ԿարևորՀասարակություն

Միացյալ Էմիրությունների երջանկության մեխանիկան․ ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ Սալամի

ԱՄԷ-ն  աշխարհում միակ երկիրն է, որն ունի Երջանկության ու հանդուրժողականության նախարարություն։ Այս տարի ԱՄԷ-ն նշում է անկախության 50-րդ տարին։ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար  տիկին Ահլամ Ռաշիդ ալ Սալամին «Ռադիոլուրի» հետ զրույցում բացահայտել է իր երկրի հաջողության գաղտնիքները։

Մասնագիտացել էր կառուցապատման և ճարտարապետության ոլորտում։10 տարի աշխատել  Արաբական Միացյալ  էմիրություններում, իսկ 2018 թ․-ից տիկին Ահլամ Ռաշիդ ալ Սալամին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատարն է։ 

Պատմում է, որ ճարտարապետության ոլորտում հաջողություններ գրանցել է, բայց դիվանագիտական աշխատանքը միշտ ավելի է հետաքրքրել։ Մագիստրոսի աստիճանն ստացել է հենց դիվանագետի որակավորմամբ։ Հարցնում եմ՝ ինչպես է արաբական աշխարհում  ընկալվում կին դիվանագետը։

 «Էմիրությունների քաղաքակրթության ճանապարհը կիսատ կլիներ, եթե   չլիներ  էմիրաթցի  կնոջ կենտրոնական դերը՝ որպես երկրի զարգացման  գլխավոր գործընկեր։  2020 թ-ի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գենդերային հավասարության զեկույցում ԱՄԷ համաշխարհային մակարդակում զբաղեցրել է 18-րդ,  իսկ արաբական աշխարհում՝ առաջին հորիզոնականը։ ԱՄԷ-ում մշտապես կարևորվել է կնոջ դերը հատկապես պաշտպանության, տիեզերագնացության, էներգետիկայի ոլորտներում։ Դիվանագիտական ասպարեզում, միջազգային հարթակներում նույնպես կանայք կարևոր դեր ունեն»։

Այսօր Էմիրությունների դիվանագիտական  կորպուսը   9   կին աշխատակից ունի։  Ամեն տարի  օգոստոսի 28-ին, երբ  նշում են Էմիրաթցի կնոջ օրը, մեծարում են  նրան ու շեշտում՝  կինը մրցակից  է  բոլոր ոլորտներում։ 

ԱՄԷ-ն  այս տարի նշում է անկախության  50-ամյակը։ Ընդամենը 5 տասնամյակի ընթացքում  այս երկիրը  հասցրեց գրավել աշխարհը։ Տիկին Ահլամ Ռաշիդ ալ Սալամին բացում է հաջողության գաղտնիքներից մի քանիսը։ Ասում է՝  հաջողության  ենք  հասնում, քանի որ գիտելիքը վերածում ենք գործի, իսկ գիտությունը՝ աշխատանքի։

«Մարդկային գործոնը երկրների կառուցման հիմնաքարն է։Մենք անում ենք այն, ինչ ասում ենք, ու սա է Էմիրությունների  հաջողության  գաղտնիքը»։

Զրուցակիցս ասում է ՝ Հայաստանում աշխատելու 3 տարիների ընթացքում հայ և արաբ ժողովուրդների միջև ավանդույթների, մտածելակերպի  ընդհանրություններ է նկատել։ Անկեղծանում է՝ բացարձակ դժվար չի եղել քրիստոնյա երկրում դիվանագիտական գործունեություն ծավալելը։

«Երկու ժողովուրդներն էլ աչքի են ընկնում հյուրասիրությամբ ու բարությամբ, ընտանիքը համարում են բարձրագույն արժեք։ Քրիստոնյա երկրում դժվարության չեմ հանդիպել, քանի որ էմիրությունները առաջնորդվում է մշակութային բազմազանության, կրոնների ազատության ու հանդուրժողականության սկզբունքներով։ Իսկ հայերը հյուրասեր ու խաղասեր ժողովուրդ են»,-ասում է զրուցակիցս։  

Այսօր Էմիրություններում հայկական մեծ համայնք կա․ երկրում 8000-ից ավելի հայ է ապրում։ Տիկին Ահլամ Ռաշիդ ալ Սալամին նշում է, որ ակտիվ ու հաջողակ համայնքներից մեկն է։ Ասում է՝ մինչև  Հայաստանում  հավատարմատար նշանակվելը Հայաստանի մասին արդեն որոշակի պատկերացում ուներ։

 «Գիտեի, որ տարածաշրջանի   կարևոր   երկրներից է,  ու արդեն 20 տարուց ավելի մեր հարաբերությունները շատ ամուր են ու բարեկամական։ Հայկական խոհանոցին նույնպես ծանոթ եմ, ուտեստները շատ մոտ են արաբական քիմքին ու սիրված են արաբների կողմից։ Ու շատ էմիրաթցիները գալիս են Հայաստան՝ վայելելու  այս գեղեցիկ օդն  ու համով ուտելիքները»։

Զրույցի ավարտին խոսում ենք երջանկությունից։ ԱՄԷ-ն միակ երկիրն է, որն ունի «Երջանկության ու հանդուրժողականության» նախարարություն։ Հարցնում եմ՝ օգնո՞ւմ է երջանիկ լինելուն։

«Կառավարության քաղաքականության ծրագրերից  է ունենալ երջանիկ հասարակություն։ Եվ Երջանկության  նախարարության հիմնելու նպատակը հենց դրան է միտված»։ 

2012-ից ՄԱԿ-ն ամեն տարի  հրապարակում է Երջանկության համաշխարհային զեկույցը և կազմում երկրների սանդղակը։ Արաբական էմիրությունները, ըստ ՄԱԿ-ի սանդղակի, Մերձավոր Արևելքի երջանիկ երկրներից է։

Back to top button