ԿարևորՎերլուծական

«3+3», «3+2», «3+1»․ տարածաշրջանում գումարում-հանում անելու Թուրքիայի հերթական փորձը

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի քաղաքական ախորժակը մեծացել է։ Շուշիի հռչակագրի ստորագրումից հետո Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները փորձում են օրակարգ բերել Զանգեզուրի միջանցքի հարցը։ Ալիևի և Էրդողանի ցանկություններն աբսուրդային է որակել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա քարոզարշավի շրջանակում  դարձյալ անդրադարձել է այս թեմային և հայտարարել․

«Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները՝ Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին, այլ բան, քան աբսուրդ դժվար է անվանել: Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք շատ հստակ՝ տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապշրջափակվեն եւ այս իմաստով տարանցում, հաղորդակցության ուղիներ երկրները կստանան հավասարաչափ եւ համաչափ՝ այնպես, ինչպես նկարագրված է Մոսկվայի 2021 թ.-ի հունվարի 11-ի հայտարարության մեջ»,- ասել է Փաշինյանը:

Զանգեզուրի միջանցքին  Փաշինյանն  ավելի վաղ էլ էր անդրադարձել․ հունվարի 11–ին ստորագրված փաստաթղթի մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ Զանգեզուր, ո՛չ Մեղրի, ո՛չ էլ միջանցք արտահայտությունները չկան՝ ասել էր վարչապետի պաշտոնակատարը և հավելել, որ միջանցքի հարց չի քննարկվել և չի քննարկվելու։ Մինչդեռ Թուրքիայի նախագահը համոզված է, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում  դրական է Ռուսաստանի վերաբերմունքը: Էրդողանը  Մոսկվայի կողմից նախագծին խոչընդոտելու որեւէ մտադրություն չի տեսնում և հայտնում է, որ շուտով կբանակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Մինչ այդ  իրավիճակում հստակեցում է մտցրել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։  Մարիա Զախարովան, անդրադառնալով Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված հռչակագրին,  արձանագրել է․ Մոսկվան   ճիշտ չի համարում Լեռնային Ղարաբաղին  վերաբերող հարցերը Հայաստանի կամ Ադրբեջանի՝ երրորդ երկրների հետ հարաբերությունների հետ կապելը:

«Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի վերջին շփումները մենք դիտարկում ենք՝ սրանից ելնելով: Մենք ելնում ենք նրանից, որ տարածաշրջանում երկկողմ կապերը,  այդ թվում` ռազմական ուղղությամբ, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ»,- ասել է Զախարովան:

Զախարովան շեշտել է, որ ՌԴ-ն վճռականորեն աջակցում է այն քայլերը, որոնք ուղղված են Երևանի ու Բաքվի և Երևանի ու Անկարայի միջև երկխոսության հաստատմանը: Շուշիի հռչակագրի ստորագրումից հետո Էրդողանը դարձյալ  կրկնել է թուրքական կողմի առաջարկությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար՝ վեցակողմ հարթակ ստեղծելու մասին։ Դրանում  պետք է ընդգրկված լինեն Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը։ Ըստ Էրդողանի՝ ինքը, Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամ են խաղաղության հասնելու համար այս հարթակում անել հնարավորը։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ տարածաշրջանում ընթացող գործընթացների տրամաբանությունը հուշում է, որ 6-ի պլատֆորմի գործարկման հնարավորություն է ստեղծվել։

«Չեմ գտնում, որ Հայաստանը լուրջ հիմքեր ունի մերժելու այս պլատֆորմը, որովհետև առաջին հերթին դա հնարավորություն է շփվելու, խոսելու թեկուզ թշնամիների հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի դեմքով։ Հնարավորություն է նաև գործընթացներ ձևավորելու, այսինքն՝ Հայաստանը որևէ հնարավորությունից չպետք է իրեն դուրս դնի, և այն, որ 6-ի պլատֆորմը կարող է իրականություն դառնալ, չեմ կարծում, որ Հայաստանի համար շատ բացասական արդյունքի կբերի։ Ընդհակառակը՝ Հայաստանը հնարավորություն կունենա ևս մի հարթակ օգտագործել սեփական շահերի մասին բարձրաձայնելու։ Բայց մյուս կողմից պետք է անպայման հաշվի առնենք, որ առանց այլ դերակատարների այս տարածաշրջանում այս կազմով Հայաստանն այս պահին անելիք չունի»,- ասում է Ռոբերտ Ղևոնդյանը։

Թուրքական ազդեցությունը տարածաշրջանում կարող է ուժեղանալ միայն ռուսական ազդեցության թուլացման հաշվին։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն 6-ի պլատֆորմի նախաձեռնությունը դիտարկում է թուրքական կողմից պարբերաբար առաջ քաշվող նախաձեռնությունների շրջանակում։  «3+3», «3+2», «3+1»․ Թուրքիայի տարածաշրջանային առաջարկների գլխագրերն են։ 2003թ-ին Թուրքիան ձևակերպեց Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան առանցքի գաղափարը, որը մինչ այսօր գոյություն ունի և  հիմնական նպատակն, ըստ թուրքագետի, մի կողմից՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, մյուս կողմից՝ Հայաստանին մեկուսացնելը։ 2008թ-ին Թուրքիան առաջարկում էր «3+3» ձևաչափը, այսինքն՝ 3 հարավկովկասյան երկրները գումարած Ռուսաստանը, Թուրքիան և ԱՄՆ-ն: «3+3»-ը հետագայում դարձավ «3+2»՝ Իրանին դուրս թողնելով նախաձեռնությունից։ Արդյունքում՝  ոչինչ չստացվեց։ Ռուսաստանը դեմ էր, քանի որ չէր ցանկանում բաժանել իր ազդեցությունը Թուրքիայի հետ՝ ասում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը․

«Ես չեմ կարծում, թե 6-ի պլատֆորմը մեծ հնարավորություն է ստացել իրականություն դառնալու։ Վերջերս բառացիորեն Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան կողմնակից է, որ լինի եռակողմ համագործակցության՝ այսինքն Հայաստան, Վրաստան, Ադրբեջան՝ տարածաշրջանում Թուրքիայի հովանու ներքո, այսինքն՝ դառնում է «3+1»։ Դրանից առաջ էլ «3+3»-ն էր։ Բոլոր այդ նախաձեռնությունները, կարծում եմ, մեկ նպատակ ունեն՝ ապահովել Թուրքիայի գերակայությունը մեր տարծաշրջանում»,- ասում է Ռուբեն Սաֆրաստյանը։

Անկախ հանգամանքից՝ կիրականանա՞ վեցի պլատֆորմը, թե՞ ոչ, մի բան հստակ է․ Շուշիի հռչակագրով Թուրքիան ոչ միայն խորացնում է համագործակցությունն Ադրբեջանի հետ, այլև ամրացնում է դիրքերը Հարավային Կովկասում՝ ասում են մասնագետները։

Back to top button