ԿարևորՀասարակություն

Հայաստանը դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհ կունենա

Վրաստանը մինչև 2024 թվականը նախատեսում է կառուցել ավելի քան 20 ավտոմոբիլային ճանապարհ, դրանցից մեկն այլընտրանքային կոմպակտ միջանցք է Հայաստանից դեպի Ռուսաստան։ Հայաստանի հետ սահմանից՝ Սադախլո անցակետից մինչև Ռուսաստանի հետ սահման ճանապարհը Երևանին հնարավորություն է տալու դառնալ Արևելք-արևմուտք եվրոպական ավտոմայրուղու մաս։ Հայաստանի սահման տանող նոր ճանապարհի կառուցման համար Վրաստանն օրերս Եվրոպական ներդրումային բանկից վարկ է ստացել։

Թբիլիսին սկսում է համավարակի պատճառով հետաձգած Ալգեթի-Սադախլո նոր ճանապարհի կառուցումը։ Մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Ալգեթի բնակավայրից մինչև Սադախլո՝ Հայաստանի հետ սահման տանող նոր ճանապարհը կրկնակի կրճատվելու է ժամանակը։

Այն շրջանցելու է Մառնեուլին և շրջակա մյուս բնակավայրերը՝ դառնալով Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների համար նոր տարանցիկ ճանապարհ։ Միանալու է դարի նախագծին՝ Արևելք-արևմուտք ավտոմայրուղուն՝ E-60-ին, որն իր մեծությամբ երկրորդ եվրոպական տարանցիկ միջանցքն է։

Զուգահեռաբար մեկնարկում են Արևելք-արևմուտքի մյուս ճյուղերի՝ Թբիլիսի-Ժինվալի (դեպի հյուսիս) և Ժինվալի-Ստեփանծմինդա (Լարս) ճանապարհների կառուցումը։ Հաշվի առնելով նաև այն, որ արդեն սկսվել է Լարս տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի դժվարանցանելի Գուդաուրի-Կոբի հատվածում նոր ճանապարհի ու թունելի կառուցումը, Վրաստանի տրանսպորտային միջանցքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին ասում է․

«Վրաստանի տարածքում կլինի ժամանակակից ավտոմոբիլային ճանապարհ Հայաստանի հետ սահմանից մինչ Ռուսաստանի հետ սահման։ Նախագիծն աննախադեպ է և Վրաստանի, և Հայաստանի համար։ Վրաստանից Հայաստան և Հայաստանից Ռուսաստանի ու Եվրոպայի ուղղությամբ բեռներն արագ տեղ կհասնեն, այն կօգնի նաև Վրաստանի տուրիստական բիզնեսին»։

Վրաստանում ակտիվորեն ընթանում են ինչպես Արեւելք-արևմուտք մայրուղու, այնպես էլ Հյուսիս — Հարավ ճանապարհի շինարարության աշխատանքները։ Վրաստանը, ըստ քաղաքագետ Գիորգի Գոբրիձեի, փորձելու է տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների պայմաններում ևս պահպանել տրանզիտային դերը։

«Այս ենթակառուցվածքները զգալիորեն կարճացնում են երկրների միջեւ հեռավորությունը, իսկ երթևեկությունն էլ ավելի անվտանգ դարձնում: Ալգեթի-Սադախլոն կարևոր դեր ունի մեր երկրու երկրների համար: Ընդհանրապես Վրաստանը հետաքրքրված է, ինչպես Հայաստանի, այնպես էլ մյուս բոլոր հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունների բարելավմամբ, և այսօր հենց դա էլ իրականացնում է»:

Վրաստանը մոտ երկու տասնյակ տրանսպորտային ենթակառուցվածքները նախատեսում է ավարտել մինչև 2024 թվականը։ Տրանսպորտային հարցերով վրացի մասնագետները կարծում են մինչ այդ կարևոր է, որպեսզի Հայաստանը ևս արդիականացնի իր ճանապարհները։

Միջազգային մրցունակության զեկույցում, ի դեպ, երկու երկրներն էլ ճանապարհների որակի առումով բավական ցածր դիրքերում են։  

Back to top button