ԿարևորՀասարակություն

Օհանավանի, Ուշիի և Կարբիի բնակիչները դեմ են խոշորացմանը․ գործընթացի ավարտին կունենանք 78 համայնք

Մինչև տարեվերջ Հայաստանում կլինեն 78 համայնքներ, որոնցից 71-ը՝ ձևավորված  խոշորացման արդյունքում։ 6 համայնք, որտեղ բնակվում են ազգային փոքրամասնություններ,  ենթակա չէ խոշորացման, խոշորացման ոչ ենթակա մյուս համայնքը Երևանն է։

Խոշորացվող համայքների շարքում է Օհանավանը, որը միավորվելու է Աշտարակի հետ։ Համայնքի բնակիչները դեմ են խոշորացմանը և բողոքի ակցիաներ էին կազմակերպել Ուշի-Օհանավան խաչմերուկում․ ակցիաները բնակիչները դադարեցրել են ժամանակավորապես։ «Ռադիոլուր»-ի զրուցակիցը Օհանավանի բնակիչ Արտյոմ Նավասարդյանն է․

«Հարյուր տոկոսով համայնքի բոլոր բնակիչները դեմ են խոշորացմանը, մենք հետևել ենք խոշորացված համայնքների փորձին, որը ցույց է տալիս, որ ծաղկում են միայն մեծ գյուղերը, մնացածը շատ վատ վիճակում են, Ապարանի տարածաշրջանի, Շիրակի մարզի խոշորացված գյուղերից տեղեկություն ունենք։ Այս ամենը տեսնելով՝ Կարպին, Օհանավանը և Ուշին դեմ են խոշորացմանը, չի գտնվի 1 մարդ, որ ասի կողմ ենք, որ կենտրոնը լինի Աշտարակը, հետո ի՞նչ, որ քաղաք է, մենք էլ՝ գյուղ, մենք ավելի մեծ ենք անգամ»,-ասում է համայնքի բնակիչը։

Մտավախությունները, թե խոշորացված համայնքում զարգանում է միայն կենտրոնը, փորձում է ցրել Աշոտ Գիլոյանը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Նա Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետն է։ Վստահեցնում է, որ մինչև հիմա խոշորացված համայնքները միայն շահել են, համայնքը մեծ է, թե փոքր՝ զարգացել է հավասարաչափ․

«Համայնքները, միավորվելուց, դառնում են ավելի գրագետ կառավարելի, ավելի զարգացած։ Առաջ փոքր գյուղերից դժգոհում էին, թե գյուղում հասարակ ծառայություններ չունեն, ստիպված գյուղի բնակիչները, ձգտելով ավելի հարմար և բարեկեցիկ կյանքի, հեռանում են գյուղից։ Խոշորացման դեպքում հնարավորություններ են ստեղծվել, և մի շարք նոր ծառայություններ են ներդրվել փոքր համայնքներում»,-ասում է Աշոտ Գիլոյանը։

Աշոտ Գիլոյանը օրինակ է բերում Լոռու մարզի Աթան գյուղը, որը խոշորացվել է Թումանյան համայնքի կազմում։ Գյուղապետարանի շենքի սենյակները վերանորոգվել են, կահավորվել և վերածվել մանկապարտեզի, ինչից գյուղի երեխաները տարիներով զրկված են եղել։ Խոշորացման արդյունքում լուծվել են համայնքների լուսավորության, խմելու ջրի հարցերը․ «Գրեթե բոլոր համայնքներում լուծված է աղբահանության խնդիրը»,-ասում է Գիլոյանը։  Եթե խոշորացված համայնքներում պատկերն այսպիսն է, ինչու են Օհանավանի բնակիչները անհանգստանում իրենց սպասվող հեռանկարից․ նախարարության ներկայացուցիչը տարակուսած է․

«Ճիշտն ասած՝ չեմ հասկանում, թե ինչու են բողոքում, խոշորացման արդյունքում միայն շահում է համայնքը։ Իրազեկվածության խնդիր էլ չկա, վստահեցնում եմ, որովհետև եթե նմանատիպ ծրագրեր այլ երկրներում անում են թռիչքային ձևով, մենք իրականացրինք պիլոտային տարբերակով՝ տարիների ընթացքում, որպեսզի բնակիչներն էլ արդյունքերին ծանոթանան»,-ասում է Աշոտ Գիլոյանը։

Աշոտ Գիլոյանի խոսքով՝ մտավախության առիթ չկա։ Խոշորանալուց հետո էլ բոլոր համայնքները շարունակում են ունենալ վարչական ղեկավար և օպերատոր, որոնց հետ տվյալ գյուղի բնակիչը կարող է իրականացնել, օրինակ՝ փաստաթղթաշրջանառության հարցեր, և կարիք չի լինի հասնել համայնքի կենտրոն։ «Ավագանու կազմում էլ, գուցե, ոչ բոլոր համայնքներից ներկայացուցիչներ լինեն, բայց դա չի նշանակում, որ տվյալ համայնքի շահերը չեն պաշտպանվելու, և խնդիրները չեն քննարկվելու»,- վստահեցնում են նախարարությունից։ Այսուհանդերձ, Օհանավան, Կարբի և Ուշի գյուղերի բնակիչները անդրդվելի են․

Բնակիչներն ասում են՝ իրենց համայնքներն ունեն բոլոր ծառայությունները, խոշորացված չեն, բայց գոհ են ամեն ինչից։ Կառավարությունն, իհարկե, խոստանում է, որ խոշորացումից հետո ավելի լավ է լինելու, բայց գործընթացից դժգոհողները չեն հավատում խոստումներին։ Մինչև օրվա վերջ՝ նրանք կսպասեն հանդիպման պատասխանատուների հետ, հանդիպում չեղավ՝ կշարունակեն բողոքի ակցիաները։

Back to top button