ԿարևորՀասարակություն

Արմավիրում համայնքապետերի լիազորություններն ավարտվել են, ընտրություններ չեն նշանակվել

Արմավիրի մարզի մեկ տասնյակից ավելի համայնքների ղեկավարների լիազորությունների ժամկետը թեպետ ավարտվել է, սակայն Արմավիրի մարզպետն այդ համայնքներում նոր ընտրություններ դեռ չի նշանակել: Այս համայնքների՝ արդեն նախկին ղեկավարները Արմավիրի մարզպետի որոշմամբ նշանակվել են պաշտոնակատարներ: Հոկտեմբերի 17-ին միայն եզդիաբնակ Ֆերիկ համայնքում է նախատեսվել ավագանու անդամների ընտրություններ։

Արմավիրի մարզի մի շարք համայնքներ ղեկավարում են  պաշտոնակատարները: Դրանց նախկին ղեկավարների  լիազորությունների ժամկետն  ավարտվել է, բայց մարզպետը նոր ընտրություններ դեռ չի նշանակել: Այս տարվա ապրիլի 17-ին լրացել է  Նորավան համայնքի ղեկավար Արթուր Միքայելյանի լիազորությունների ժամկետը: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հուլիսի 20-ի որոշմամբ համայնքի նախկին ղեկավարը  պաշտոնակատար է նշանակվել։

«Իմ ընտրությունները համապետական ՏԻՄ ընտրություններից արտահերթ է անցկացվել, շուտ է նշանակվել, շուտ ավարտվել: Հիմա երևի դրել են հերթականի տակ: Խոշորացնելու են, թե չէ՝ տեղյակ չեմ: ՏԻՄ հերթական ընտրություններն այս տարվա աշնանն է լինելու»:

Համայնքի ղեկավարն ու ավագանին ընտրվում են 5 տարի ժամկետով: Այս տարի վաղաժամկետ դադարեցվել է Ամբերդ համայնքի ղեկավար Մանվել Բաբայանի  և Նորապատ համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի լիազորությունների ժամկետը: Մանվել Բաբայանը պաշտոնից հրաժարվել է իր դիմումի համաձայն՝ առողջական խնդիրների պատճառով, իսկ Վահրամ Խաչատրյանը հունիսի 29-ին վարչապետի որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ: Արմավիրի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Նվեր Պետրոսյանը նշում է, որ այս տարի Արմավիրի մարզում  նախատեսվում է համայնքների խոշորացում, իսկ մեծամասնական ընտրակարգով  ավագանու անդամների ընտրություններ կանցկացվեն միայն Ֆերիկում։

«Ֆերիկը չի խոշորացվելու, որովհետև եզդիաբնակ համայնք է: Խոշորացում չի նախատեսվում միայն այն համայնքներում, որտեղ դեռ ընտրություններ չեն նշանակվել, այլ մարզի բոլոր համայնքներում»:

Արմավիրի մարզում դեռ խոշորացում չի եղել, բայց  սպասվում է: Նախորդ  տարի նախատեսվել էր  Էջմիածնի տարածքի 23 համայնքի միավորմամբ 2–ը ձևավորել: Արմավիրի մարզը խիտ բնակեցված է, սահմանակից են  նաև համայնքները: Թե ինչպիսին է լինելու վարչատարածքային նոր բաժանումը,  մարզում դեռ չգիտեն: Արմավիրի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության  հարցերի բաժնի պետ Գոռ Հովհաննիսյան.

«Նախագծում 11-12-ն  էր, հիմա փոխել են, մի քիչ ավելի քիչ է,  դեռ քննարկման փուլում է: Չենք կարող ասել, մինչև մեր վերադասը որոշում չկայացնի»:

Արմավիրի  մարզի համայնքների խոշորացման վերաբերյալ որոշակի ուսումնասիրություններ է արել համայնքների ֆինանսիստների միությունը: Փորձագետ Վահրամ Շահբազյանը կարևոր հանգամանք է նշում.

 «Առաջարկությունները սեղանին դրված են, և նախարարությունը ինքնուրույն է որոշում, թե հետագա խոշորացումն ինչ ճանապարհով կգնա: Ավելի շատ շեշտը դրվում է շրջանային խոշորացման վրա, քան փնջային: Խոսքը 11 խոշորացման նախագծի մասին է: Նախագծում կա Մեծամորի խոշորացման հարցը՝ Մեծամոր կենտրոնով»:

«Ռադիոլուր»–ի հարցին՝ համայնքների միավորումների ժամանակ հաշվի առնո՞ւմ են բնակիչների կարծիքները, Վահրամ Շահբազյանը պատասխանեց.

 «Դա սահմանադրական պահանջ է: Խոշորացման վերաբերյալ որոշում կայացնելիս  պարտավոր են պարզել հանրային կարծիքը: Երկու եղանակով է իրականացվում՝ տեղական հանրաքվեի և հանրային քննարկման: Գործնական առումով այդ հարցը Հայաստանում դեռևս լուծված չէ»։

Միավորվող համայնքներում տեղական հանրաքվեն կազմակերպվում է համայնքի բյուջեի միջոցներով, բայց բոլոր համայնքները չունեն այդ հնարավորությունը:  Օրենքի պահանջը  կկիրառվի՞ խոշորացվող համայնքներում, Նվեր Պետրոսյանն է պատասխանում։

«Հանրային քննարկումներ անպայման կլինեն, իսկ հանրաքվեի կազմակերպումը համայնքն է որոշում, եթե միջոցներ ունի, այդ միջոցների հաշվին: Օրենքի մեջ, կարծես թե, պարտադիր չէ»:

Մարզում հասարակական տարբեր կազմակերպություններ մի քանի տարի առաջ ինքնուրույն էին նախաձեռնել հանրային լսումներ, որտեղ բնակիչներն ու համայնքների ղեկավարները մշակել էին ավելի մատչելի տարբերակներ՝ հաշվի առնելով համայնքների հեռավորությունը կենտրոնից, ենթակառուցվածքների առկայությունն ու զարգացումը:

Back to top button