ԿարևորՀասարակություն

Իրանցի վարորդները սպասում են․ մեքենաների շարքը ձգվում է մի քանի կիլոմետր

Հայաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպման հարցը քննարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպման ընթացքում  Դուշանբեում: Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝  քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Իրանը տարբեր առիթներով բազմիցս հայտարարել է, որ կարևորում է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և վերագործարկումը, ինչը կնպաստի առկա տնտեսական ներուժի իրացման ծավալների ավելացմանը: Սակայն արդեն 6 օր  Գորիս-Կապան ճանապարհի Որոտան գյուղին հարող  հատվածում ադրբեջանական անցակետ է գործում, որը Իրանից Հայաստան մտնող բեռնատարների վարորդներից գումարներ է պահանջում։

Իրանցի ավտովարորդների մեծ մասը հրաժարվում է վճարել պահանջվող գումարը։ Ճանապարհի այդ հատվածում կանգնած ավտոմեքենաների շարքը արդեն հասնում է 3 կմ–ի։ Ավտովարոդներից շատերը, կուտակումներից խուսափելով, նախընտրում են մինչեւ հարցի կարգավորումը  սպասել Կապանում։ Իմ գործընկեր Արմեն Դավթյանն է ուրբաթ վաղ առավոտյան հանդիպել իրանցի ավտովարորդներին։

«Ախպեր ջան, չայ, չայ» Իրանցի ավտովարորդներն են առավոտ վաղ հրավիրում մեզ թեյ խմելու։ Արդեն 6 օր նրանք Կապանի Սյունիք բնակավայրում կայանել են բեռնատարները, սպասում են, թե ինչպես կլուծվի Գորիս–Որոտան ճանապարհին ադրբեջանական անցակետի ու իրենցից՝ ադրբեջանական  կողմից  գումար գանձելու հարցը։

«Փող ուզում ա 130 դոլար, փող չունեմ։ Ադրբեջանն է ուզում։ Գործատուս ասում է՝ ես չեմ կարող տալ, դու պիտի տաս»։ «Ռադիոլուրի» զրուցակիցը իրանցի Ալի Մոլահին է։ Արդեն 3 օր  Սյունիք բնակավայրում կայանել  է բեռանատարը։ Այնքան գումար չունի, որ հասնի Երևան ու հետ գա Իրան։ Խնդիր է նաև սննդի հարցը։

«Սնունդ դեռ  ունեմ, փողն է քիչ մոտս։ Եթե հաց չունենամ, ընկերներ ունեմ, կկերակրեն։ 260 դոլար ես որտեղից  տամ։ Պարսկաստանի փողով, գիտես ինչքան է, միլիոն, միլիոն»։

31-ամյա Մուսատաֆայի վերջին կանգառը Երևանն է, բայց հասել է Կապան ու մնացել այստեղ։ Մտածում է՝ Որոտանում կանգնելու փոխարեն այստեղ կսպասի։ Մուստաֆայի գործատուն այս անգամ խնդիրը լուծել է։

«Շեֆս 5000 դոլար է ուղարկել 20 մեքենայի համար։ Գործ ուղարկողն ու գրուզ ստացողը պիտի պայմանավորվեն իրար հետ, տեսնեն ինչ անեն։ Էստեղ մնացել ենք, գործի տերերը պիտի լուծեն»։

Իրանցի ավտովարորդներին առաջարկվում է երթևեկել Տաթև-Աղվանի այլընտրանքային ավտոճանապարհով։ Հրաժարվում են․ ոչ թե չեն ցանկանում, այլ ճանապարհը դեռ կառուցվում է  ու հարմար չէ պարսկական մեծ բեռնատարների  համար։ Մուստաֆա Մուհամեդ․

«Անցյալ անգամ էդ ճանապարհով եմ գնացել։ Չեմ կարողացել, հետ եմ եկել։ Պտույտները չեմ կարողանում վերցնել։ Վտանգավոր է, ձմեռը  ընդհանրապես չենք կարողանալու»։

Զրույցին Ալի Մոհալին է միանում։ Իր բեռնատարը չափերով համեմատաբար փոքր է, բայց էլի վտանգավոր է համարում այդ ճանապարհով երթևեկելը։

«Ճանապարհը նեղ է, ես ապակի եմ տեղափոխում, քարքարոտ է, վախենում եմ՝ ջարդվի ապակին։ Ավելի լավ է հետ գնամ Պարսկաստան»։

Այնուամենայնիվ, ովքեր համարձակվում են երթևեկել այլընտրանքային՝ Երևան–Տաթև–Աղվանի ճանապարհով  ու խնդիրներ  են ունենում, նրանց օգնում են ճանապարհաշինարարները՝ պարսկական բեռնատարների վարորդներին  մեքենաները դուրս բերելով  այլընտրանքային ճանապարհի ոչ բարեկարգ այն հատվածներից, որտեղից հնարավոր չէ շարունակել երթևեկը։ 

Պարսկահայ Խոսրովը մի քանի տարի առաջ է Կապան տեղափոխվել։ Սյունիք բնակավայրում է ապրում և աշխատում։ Եռակցող է։ Ուժերի ներածին չափով օգնում է իրանցի վարորդներին, ի դեպ նա մեզ էլ օգնեց թարգմանության հարցում։ Իր դիտարկումներն ունի․ մտածում է, որ գործատուներն իրենք պիտի վճարեն վարորդներից  գանձվող գումարները։ Յուրաքանչյուր ուղերթ 15 օր է տևում․ այսպես որ շարունակվի, իրանցի ավտովարորդների սնունդն էլ չի բավարարի՝ ասում է։

«Քնում են իրենց ավտոմեքենաներում։ Մարդ կա իր հետ հաց չի բերել, ընդհանարապես 15 օրվա համար իրենք միշտ հաց վերցնում են, քանի որ Պարսկաստանում հացը էժան է, իսկ Հայաստանում թանկ»։

35-ամյա Յուսատաֆան, որը մեզ թեյ էր  հյուրասիրում, արդեն 7 տարի Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռներ է տեղափոխում։ Նման խնդրի երբեք չի բախվել։

«Կարծում եմ՝ պիտի Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարները քննարկեն և որոշեն, գտնեն ձևը։ Այսպես չի կարող շարունակվել։ Եթե ես Մեղրիի մաքսակետում գումար եմ մուծում, էլ ինչու պիտի ադրբեջանցիներին մուծեմ»։

Իրանցի ավտովարորդները սպասում են դեսպանատան պատասխանին։ Հակառակ դեպքում մտադիր են որպես բողոքի ակցիա  փակել Երևան-Մեղրի միջպետական Մ2 ճանապարհը։ Ի դեպ, նրանցից շատերը խնդրում էին իրենց չլուսանկարել։ Օրեր առաջ իրանցի երկու վարորդ էր  ձերբակալվել. ընկերները վախենում են իրենց լուսանկարների հրապարակումից ։

Back to top button