ԿարևորՀասարակություն

Ռուս կամավորները Սյունիքի մի շարք դպրոցներում կօգնեն մանկավարժներին

Սյունիքի մարզի սահմանամերձ երեք գյուղի դպրոցներում հոկտեմբերին կաշխատեն ռուս կամավորներ, որոնք մեթոդական աջակցություն ցույց կտան Կապանի Ագարակ, Եղվարդ, Դավիթ Բեկ գյուղական դպրոցների մանկավարժներին, նաև կուսուցանեն երեխաներին։ Մարզի կրթության ոլորտի պատասխանատուները կարծում են, որ համագործակցությունը արդյունավետ կլինի։

Հոկտեմբերի սկզբից ռուս կամավորներ կաշխատեն Սյունիքի սահմանամերձ գյուղերի դպրոցներում։ Գործակցության պայմանավորվածությունը Երևանում Ռուսական տան նախագծերի շրջանակներում է, ըստ որի՝ «Ռասիյանե» հասարակական կազմակերպությունը Կապանի սահմանամերձ Ագարակ, Եղվարդ, Դավիթ Բեկ գյուղերում կիրականացնի «Դաբրո» մարդասիրական ծրագիրը։  «Ռադիոլուր»-ին Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը տեղեկացնում է՝ գործակցությունը տևելու է 4-6 շաբաթ։ Ռուս կամավորները տարբեր դպրոցներում տարբեր գործառույթներ են իրականացնելու․

«Կոնկրետ Ագարակի դպրոցում հիմնականում կլինի ռուսերենի ուսուցիչ, ՏՏ մասնագետ և մանկական հոգեբան։ Նրանք աշխատելու են, գործակցելու ուսւոցիչների հետ։ Եղվարդի տնօրենի ցանկությամբ՝ գյուղ է ժամանելու ֆիզկուլտուրայի ուսուցիչ, քանի որ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը թոշակառու է։ Դավիթ Բեկի դպրոցում ռազմագիտության ուսուցչի կարիք կա։

Մեր երկրի Սահմանադրությամբ՝ Հայաստանի պետական լեզուն հայերենն է։ Այդ դեպքում ինչպե՞ս են ռուս կամավորները դասավանդելու ռազմագիտություն կամ ֆիզկուլտուրա։ Մարզպետարանի պաշտոնյան փարատում է բոլորի մտահոգությունները՝ պարզաբանելով․

«Նրանք ոչ թե փոխարինելու են մեր ուսուցիչներին, այլ միայն աջակցություն և մեթոդական օգնություն են ցույց տալու»։

Ագարակի դպրոցում 7 աշակերտ է սովորում։ Տնօրեն Սվետլանա Խաչատրյանը համոզված է, որ ռուս կամավորները կփոխեն գյուղական առօրյան։ Նախնական այցի ժամանակ փորձել է կամավորների խմբի պատասխանատուից պարզել՝ ուսուցանմա՞ն համար են գալու, թե՞ փորձի փոխանակման։ Համոզված է՝ ամեն դեպքում օգտակար կլինի այցը։ Սվետլանա Խաչատրյան․

«Ես իմ օրինակով ասեմ։ Երբ ես քոլեջում էի սովորում, անգլերենի մասնագետ եկավ, ավելի շատ գիտելիք տվեց, քան այն ուսուցիչը, որ մեզ պարապում էր։ Չգիտեմ, ես նման պատկերացում ունեմ կամավորների մասին»։

Դժվար չի՞ լինի դպրոցի աշակերտների համար հաղորդակցվել ռուս կամավորների հետ։ Ագարակի դպրոցի տնօրեն Սվետլանա Խաչատրյան․«Այնպես չէ, որ գյուղի աշակերտներ են, ռուսերեն չգիտեն։ Ընդ որում       ՝ մեր ռուսերենի ուսուցչուհիները դասաժամին ռուսերեն էին խոսում։ Կարծում եմ՝ բոլորն էլ կարող են շփվել»։

Ռուսական տունը Կապանում այլ ծրագրեր էլ է իրականացնում, և սահմանամերձ գյուղերում կամավորների աշխատելու առաջարկը եղել է նրանցը։ Սյունիքի մարզպետարանն առաջարկը քննարկել եւ համաձայնություն է տվել։ Ռուս կամավորների հետ առաջին անգամ են գործակցելու, իսկ միջազգային տարբեր կազմակերպություններից կամավորներ մարզի տարբեր դպրոցներում, մասնավորապես, Ագարակում, Դավիթ Բեկում, Եղվարդում աշխատել են, ու դպրոցներն այդ փորձն ունեն։ Ռուս կամավորները բնակվելու են սահմանամերձ գյուղերում, տեղաբնակները դեմ չեն։ Մերի Գանդալյան․

«Տեղացիները պատրաստակամ են, կապահովեն բնակության տեղով, նաև սննդի հարցերն են լուծելու։ Իհարկե, այդ ամենի համար գյուղացիներին վճարվելու է, նման խնդիր կամավորները չունեն»։

Փորձնական ծրագրի արդյունքները կարող են հետագայում ավելի երկարատեւ գործակցության հիմք դառնալ։ 

Back to top button