ԿարևորՀասարակություն

«Քարտեզագրված» գինուց մինչև ԵՄ առցանց հարթակ․ Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը 5 տարեկան է

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ջանքերով հայկական գինիները շուտով կհայտնվեն Եվրոպական միության երկրներում։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը․

«Եվրոմիությունում առաջին անգամ ստեղծվելու է վաճառքի առցանց հարթակ, որտեղ ներկայացված են լինելու 22 ընկերության 62 տեսակի գինիներ։ Ծրագիրը բացառիկ է, նպատակ ունի համախմբելու հայկական գինեգործական ընկերություններին և հայկական գինիները մեկ միասնական հարթակով ներկայացնելու եվրոպացի սպառողին»,-ասում է Զարուհի Մուրադյանը։

Նախքան Wines of Armenia  առցանց հարթակի ստեղծումը՝ տեղի է ունեցել գինիների ընտրության փուլ, տնօրենի խոսքով՝ նպատակ ունեն ներկայացնել ամենաորակյալ հայկական արտադրանքը․

«Կազմակերպել էինք կույր մրցույթ, համապատասխան մասնագետները համտեսում էին գինին, և հետը ընտրել ենք արդեն գինիները՝ առանց իմանալու, թե որ ընկերության արտադրանքն է։ Այս հարթակում բացառապես բարձր որակի գինիներ են ներառված լինելու»,-ասում է Զարուհի Մուրադյանը։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն արդեն ստեղծել է լոգիստիկ պահեստ Բեռլինում։ Հայկական գինիներն այստեղից ավելի հասանելի կլինեն եվրոպացի սպառողին։ Տնօրենի խոսքով՝  հարթակի կարիքը կար․ վերջին տարիներին հայկական գինեգործական ընկերությունները մասնակցում էին միջազգային ցուցահանդեսներին, նկատվում, հաջողություն գրանցում, բայց երբ գալիս էր պատվիրելու փուլը, բախվում էին խնդիրների՝  սկսած նմուշների բացակայությունից։ Առցանց հարթակը դրանց լուծման ուղիներից մեկն է․

«Որոշեցինք ունենալ այնպիսի ուղեցույց, որը կհեշտացնի տուրիստի user experience-ը, այսինքն, կտա նրանց տեղեկություններ Հայաստանում շրջելու նրբությունների մասին, որովհետև շատ են տուրիստները, որ գալիս են Հայաստան, գինու տուրերի մասնակցելու, գինի համտեսելու համար»,-ասում է Ռիմա Աբրահամյանը։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի մասնագետ Ռիմա Աբրահամյանն է։ Նրա խոսքով՝ «Բացահայտի՛ր Հայաստանը մեկ գավաթ գինով» զբոսաշրջային ուղեցույցը ստեղծվել է այս տարի։ Ուղեցույցում ներառված է տեղեկություն հայկական գինու պատմության, տեսակների, տեղածին խաղողի սորտերի մասին։ Ներկայացված են  Հայաստանի մարզերը՝ իրենց բացառիկությամբ, և գինիները, որոնք տվյալ մարզը կարող է առաջարկել զբոսաշրջիկին։ Ուղեցույցին  կից կա նաև գինիների քարտեզ, որտեղ նշված են Հայաստանի բոլո գինետները, գաստրոբակերը, գինու գործարանները և, ընդհանրապես, գինու հետ կապված ցանկացած պատմամշակութային վայր։ Ռիմա Աբրահամյան․

«Ուղեցույցներն արդեն հասանելի են օդանավակայանի «Դյութի ֆրիում»։ Դրանք անվճար են և շատ տեսանելի տեղում։ Հիմնադրամի համար շատ կարևոր է, որ զբոսաշրջիկները Հայաստան գալուց դրանք տեսնեն  և վերցնեն անպայման։ Զբոսաշրջային ընկերությունների և գաստրոբակերի ենք տալու ուղեցույցը և հիմա թվային հավելված ենք ստեղծում, որպեսզի ավելի հեշտ լինի դրանից օգտվելը»,-ասում է Ռիմա Աբրահամյանը։

Քարտեզագրված գինու հավելվածը պատրաստ կլինի տարեվերջին,-ասում է զրուցակիցս։ Նրա խոսքով՝ հիմնադրամն իր հնգամյա գործունեության ընթացքում հասցրել է բազմաթիվ միջազգային ծրագրեր իրականացնել՝ ավելացնելով հետաքրքրությունը հայկական գինու նկատմամբ։ Սրանք հիմնադրամի վերջին, ամենաթարմ ծրագրերն են։ Գործունեության 5 տարում հիմնադրամին հաջողվել է ստեղծվել խաղողի այգիների տեղորոշման նախագիծ, հետագայում նպատակ կա ստեղծել աշխարհատեղեկատվական համակարգ, որտեղ պարբերաբար կթարմացվի տեղեկատվությունը՝ խաղողի տնկարկների, բերքի, մթերման և պահեստավորման հետ կապված։

Հիմնադրամի գործունեության շնորհիվ ընդլայնվել է հայկական գինիների արտահանման աշխարհագրությունը՝ ներառելով 36 երկիր, իսկ ընդհանուր առմամբ՝ հիմնադրամի իրականացրած ծրագրերի արդյունքում գինու սպառումը մեկ շնչի հաշվով 0,6 լիտրից դարձել է 3,5 լիտրի։ Զրուցակիցներիս խոսքով՝ այս տեսանկյունից՝ կարևոր է ընկալումը, որ գինին ոչ թե սովորական ոգելից խմիչք է, այլ առողջ ապրելակերպի հետ համադրվող «ոգելից խմիչք», որն, ըստ վիճակագրության, ամենաշատն է սպառվում ընտանեկան միջոցառումների ժամանակ։  

Back to top button