ԿարևորՏնտեսական

Գազը կէժանանա՞. ներկրողները լիահույս են

Հեղուկ գազի թանկացումը դարձել է վարորդներին անհանգստացնող թիվ 1 խնդիրը։  Մինչև թանկացումը՝ 1 լիտր գազը գնել են 180-200 դրամով, հիմա այն վաճառվում է 280-300 դրամով։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից պարզաբանում են, որ վառելիքի թանկացման պատճառը ներմուծման  գների թանկացումն է, պահանջարկի ավելացումը։ Ներքին շուկայում գների տատանման պատճառները շատ տարբեր են։ Վառելիքը, գուցե, ներկրվել է տարբեր ժամանակներում, ու դրանով է պայմանավորված գնային տարբերությւոնը։

Հեղուկ գազի շուկան սթրեսային վիճակում է: Որոշ գազալցակայաններում գազը թանկացել է նույնիսկ 60 տոկոսով։ Հեղուկ գազի 1 լիտրի գինը տատանվում է 240-ից 300 դրամի սահմաններում։ Եթե վարորդները ընդամենը մի քանի օր առաջ բողոքում էին հեղուկ գազի թանկացումից, այսօր անգամ այդ թանկ տարբերակին են համաձայն։ Ավելին՝ որոշ լցակետերում սահմանափակ քանակությամբ են գազ լցնում։ «Հազվադեպ տեղերում հիմա գազ կա, որտեղ էլ կա, մեծ հերթեր են։ Մարզերում ավելի թանկ է գինը»։

Գազալցակայաններում հիմնականում խուսափում էին ձայնագրվելուց։ Միայն հաստատում էին՝ արդեն մի քանի օր՝ վիճակն անփոփոխ է, ինչի պատճառով մեքենաների մեծ հերթեր են։ «Ես ընդամենը աշխատող եմ։ Գիտեմ, որ մեր գազը նոր է հասել, դրա համար է թանկացել, 4-5 օր գազ չունեինք։ Բայց հիմնականում մեծ հերթեր են լինում»։

Եղանք նաև լցակայանում, որտեղ ո՛չ գինն էր բարձրացել, ո՛չ հերթեր կային։  Մեզ հետ այստեղ խոսեցին չձայնագրվելու պայմանով։ Ասացին՝ գին բարձրացնելու կարիք չունեն, իրենց գազը միշտ լավ է վաճառվել։ «Ռադիոլուր»-ին հավաստիացրին, որ գազի դեֆիցիտը  մի քանի օրից կանցնի, գինը կիջնի, իսկ այն տնտեսվարողները, որոնք առիթից օգտվեցին ու արհեստականորեն գազի գինը բարձրացրեցին, կարգավորումից հետո կկորցնեն իրենց հաճախորդներին։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի արձագանքը գազի թանկացմանը չուշացավ․ ճշտել են՝ պատճառը ներմուծման  գների բարձրացումն է, պահանջարկի ավելացումը։ Հանձնաժողովը գների վերահսկողություն իրականացնում է, եթե միայն ապրանքային շուկայում կան գերիշխող դիրք ունեցողներ, կամ առկա է հակամրցակցային համաձայնություն։ Ոլորտում գործում է ավելի քան 50 տնտեսվարող սուբյեկտ, որտեղ, ըստ նախնական ուսումնասիրությունների, չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ուստի նշված ընկերությունները չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ վերոգրյալ ոլորտի ընդհանուր պայմանների, այդ թվում՝ գների վրա, -տեղեկացնում են մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։ Պատճառները փորձեցինք պարզել հենց հեղուկ գազ ներմուծող խոշոր ընկերությունից, բայց անարդյունք։ Պատասխանատուները տեղում չէին։ «Գազ-պրոպան» ընկերության ֆինանսական ղեկավարն այս պահին  Ռուսաստանում է՝ հենց խնդրի կարգավորման նպատակով։

«Տնօրենը գործուղվել է ՌԴ՝ գազի հարցերով»։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի կարծիքով՝ գազի գնի բարձրացումն սպասելի էր։ Նույնիսկ Ռուսաստանում են զարմանում, երբ լսում են, թե մեզ մոտ գազը դեռ էժան է,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց սպառողների իրավապաշտպանը։ Այլ հարց է՝ արդյո՞ք այս համատեքստում որոշ տնտեսվարողներ գերշահույթ չեն ունենում․

«Մինչև թանկանալն էլ այդ խնդիրը կար։ Այսինքն՝ մի տեղ 180 էր, մի տեղ՝ 200։ Իսկ այս պարագայում ներմուծման հետ խնդիրներ կան։ Պահեստավորված գազը սպառվում է, հերթեր են առաջանում։ Ավելի քան համոզված եմ, դա ժամանակավոր բնույթ է կրում։ Որոշ տնտեսվարողներ էլ, կարող է, գերշահույթ են հետապնդում, քանի որ մտածում են, թե որոշ ժամանակ ներկրում չի լինի։  Դա արդեն կապում եմ ներկրողների կամ վաճառողների անբարեխղճության հետ»։

Թե դեռ որքան կպահպանվեն բարձր գները կամ առաջիկայում հեղուկ գազի շուկայում ինչ փոփոխություններ կլինեն, ոչ ոք չի կարող կանխատեսել։ Շուկան, մասնագետների դիտարկմամբ, շատ արագ է փոփոխվում, իսկ եղած պաշարները անսպառ չեն։ 

Back to top button