ԿարևորՀասարակություն

Հերթական սկանդալը․ Ադրբեջանը Հումբոլդտ-համալսարանում 75 հազար եվրոյով իմիջ է «գնում»

Բաքվից հոսած 4 մլն եվրոն կոռուպցիոն շղթայով բաշխվել էր Բունդեսթագի պատգամավորների միջև։ Դեռ ամիսներ առաջ «պայթած» տեղեկատվության հետաքննությունը չավարտված՝ գերմանական մամուլը ևս մեկ աղմկահարույց դեպքի մասին է հաղորդում։ Այս անգամ ադրբեջանական լոբբիստները նախընտրել են կրթության բնագավառում գործարքների գնալ՝ գտնելով «դեսպաններ» գերմանիական ամենահայտնի բուհերից մեկում՝ Հումբոլդթ համալսարանում: Խոսք է գնում շուրջ 75 հազար եվրոյի մասին։ Գործարքի շղթայում այս անգամ պատմաբաններ են, որոնք գումարի դիմաց պետք է գերմանացիների աչքում Ադրբեջանը ներկայացնեն իբրև քաղաքակիրթ, մինչդեռ նրանց առաջ բոլորովին այլ պահանջ էր դրված՝ հետազոտել Հարավային Կովկասը՝ ընդ որում՝ հնարավորինս քննադատաբար։

«Ռադիոլուրն» ի մի է բերել թեմային առնչվող գերմանական հրապարակումները եւ մատնանշվող աղբյուրները։ Միայն 2017-ին համալսարանն ավտոկրատ Ադրբեջանի դեսպանատնից ստացել է 1․100․608,00 եվրո։ Սա, թերեւս, օտարերկրյա դեսպանատան կողմից Բեռլինի համալսարանի ստացած ամենամեծ ֆինանսավորումը չէ։

Ադրբեջանական լոբբինգի «ձեռքը» հասել է Հումբոլդտ-համալսարան՝ Գերմանիայում ամենահայտնի ու ամենահին բուհերից մեկը։ Դրա պատմագիտության ինստիտուտի «Ադրբեջանի պատմություն» ամբիոնի խորհրդատվական խորհուրդն ահազանգում է՝ իրենց պրոֆեսորությունը, որը եզակի է Գերմանիայում, Ադրբեջանի դեսպանատան կողմից ֆինանսավորվում է 75,000 եվրոյով, այն նմանվել է լոբբիի ամբիոնի, որը կիսում է Ալիևի ավտորիտար ռեժիմի ազգայնական նարատիվները: Գերմանական հայտնի բուհի ամբիոնն իր հայտարարությամբ  դժգոհում է՝ Ադրբեջանը փորձում է ազդեցություն «գնել» իրենց երկրում․ այդ երկրի բռնապետական ռեժիմը ֆինանսական և բովանդակային ազդեցություն ունի ամբիոնի վրա։ Ամբիոնը հրապարակել է նաեւ ֆինանսական հոսքերն արտացոլող տվյալներ։

Գերմանիայում գործող Հայ ակադեմիականների միության նախագահ, պատմագետ Ազատ Օրդուխանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցնում է՝ Գերմանիայում Ադրբեջան անունը հոմանիշ է «բռնապետություն» և «կոռուպցիա» բառերին, և սա այն երկիրը չէ, որտեղ կարող են գումարով հարցեր լուծել։

«Ադրբեջանցիներն ամեն ինչ անում են քաղաքակիրթ երևալու համար, փորձում են կանգնել քաղաքակրթության ուղու վրա։ Կարծում եմ՝ նրանց դա չի հաջողվի, նախ իրենք պետք է քաղաքակրթական արտադրանք տան, քաղաքակրթական հիմքեր ստեղծեն, հետո փորձեն դա ներկայացնել։ Եթե այդ քաղաքակրթական հիմքերը չունեն, ուշ թե շուտ դատապարտված են ձախողման։ Նրանք կփորձեն, մեծ գումարներ կծախսեն, որոնք ստանում են նավթային աղբյուրներից, սակայն գոնե Գերմանիայի պարագայում մեծ հաջողությունների չեն հասնի»,- համոզված է Օրդուխանյանը։

Բնական է, որ Հումբոլդտ-համալսարանի պրոֆեսորական կազմն անհանգստանում է իրենց հեղինակության համար՝ նկատում է Օրդուխանյանը։ Իսկ հեղինակությանը վնասող պատմությունն անմիջականորեն կապված է հենց դրա ամբիոնի ղեկավարի անվան հետ։ «Ադրբեջանի պատմություն» ամբիոնը ղեկավարում է պրոֆեսորի կոչում ունեցող Եվա-Մարիա Աուխը։ Վերջինս մեկ անգամ չէ, որ հայտնվում է գերմանական մամուլի ուշադրության կենտրոնում։ Ի դեպ, այս տիկինը դեռ ապրիլին եղել էր Բաքվում, այցելել ռազմավարի պուրակ, որտեղ հայ զինվորներին ներկայացնող սահմռկեցուցիչ պատկերներ են ցուցադրված։ Եւ այդ առիթն օգտագործելով՝գոհունակություն էր հայտնել պատերազմի ելքի վերաբերյալ։ Իսկ այս անգամ նրա անունը կապվում է սկանդալային պատմության հետ․ պատմականորեն հայտնի համալսարանը ներքաշվում է ադրբեջանական լոբիի մեջ։ Հումբոլդտ-համալսարանի պրոֆեսորությունը պայթյունավտանգ է որակում  իրավիճակը եւ աղմկահարույց  փաստի առնչությամբ հայտարարում՝

«Մենք պահանջում ենք ստեղծել Հարավային Կովկասի պատմության անկախ ամբիոն, որը քննադատական հետազոտություն կանցկացնի Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասով եւ կուսումնասիրի երեք երկրների պատմական հեռանկարները՝ փոխանակ ադրբեջանական պետական եւ պատերազմական պրոպագանդան միասնաբար առաջ տանելու»։

Կոռուպցիոն այս պատմության հետեւանքով համալսարանի հեղինակությունը եւ այդ բուհի «Ադրբեջանի պատմության» ամբիոնը վտանգվում են, այդուհանդերձ, պրոֆեսորի կոչում ունեցող ամբիոնի վարիչին՝Եվա-Մարիա Աուխին, գիտական կոչումից զրկվելու վտանգ չի սպառնում, քանի որ, Ազատ Օրդուխանյանի դիտարկմամբ, նրան պաշտպանող շրջանակներ կան եւ դրամական հոսքեր։  

«Տիկին Աուխի որոշ հոդվածների ծանոթ եմ, հատկապես «Գերմանացիների ներգաղթը դեպի Ադրբեջան» հոդվածին։  Թեև այն ժամանակ Ադրբեջան չկար, բայց տիկինը ներկայացնում էր, թե գերմանացիները ներգաղթել են Ադրբեջան։ Մի խոսքով՝ կեղծիքները շատ են նաև պատմագրության մեջ , բայց նրանք լուրջ ազդեցություն չեն ունենա գիտական կյանքի վրա, միայն ժամանակավոր բոցկլտումներ ու հաջողություններ կունենան»,- նշում է պաստմաբանը։

Օրդուխանյանի խոսքով՝ եթե ադրբեջանցիները հավատացած չլինեին իրենց հաջողության մեջ, այդ գումարները չէին ներդնի։ Սակայն նրանք չեն հաջողվի, քանի որ չունեն քաղաքակրթական հիմքեր։ Ավանդական կոռուպցիոն մեթոդներով երկարաժամկետ հաջողությունը պատմաբանը Գերմանիայում բացառում է։ Նրա խոսքով՝ Գերմանիան ավելի զգայուն է դարձել ադրբեջանցիների հետ կապված ցանկացած հարցում, քանի որ ադրբեջանական կոռուպցիան հասել էր գերմանական Բունդեսթագ։ Օրդուխանյանը հիշեցնում է՝ կոռուպցիոն աղմկահարույց գործի շրջանակում շրջանառվում են նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մի շարք գերմանացի պատվիրակների՝ Բունդեսթագի պատգամավորների անուններ։ Գերմանական հայտնի պարբերականներին հայտնի է դարձել, որ Բաքվից 2008-2016 թվականներին հսկա գումարներ են հոսել ԵԽԽՎ խորհրդարանականների «գրպան»՝ տարբեր բանաձեւերի քննարկման եւ քվեարկության ժամանակ ի շահ ադրբեջանական կողմի հանդես գալու համար։  Այս փաստերի հրապարակումից հետո հետաքննություն է ընթանում, պատգամավորները վերահսկողության տակ են։ 

«Պրոֆեսոր կինը , որը ղեկավարում է Հումբոլդտ-համալսարանի «Ադրբեջանի պատմության» ամբիոնը, արդեն իր հրապարակումների մեջ բավականին լուրջ կեղծիքներ է թույլ տվել։ Ցավոք, հայ պատմագրությունը, այդ թվում՝ Գերմանիայում հայկական պատմագրությամբ զբաղվող, (ինքս էլ պատմաբան եմ և ինքնաքննադատաբար եմ  ասում), չեն հասցրել դատապարտել, քննադատել նրա  թեզերը, և սա դեռևս մեր պարտականությունն է, մեր տնային աշխատանքն է»,- ասում է Օրդուխանյանը։

Պատմությունը գումարի դիմաց խմբագրել փորձող ադրբեջանական ջանքերը դատապարտված են՝ ամփոփում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։ Պատմագետի դիտարկմամբ՝ սա առաջին փորձը չէ, երբ թշնամի երկիրը փորձում է հեղինակություն գնել։ Բայց դա միայն ժամանակավոր հաջողություն կունենա՝ վստահ է Օրդուխանյանը։ Իսկ այս ընթացքում Եվրոպայի հայտնի համալսարաններից Հումբոլդտ-համալսարանի պատմագիտության ինստիտուտի պրոֆեսորական կազմը պահանջում է վերջ դնել ազատ ուսուցման վրա Ադրբեջանի ռեժիմի ազդեցությանը։ Թեման ուշադրության կենտրոնում են պահում գերմանական ամենահայտնի լրատվամիջոցները։

Back to top button