեին մեծ անորոշություն, մյուս խմբի խնայողների համար որոշիչ են եղել քովիդի սահմանափակումները»։

Եվս մեկ միտում. Հայաստանում սպառողները սկսել են ավելի շատ օգտվել տաքսիներից և  ավելի քիչ՝ հանրային տրանսպորտից՝ վախենալով համավարակի  տարածումից։  Համավարակի սահմանափակումները նոր մշակույթ  ձևավորեցին հայ սպառողների շրջանում։  Նրանք սկսեցին ավելի շատ  էլեկտրոնային առևտուր անել։ Աճը կազմում է  մոտ   70 տոկոս։ Առևտրի այս տեսակից սկսել են օգտվել նաև   կենսաթոշակառուները: Թերեզա Շահրիմանյանը մանրամասնում է.

«էլեկտրոնային առևտրի հետ միաժամանակ լայն տարածում է գտել մի նոր ձևաչափ՝ «սև խանութները» («darkstores»)։ Ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերում խանութներ են ձևավորվել, որոնք  խանութ չունեն, մատակարարի ֆունկցիա են կատարում։ Իրենք որպես միջորդ են հանդես գալիս։ Սա ունի ևս մեկ առավելություն՝ չունեն աշխատող, տարածք չեն վարձակալում, այս դեպքում արդեն ապրանքի գինը կարող է ավելի ցածր լինել, ինչը ցանկալի է սպառողի համար»։

Համավարակի ընթացքում մի շարք ոլորտներ  դադարեցրել էին իրենց գործունեությունը, իսկ որոշ մասնագիտությունների համար, պարզվում է, եկամտաբեր ժամանակներ էին.

«Օրինակ՝ տնայց բուժքույրական ծառայությունը, պահանջարկը առաջարկին չէր բավարարում։ Գները շատ բարձրացել են, նախկին  2 հազար դրամի փոխարեն քովիդի շրջանում մեկ այցը   3-10 հազար դրամի սահմանում է  տատանվել։ Պարզեցի նաև, որ սգո ծառայությունների գործն է դարձել եկամտաբեր»։

Անկախ ծախսածի ու խնայածի հարաբերակցությունից՝ մասնագետները հիշեցնում են՝ քովիդը դեռ չի նահանջել, ուստի, պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները։

Back to top button