ԿարևորՀասարակություն

Օձի թույնից բուժող, զորություն տվող․ առասպելական ծաղիկը՝ Արագածի լանջերին

«Թագավոր, ինչ բերեմ քեզ նման,
Քո կանաչ Արևուն նման,
Բալասան ծաղիկ, որ կծաղկե
Ծաղկե քո Արևուի նման»

Հայրիկ Մուրադյանը  Հայկական լեռնաշխարհի ծաղիկներից ամենաբուժիչի՝ Բալասանի մասին է երգում՝ այն համեմատելով թագավորի ու արևի հետ։ Իսկ ժողովուրդն այս ծաղիկը ոչ միայն դեռ ու դարման է համարել, այլ նաև՝ արքայական ընծա։

«Բալասանը կենաց դեղ է, ու պատահական չէ, որ ծաղիկի անունը հենց բալասան է։ Շատ հիվանդությունների բուժիչ միջոց է։ Ուսումնասիրված չէ, շատ գրքերում կա այլ անվանումներով, բարձրադիր գոտիներում է աճում, 3000 մետրից բարձր, շատ կարճ ժամանակ է ծաղկում»։

Բուսաբուժությամբ հետաքրքրվող Սուսաննա Հարությունյանը Արագածի լանջերին է գիշերել, որ վաղորդյան շաղի հետ հավաքի նույնիսկ օձի թույնի դեմ դեղ ու դարման համարվող Բալասանը։ Սուսաննայի հայրը անվանի բուսաբույժ էր։ Հարություն Հարությունյանն ուսումնասիրել է Մխիթար Հերացու, Ամիրդովլաթ Ամասիացու, Պողոս Բժշկի աշխատությունները, նաև՝ բուսաբուժության մասին  Մատենադարանում պահվող շուրջ 1500 ձեռագիր, որոնք ներկայացրել է  «Միջնադարյան հայկական բժշկարանների դեղաբույսեր» գրքում։ Ի դեպ՝ երջանկահիշատակ Հարություն Հարությունյանը մասնակցել է Արցախյան առաջին ազատամարտին,  1992-ին՝  Շուշիի ազատագրման մարտերում, ծանր վիրավորվել է, արնաքամ շուրջ 4 ժամ ճանապարհ է անցել և  ողջ է մնացել ոչ թե հրաշքի, այլ՝ ճանապարհին արյունը մակարդող ու կազդուրող դեղաբույսերի շնորհիվ։   

Դուստրը՝ Սուսաննան, լավ գիտի ամեն ծաղկի բուժիչ հատկությունները, յուրաքանչյուրի շուրջ հյուսված առասպելազրույցները։ Այժմ փնտրում է լեգենդար Համասփյուռ կամ  Համասպրամ  ծաղիկը Ագռավաքար կոչվող սարի տարածքում, քանի որ տեղանքն իր բարձրությամբ ու կլիմայական պայմաններով նման է Վարագա լեռան այն տարածքին, որտեղից միջնադարում մեր նախնիները հավաքել են այս բուսատեսակը, բուժվել ու զորացել։

«Բոլոր հիվանդությունները բուժում է։ Ըստ ավանդազրույցների՝  եթե ծաղիկը պահես մոտդ, կարող ես թռչել, եթե լեզվիդ դնես, կարող ես տարբեր լեզուներով խոսել, եթե ուտես, բոլոր անբուժելի հիվանդությունները կբուժվեն, եթե աչքերիդ դնես,  գիշերը ցերեկվա պես կտեսնես։ Այս բույսից ուժ է առնում օձերի թագավորը՝ Շամհար օձը»։

Համասփյուռի մասին հիշատակում կա նաև Ղևոնդ Ալիշանի «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք Հայոց» գրքում:

«Կիլիկիան թագավորության պատերազմներից մեկի ժամանակ, երբ բերդը պաշարված է եղել, օձը 1 հայացքով 10 000 հոգու է քարացրել»։

Իսկ Մխիթար Գոշի 26-րդ առակում, որը  բույսերի թագավորի ընտրության պատմությունն է,  հրաշագործ ծաղկի մասին ասվում է։

«Համասպրանն է ամենից հաճոն ընտրվում, քանզի բժշկում է հիվանդներին և քաջատես դարձնում, ծովի վրայով քայլելու շնորհ տալիս և տգետներին իմաստությամբ լցնում»։

Մեկ այլ ավանդության համաձայն` Անանիա  Շիրակացին իմաստության և գիտության հովանավոր Համասփյուռ ծաղիկը հայտնաբերել է Այրարատյան նահանգի Ձողակերտ կոչվող վայրից։ Այն Դրունք լեռների զարդն էր և ծաղկում էր 12 տարին մեկ։ Սուսաննան ասում է՝ մեր օրերում  հրաշագործ ծաղկին դեռ ոչ ոք չի հանդիպել։

«Այս դարաշրջանում ոչ ոք չի տեսել»։                                         

7 տարի առաջ է սկսել  առասպելական ծաղիկների փնտրտուքը․ որոնումների 5-րդ տարում գտել է Բալասանը,  Համասփյուռը՝ իմաստության ու գիտության ծաղիկը, դեռ փնտրում է։

Back to top button