ԿարևորՔաղաքական

Կոալիցիաներ հանո՞ւն, թե՞ ընդդեմ․ երբ է հնարավոր ընտրությունների երկրորդ փուլը

Ընդամենը 3 օրից Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են։  Վաղը քարոզարշավի վերջին օրն է, քաղաքական ուժերը փորձում են օգտագործել վերջին հնարավորությունները, իսկ հանրությունը կանխատեսել, թե ինչ պատկեր է ունենալու  հունիսի 21-ին։ Շատերը կարծում են, որ ընտրությունները կավարտվեն առաջին փուլով, բայց քիչ չեն նաև կանխատեսումները  երկորդ փուլի հնարավորության մասին։ Փորձենք հասկանալ, թե որ դեպքում է հնարավոր ընտրությունների երկրորդ փուլը, ու քարոզարշավի ավարտին ինչպիսին է քաղաքական ուժերի տրամադրվածությունը հնարավոր կոալիցիաների ձևավորման առնչությամբ:

Հանուն հանրապետության քաղաքական ուժերի մեծ մասը պատրաստ է գնալ հետընտրական տարատեսակ կոալիցիաների, բայց հանուն գաղափարի՝ կան որոշակի սկզբունքային նախապայմաններ: Քաղաքական ուժերից շատերի ներկայացուցիչները պարբերաբար շեշտել են՝ այս փուլում չեն վստահում սոցիոլոգիական հարցումներին, բայց ըստ դրանց՝ կանխատեսում կա, որ կուսակցություններից որևէ մեկը  չի կարողանա  ստանալ ընտրողների  ձայների մեծամասնությունը և  խորհրդարանում միայնակ ձևավորել բացարձակ մեծամասնություն:

Այդ դեպքում խորհրդարանական մեծամասնություն կարող է ձևավորվել կոալիցիաների միջոցով, ինչն արդեն կախված է անցողիկ շեմը հաղթահարած ուժերի մտադրություններից և համաձայնության գալու պատրաստակամությունից: Կուսակցություններն այս պահին ինտրիգը պահում են և չեն բացահայտում, թե կոնկրետ որ ուժերի հետ են հավանական համարում կոալիցիայի ստեղծումը: Ուժերի մեծ մասը գործում է բացառման սկզբունքով: Թե ում հետ կոալիցիոն համագործակցության չեն գնա,  հստակ գիտեն «Ինքնիշխան Հայաստան», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան», «Ազատություն», «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություններում և  «Ազատ Հայրենիք» դաշինքում:

«Մենք բացառում ենք կոալիցիան նախկին իշխանությունների ու ներկաների հետ: Մնացածների հետ կարելի է քննարկել»,– ասում է Դավիթ Սանասարյանը՝ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունից:

«Այն մարդիկ, որոնք «Հոկտեմբերի 27»-ը համարել են 5 ռոմանտիկների արած սպանություն, այդ մարդկանց հետ միանշանակ «Հանրապետություն» կուսակցությունը չի կարող ունենալ կոալիցիա»,– նշում է Անի Խաչատրյանը Հանրապետություն կուսակցությունից:

«Լուսավոր Հայաստանը առաջիններից էր, որ հայտարարեց՝ բացառում է Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ կոալիցիան, բացառում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կոալիցիան»,– ասում է Դավիթ Խաժակյանը Լուսավոր Հայաստան Կուսակցությունից:

«Բացի Նիկոլից՝ ցանկացած այլ ուժի հետ:

Լևոն տեր Պետրոսյանի հետ կկազմե՞ք կոալիցիա:

Անպայման»,-ասում է Ազատություն կուսակցությունից Հրանտ Բագրատյանը։

«Կոալիցիա կկազմենք միայն այն ուժերի հետ, որոնք կիսում են մեր գաղափարները, նախկին որևէ իշխանությունների և ներկա իշխանությունների հետ մեր համագործակցությունը բացառվում է»,-ասում է ԱԺԲ-ից Վահե Գասպարյանը։

«Մեր դաշինքի որոշումն է, որ որևէ դեպքում չենք կնքի կոալիցիան ոչ ՔՊ, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի և նրա համախոհների հետ»,-նշում է Ազատ Հայրենիք կուսակցությունից Անդրիաս Ղուկասյանը:

«Պատիվ ունեմ» դաշինքում գիտեն, թե որ ուժերի հետ են պատրաստ կոալիցիաներ ձևավորել, կոնկրետ նշում են «Հայաստան» դաշինքի անունը: «Պատիվ ունեմ» դաշիքնի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը բացառում է ընտրությունների երկրորդ փուլը:

Համոզված է՝ քաղաքական ուժերով համաձայնության կգան. «Ես կարծում եմ, որ Ազգային ընդդիմությունը առաջին իսկ փուլում 50+1 ձայները կունենա: Չեմ ասում մեկ քաղաքական ուժ, բայց ազգային ընդդիմությունը, այն ուժերը, որոնք ձևավորեցին նաև Հայրենիքի փրկության շարժումը»:

Կոալիցիոն համագործակցության պատրաստ է նաև «Բաբաջանյան-Շիրինյան»  դաշինքը: Այս ուժի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը հստակեցնում է՝ հանուն Հանրապետության կգնան այդ քայլին. 

«Հայաստանի ժողովրդավարական ապագան այլընտրանք չունի և այդ բոլոր խոստումների իրագործման համար մենք պատրաստ ենք, իհարկե, գործող իշխանությանը սատար լինել, եթե անհրաժեշտ է՝ կոալիցիա կազմել նրանց հետ»:

Քարոզարշավի օրերին շատերը հակասություն են գտել Հայ ազգային կոնգրես-ի առաջին երկրորդ համարների՝ Լևոն Տեր Պետրոսյանի և Լևոն Զուրաբյանի մեկնաբանություններում՝ հետընտրական հնարավոր կոալիցիաների առնչությամբ: Եթե Հայաստանի առանջին նախագահը իր ասուլիսում նշել է, որ «ստիպված» կգնան կոալիցիաների, ապա կուսակցության փոխնախագահը հստակեցնում է, թե ինչ նկատի ուներ Տեր Պետրոսյանը:

Լևոն Տեր Պետրոսյան․ «Իմ առաջարկը մերժվել է և այլևս դրան վերադառնալ հնարավոր չէ: Ուրիշ բան, որ խորհրդարանում այնպիսի վիճակ ստեղծվի՝ մենք էլ անցնենք, Նիկոլն էլ, Ռոբերտն էլ, ուրիշները և որևէ մեկը մեծամասնություն չունենա, ստիպված պետք է գնանք կոալիցիաներ կազմելու: Մենք կնայենք, կտեսնենք: Ես միշտ կողմ եմ համերաշխության, կոալիցիաների, թեև դրանք արդեն Հայաստանի համար նոր պրոբլեմներ ստեղծելու երևույթ է: Կարող է ընկնենք այն երկրների շարքը, որոնք տարին մեկ, երկու, երեք կառավարություն են փոխում: Վատ տարբերակ է, բայց եթե ուրիշ ելք չկա՝ իհարկե պետք է փորձենք»:

Լևոն Զուրաբյան ․ «Հակասություններ չկան դիրքորոշումների մեջ, որովհետև այդ հարցին պատասխանելիս խոսում էր կոնկրետ իրավիճակի մասին: Եթե ուշադիր հետևել եք ինքն ասաց՝ եթե նման բան լինի ես կդառնամ վարչապետ: Շատ պարզ պատասխան տվեց, որ այդ ապագա կառավարությունում ինքը վարչապետ չի դիտարկում ոչ Նիկոլ Փաշինյանին, ոչ էլ Ռոբերտին: Երկուսն էլ բացառված են մեզ համար»:

«Քաղաքացու որոշում» կուսակցությունում լուրջ վերապահումներ ունեն թե նախընտրական, թե հետընտրական դաշինքների առնչությամբ:

Կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանը բացատրում է. «Հարց է՝ բոլոր կուսակցությունները, որ միանան, մի այնպիսի կառավարություն կարո՞ղ են ձևավորել իրենց կազմից, որը կլինի այն կառավարությունը, որ մենք կուզեինք տեսնել»: 

Սահմանադրական և ընտրական կարգերը հուշում են, որ ընտրությունների երկրորդ փուլը կազմակերպվում է, եթե որոշակի ժամկետում չի հաջողվում կոալիցիաների միջոցով բացարձակ մեծամասնություն կազմել: Նվազագույն շեմը հաղթահարած ուժերը 8 օրվա ընթացքում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերի հետ դաշինք կազմելու հնարավորություն ունեն: Համաձայնության գալու դեպքում ԿԸՀ են ներկայացնում դաշինք կազմելու վերաբերյալ փաստաթուղթ՝ նշելով վարչապետի իրենց թեկնածուի տվյալները:

Ուշագրավ է, որ չափազանց մեծ կոալիցիաներ կազմել հնարավոր չէ: Օրենսդրությունն այս առումով սահմանափակումներ ունի: Կոալիցիա կարող են կազմել առավելագույնը երեք ուժ:  Ինչ վերաբերում է ընտրությունների երկրորդ փուլին, ապա այն կազմակերպվում է առավելագույն ձայներ հավաքած առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերի միջև:

Մյուս ուժերը, որոնք առաջին փուլում հաղթահարել են անցողիկ շեմը, բայց կոալիցիա չեն կազմել մյուսների հետ, կարող են իրենց մանդատները ստանալ, որևէ ուժի հետ կոալիցիա չկազմել ու չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին:

Back to top button