ԿարևորՀասարակություն

Եթերի հակառակ կողմում․ Ռադիոտան «չերևացող» մարդիկ

«Դարից 5 պակաս»–ի շրջանակում այսօր պատմելու ենք ռադիոյի «չերևացող մարդկանց» կամ նրանց մասին, ում աշխատանքը եթերում չի երևում կամ լսվում,     բայց առանց դրա այդ եթերն ապահովել հնարավոր չէ։ Ռադիոտան շենքի մաքրությունից մինչև եթերի ու համակարգիչների  մաքրություն։

Շուրջ կես դար Անո տյոտյան, նույն ինքը Անահիտ Մարտիրոսյանը, ամեն օր բարձրանում է 98 աստիճան, հասնում 4–րդ հարկ, որտեղ աշխատում է «Ռադիոլուր» լրատվականը և ապահովում մեր ընդարձակ սենյակի մաքրությունը։ Այս ճանապարհը տիկին Անահիտն անցնում է մինչև ժամը 9–ը, քանի դեռ լրատվականի եռուն աշխատանքային օրը չի սկսվել ։

«Առավոտ շուտ եմ գալիս։ 06․45 տնից դուրս եմ գալիս, մինչև հասնում եմ Ռադիոտուն, ժամը 7․45  է դառնում։ 1972 թվականից նույն ռեժիմով եմ աշխատում։ Ռադիո հասնում ենք, հագուստը փոխում և ի գործ»։

Ամեն մեկն ունի իր «վերահսկողության տակ գտնվող» խմբագրությունը, որտեղ աշխատող մարդիկ արդեն հարազատ են․ տեղյակ են մեկը մյուսի հոգսից, տնից–տեղից։ Վերջին շրջանում  օրվա մեկնաբանին ուղղված առաջին հարցը վերաբերում է սահմանին։ Տեղեկանում է իրավիճակին, հետո անցնում գործի։ Եղել է դեպք, երբ մեր սենյակի մաքրության պատասխանատուն  նաև լուրերի հեռարձակումն է ապահովել։

«Եթերային ռեժիսորը, չգիտեմ խնդիր էր առաջացել, ուշանում էր, իսկ եթերին մնացել էր 5 րոպե, և տարբերակ չկար ոչ խախտելու, ոչ էլ՝ չհեռարձակելու։ Ես էլ եթերային սենյակ էի մաքրում։ Լուրերի մեկնաբանն իրեն չկորցրեց, ասեց «Անո տյոտյա, ես կմտնեմ եթերային, դու հենց լսես կոչնակը կմիացնեն էս կարմիր կոճակը, այսինքն՝ կբացես միկրոֆոնը»։ Ասեցի՝ լավ։ Եթերային ռեժիսորը մտավ էն ժամանակ, երբ ես գետինը մաքրող փայտը ձեռքիս, ուղիղ կանգնած նայում եմ մեկնաբանին և միկրոֆոնը միացնում»։

Միհրան Սոսոյանի անունը Ռադիոտան աշխատակիցների շուրթերին է ամեն օր, ժամ և րոպե։ Միհրանը մեր հնաբնակներից է, ռադիոյում է արդեն 15 տարի։  Աշխատասենյակը երրորդ հարկում է, մինչև «Ռադիոլուր»  հեռավորությունը՝ 150 մետր․ համակարգչային մասնագետն այս տարածությունն  անցնում է օրական ամենաքիչը 6 անգամ։  Զավեշտն այս դեպքում այն է, որ երբ Միհրանը հասնում է «դեպքի վայր» ու  հետաքրքրվում խնդրով, համակարգիչը սկսում է աշխատել։

«15 տարի աշխատում եմ Ռադիոտանը։ Ժամային գրաֆիկ չնայած կա պայմանագրով ամրագրված, բայց մեր պարագայում այլ կանոններ են գործում։ Աշխատանքը սկսում ենք 9․30–ից ու ամբողջ օրը սենյակից–սենյակ գնալով՝ ապահովում ենք համակարգիչների անխափան աշխատանքը։ Հաճախ եթերային սենյակում մեկնաբանների հետ նստում ենք, որ եթերի ժամանակ  խնդիրներ  չլինեն  և ծագած հարցերն արագ կարգավորենք»։

Ռադիոն ձայն է, խոսք, որն, այսպես ասենք, վերջնական՝ արտադրական  տեսքի բերում են  հնչյունային ռեժիսորները։ Նվիրյալներ, որոնք ոսկերչական ճշգրտությամբ մշակում են  միկրոֆոնի առջև նստած լրագրողներիս խոսքը, այն դարձնելով՝ եթերային։ Անգամ անթերի ռեպորտաժում նրանք անելիք ունեն։ Հաճախ  դա ստիպված են անել կայծակնային արագությամբ։ Թե ինչո՞ւ կայծակնային, գիտեն եթերի մարդիկ։ Եթերում ու սովորական կյանքում  ժամային ընկալումները տարբեր են․ եթե առօրյայում 1 րոպեն ոչինչ չասող 60 վայրկյան է,  ապա եթերում այն մի ամբողջ 60 վայրկյան է, որի ընթացքում կարելի է հասցնել ամենակարևորը։  Արփինե Կարապետյանը Ռադիոտան իմ գործընկերների հավաքական կերպարն է։

«Ռադիոյում մեծացած մարդ եմ, հորաքույրս ՀՀ Վաստակավոր արտիստուհի Լիա Կարապետյանն էր, այժմ՝ լուսահոգի։ Երկու տարեկանից հաճախել եմ Ռադիոտուն, հիացել այս յուրօրինակ մշակութային օջախով, և բախտի բերմամբ 2008 թվականից սկսեցի աշխատել ռադիոյում։  Շատ կարևոր է տեխնիկական թիմի մասնակցությունը եթերային գործընթացում, ապահովում էս այն վերջնական արդյունքը, որը հասնում է ունկնդրին։  Սա թիմային պատասխանատու աշխատանք է»։

Հնչյունային ռեժիսորները մեր եթերային շղթայում  ուղիղ կապի մեջ են եթերային թողարկիչների հետ, ասել  է թե՝ «մեր ձայնն ունկնդրին փոխանցելու» իրավունքը վերապահված է  հենց նրանց։ Թողարկիչները Ռադիոտան ժամացույցն են, իսկ այդ ժամացույցն  անխափան է արդեն  95 տարի։

Հարգելի ունկնդիր, նվիրյալ ռադիոականների պակաս մեր տանը չկա՝ այգեպանից մինչև փականագործ, վարորդից մինչև տեխնիկական մասնագետ,  տնօրենից մինչև խմբագիր։ Բոլորն այստեղ ապրում ու աշխատում են Ռադիոտան «գրված և չգրված» օրենքներով ու հենց այդպես պահպանում տասնամյակների ավանդույթները։

Back to top button