ԿարևորՄշակույթ

Մահացել է վաստակավոր արտիստ Անահիտ Թոփչյանը

Մահացել է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ, կինոյի և թատրոնի հանրահայտ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը, հայտնում են Կինեմատոգրաֆիստների միությունից։ 

«Անահիտ Թոփչյանի տաղանդն ու հմայքը բազում սիրված դերեր են թողել հայկական թատրոնի և կինոյի ժառանգությունում: Դերասանուհին երկար տարիներ խաղացել է Երևանի ամենասիրված թատրոններից՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, թատրոնի  աշխարհում կերտելով մնայուն ու արժեքավոր բազմաթիվ կերպարներ:

Անահիտ Թոփչյանի տաղանդն ու շնորհները փայլել են նաև հայկական կինոյում և նա վայելել է հանդիսատեսի սերն ու համակրանքը:

Անահիտ Թոփչյանը հաջողությամբ ստեղծագործել է նաև գրական ժանրում, ժամանակակից հայ գրականությունը հարստացնելով ինքնատիպ ստեղծագործություններով»,- նշում են Կինեմատոգրաֆիստների միությունից։ 

Լիլի Բել, «Տարօրինակ միսս Սևիջը» հեռուստաներկայցումում, 1973թ

Անահիտ Թոփչյանը ծնվել է 1947 թվականին օգոստոսի 21-ին, Արթիկում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության բաժինը։ 1967-1991 թվականներին աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Խաղացել է ավելի քան 100 դեր կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում և թատրոնում։ 1990 թ. հիմնադրել է հեղինակային թատրոն, որի շրջանակներում հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում (Ֆրանսիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Գերմանիա, Կանադա, Լիբանան, Սիրիա, Կիպրոս)` լինելով թատերական բեմադրիչ, տեքստի հեղինակ, դերասան և գեղարվեստական ղեկավար։ 

1990 թվականից տպագրվում է հայ, ռուս և օտար մամուլում՝ հանդես գալով հրապարակախոսական, արվեստաբանական հոդվածներով և գեղարվեստական արձակով։ 1991 թվականից բնակվում է Փարիզում, որտեղ 1992 թվականից տպագրվել է «Ռուսական միտք» շաբաթաթերթում և այլ թերթերում, ամսագրերում։ Ունի բազմաթիվ թարգմանություններ՝ կատարած ֆրանսիական գրականությունից։ Նրա պատմվածքները թարգմանվել են ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն, հունարեն, վրացերեն։ Հեղինակել է «Lady S.D.F.», «Հայելի», «Մենախոսություն գժանոցից», «Անհասցե տիկինը» ժողովածուները, «Անհետացում», «Տագնապ» վեպերը։ 2012 թվականին նրա «Մարաթոն» պատմվածքը բեմադրվել է Փարիզի Դ.Միյոյի անվան թատրոնում։

2010 թվականին պարգևատրվել է «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակով՝ «Անհետացում» վեպի համար։

Անահիտ Թոփչյանը գրող Ալեքսանդր Թոփչյանի կինն է։ Ալեքսանդր Թոփչյանը մահացել էր այս տարվա սեպտեմբերի 3-ին։ 

Back to top button