Արմատներ

Ջիվան Գասպարյան․ «Արմատներ»

Ասել, որ Ջիվան Գասպարյանը մեծություն էր, որ հայկական ազգային երաժշտության ու մասնավորապես դուդուկ ամենաազգային նվագարանի համաշխարհային ճանաչման գործում նրա ավանդն ահռելի ու անգնահատելի է, նշանակում առանձնապես բան չասել, դա բոլորը գիտեն:

Իսկ ինչ ասել աշխարհահռչակ հայի մասին։ Ասել, որ վարպետի հեռանալով հայ երաժշտարվեստը մեծ կորուստ ունեցավ, դարձյալ նույնն է, թե ոչինչ չասել, գոնե նոր բան չասել, բայց իրականության առջև չմեղանչելու համար պետք է ասել, որ վարպետը բավականին երկար ապրեց թե որպես մարդ, և թե որպես երաժիշտ, երկար եղավ բեմում ու երկար նվագեց ու հասցրեց իր սիրով վարակել հազարավորներին:

Ինչքան որ պիտի տար մեզ ու աշխարհին, տվեց իրեն հատուկ սիրով, ջիվանական ժպիտով ու համեմունքով, ապրեց սիրով ու հարգանքով շրջապատված, գնահատված, մեծարված, իսկ աշխարհին մնաց նրա երաժշտությունը, նրա կատարողական դպրոցը, հազարավոր ձայնագրություններն ու տեսագրությունները, աշխարհին մնաց Ջիվան Գասպարյան հնչեղ անունը, որի հետ հենց շատերը նույնացնում ու ճանաչում են հայոց աշխարհի մեծագույն հրաշքներից մեկը՝ դուդուկը, նույնն է թե հայի հոգին ու հայերեն ձայնը, որովհետև ըստ Վիլյամ Սարոյանի նրա նվագն աղոթք էր։

Back to top button