ԿարևորՔաղաքական

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «փակ չէ» Հայաստանի հետ բանակցությունների համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն այսօր ասել է, որ իր երկիրը «պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններին», բայց հավելել, որ Երևանը քայլեր պետք է ձեռնարկի դեպի Նախիջևան «միջանցք» բացելու ուղղությամբ՝ հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը:

«Մենք փակ չենք Հայաստանի հետ բանակցությունների համար, կբանակցենք», — օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը:

«Հուսով եմ, որ այնտեղ ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումը կգերակշռի», — ասել է Թուրքիայի նախագահը:

«Տա Աստված, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրը հաղթահարվի միջանցքների բացմամբ», — նշել է Էրդողանը:

Ելույթ ունենալով սեպտեմբերի 8 -ին կառավարության նիստում ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է»:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին վերջին հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն և մենք պատրաստ ենք նման խոսակցության»:

Միևնույն ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ «Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց»: Նա շեշտել է, որ «ո՛չ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ վերաբերելի կետում, ո՛չ հունվարի 11-ի հայտարարության մեջ չկա որևէ «միջանցք» արտահայտություն կամ սահմանում»:

Back to top button