ԿարևորՀասարակություն

COAF-ի նոր ծրագիրը՝ Հացիկի սոցիալական խնդիրների լուծման գրավական

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը Արմավիրի Հացիկ գյուղում բացել է երեխայի և ընտանիքի ծառայությունների կենտրոն։ Այստեղ գործելու են լոգոպեդի, հոգեբանի, սոցիալական աշխատողի սենյակներ, մանկան զարգացման անկյուն: Սա  ծառայությունները մեկտեղելու  առաջին փորձն է: Կենտրոնից կօգտվեն նաև հարևան համայնքների երեխաները:

Արդեն 17 տարի՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը Արմավիրի մարզի 8 գյուղերում կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրեր է իրականացնում: Համայնքներում ծառայությունները մատուցվում են՝ գնահատելով  բնակչության կարիքները, հստակեցնելով թիրախային խմբերը։ Ծրագրերի կենտրոնում երեխաներն են։ Լոգոպեդի, հոգեբանի, սոցիալական աշխատողի ծառայություններն առանձին-առանձին գործում են  հիմնադրամի բոլոր շահառու համայքներում։  Հացիկում բացված կենտրոնում դրանք միավորվել են:  Պատմում է COAF-ի գյուղական ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանը․

«Մենք  ունենք երեխայի և ընտանիքի ծառայությունների թև՝ ներառում է  սոցիալական աշխատողի, հոգեբանի, լոգոպեդի ծառայություններն ու  մանկան զարգացման անկյունը: Այս կենտրոնն աննախադեպ է, քանի որ մենք միավորում ենք այս բոլոր ծառայությունները մեկ տանիքի տակ: Հուսով ենք, հաջողելու դեպքում կրկնապատկել թիվը, այնուհետև բոլոր գյուղերում ունենալ այսպիսի կենտրոններ»:

Կենտրոնում կարևոր  է հատկապես սոցիալական աշխատողի դերակատարումը.նրա գործունեությունն առավել ընդգրկուն է՝ աշխատում է ոչ միայն երեխաների, այլև ընտանիքների հետ: Սոցիալական աշխատողի ինստիտուտը ներդրվել է նաև պետական կառույցներում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցում էր կենտրոնի բացմանը։ Նա հույս հայտնեց, որ համայնքահեն ծառայությունների համագործակցությամբ կհաջողվի գյուղերում սոցիալական խնդիրներ լուծել։ Ոլորտի բարեփոխումները ընթացքի մեջ են.

«Մենք ունենք մի շարք ռեֆորմներ, որոնց նպատակն է համայնքահեն ծառայությունների միջոցով նպաստել սոցիալական խնդիրների լուծմանը: Վերջերս, ավելի քան 50 համայնքերում, մենք ստեղծել ենք միասնական սոցիալական ծառայություններ: Ես շատ կցանկանայի, որ նմանատիպ կենտրոնները սերտ համագործակցության մեջ լինեին մեր միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ: Միասին  ավելի արդյունավետ կաշխատեն և կլուծեն սոցիալական խնդիրները»:

Հացիկում, գրեթե 30 տարի, մանկապարտեզ չի գործում. երեխայի և ընտանիքի ծառայությունների նոր կենտրոնը լրացնելու է տարիների բացը։ Համայնքի 3-6 տարկան երեխաները կհաճախեն Կենտրոնի մանկան զարգացման անկյուն։ Ծնողները մեծ ակնկալիքներ ունեն.

«Պարզապես, ուզում ենք, որ մեր երեխաները մասնակցեն, որովհետև մանկապարտեզ չունենք, ուզում ենք, որ մեր երեխաներն ամեն ինչից գաղափար կազմեն: Մեր հոգսը թեթևանում է, մենք էլ ուրախանում ենք՝ տեսնելով նրանց  մասնակցությունը   տարբեր հետաքրքիր ծրագրերում»։

« Մեր երեխաների հետ աշխատելու են տարբեր մասնագետներ, նրանք  լինելու են ավելի զարգացած, իմանալու են շատ ավելին, քան գիտեն, գրագետ խոսք են ունենալու»:

Կենտրոնի  մասնագետներն ու երեխաները ծանոթացել են իրար:

Հացիկից բացի, երեխայի և ընտանիքի ծառայությունների կենտրոնը կընդունի նաև հարևան գյուղերի երեխաներին: Երեխաների ու ընտանիքների հետ կաշխատեն մասնագետները:

Ավելի վաղ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը COAF-ի հետ համագործակցության նոր հուշագիր էր ստորագրել ։ Փակագծերը շատ չեն բացում, բայց հայտնի է, որ հուշագիրը ֆինանսական մեծ ներդրումներ է բերելու.

«Պետք է նշեմ, որ COAF -ի ջանքերի շնորհիվ շատ կարևորագույն աշխատանք տարվեց նաև ֆինանսական միջոցների հայթայթման վերաբերյալ: Տեխնիկական հարցերով  մեծ ծրագրի մասին է խոսքը, եթե գործընկերներս կցանկանան՝ կմանրամասնեն, եթե ոչ՝ առաջիկայում պաշտոնապես հանդես կգանք»:

Մինչև  այս ծրագիրը կբացահայտեն, COAF –ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը բարձրաձայնում է Լոռու Դեբետ գյուղի շինարարական ծրագրերի մասին.

«Այս պահի դրությամբ Լոռու մարզի Դեբետ համայնքի վրա ենք կենտրոնացած: Այնտեղ բավականին մեծ հեղաշրջում է գնում՝ ենթակառուցվածքների առումով: Շուտով Դեբետ համայնքում կկառուցվի շրջանի ամենամեծ դպրոցը: Նախատեսված է, իհարկե, մանկապարտեզ և ճանապարհաշինություն: Դպրոցը լինելու է 300 աշակերտական տեղով, իսկ մանկապարտեզը 80 երեխայի համար: Կրթական ոլորտում այս երկու հաստատությունները հաստատ Դեբետում կլինեն»:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը գործունեությունը սկսել է Արմավիրի մարզից և հիմա աշխատում է 5 մարզի 64  գյուղերում: Արդյունավետ համագործակցության համար մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալագրեր է հանձնել COAF -ի աշխատակիցներին:

Back to top button