ԿարևորՄշակույթ

Աղձքում նախաքրիստոնեական շրջանի գտածոներ են հայտնաբերվել․ բացառիկ նմուշների ցուցահանդեսը՝ սեպտեմբերի վերջին

Վերջին մի քանի ամսում Աղձքի դամաբարանում նորից պեղումներ են իրականացվում։ Դրանց արդյունքում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել։ «Մեկն իսկական գյուտ է»,-ասում է հնագիտական արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը․

«Թևավոր խաչեր կրող կոթողներ ենք հայտնաբերվել, որոնք ներառված չեն ուղղանկյան մեջ, ինչպես դասական խաչքարերն են։ Աղձքի կրաբետոնե խարիսխներում հայտնաբերել ենք այդպիսի խաչաքանդակ, որը ժամանակին ներկված է եղել կարմիր ներկով»։

Նման խաչքարեր Հայաստանի ողջ տարածքում հայտնաբերվել են՝ մեկը՝ Դվինում, մեկն էլ՝ Երերույքում, — նշում է հնագետը։ Դամբարանադաշտում հնագիտական պեղումների արդյունքում բացվել է նախաքրիստոնեական ժամանակաշրջանով թվագրվող նոր շերտ։ Զրուցակցիս գնահատմամբ՝ սա ևս բացառիկ է, որովհետև նախաքրիստոնեական փաստագրական նյութը շատ ուսումանսիրված չէ։ Այստեղ գտնվել են նաև հելլենիստական և վաղ Սասանյան շրջանի կառույցներ, կոթողներ, հարթաքանդակներ։ Դրանց վրա, մասնավորապես, պատկերված են եղել վագրեր ու խոյեր։ Նախաքրիստոնեական այս շերտում հայտնաբերվել է նաև 6 հոր․

«Ըստ էության՝ այս հորերի մեջ ամփոփվել է հեթանոսական շրջանի հավերժական կրակի մոխիրը, որովհետև ըստ  այդ ժամանակների, մոխիրը չէր կարելի ուղղակի հողին շաղ տալ, այն կարող էր հողի աղտեղություններին խառնվել, իսկ դա կարթնացներ աստվածների զայրությը։ Ըստ երևույթին, այս շերտի բացահայտումն ուղղակի բացառիկ է, որովհետև այս շերտը բացարձակապես խաթարված չէ և երբեք չի ուսումանսիրվել, առաջին անգամ է բացվում»։

Առաջին անգամ դամբարաններում, նաև Աղձնիքում, պեղումներ իրականացվել են 1973 թվականին, զրուցակիցս այդ պեղումներին մասնակցել է որպես ուսանող։ Հակոբ Սիմոնյանն ասում է՝ դեռ սպասում է, որ մինչև սեպտեմբերի վերջ՝ հնագիտական պեղումների ավարտը, բացառիկ գտածոներ կհայտնաբերեն։ Սեպտեմբերի 25-ին, «Եվրոպական ժառանգության օրեր»-ի առթիվ, ԿԳՄՍ նախարարությունը և պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը ցուցահանդես են կազմակերպելու։ Հենց կենտրոնի հնագիտական արշավախումբն էլ պեղումներ է իրականացնում Աղձքում։

Ցուցահանդեսում ներկայացվող որոշ նմուշներ այսօր ռադիկարբոնային հետազոտության են ուղարկվել՝ նախաքրիստոնեական շրջանի հստակ թվագրությունը ճշտելու համար։ Ցուցահանդեսի մուտքը կլինի ազատ։  Սիմոնյանի խոսքով՝ կունենանք եզակի  հնարավորություն՝ տեսնելու նախաքրիստոնեական շրջանի բացառիկ նմուշներ՝ հայկական մշակույթից։ 

Back to top button