ԿարևորՀասարակություն

Հինգ դիմորդի համար կուրս չենք կարող բացել․ մի շարք բուհերում թափուր են անգամ անվճար տեղերը

Հայաստանյան բուհերում այս տարի ընդունելության տեղերը դիմորդների թվից կրկնակի ավելի են։  Խնդիրը նոր չէ, բայց տարեցտարի ավելի շոշափելի է դառնում։ Գրեթե անփոփոխ է պահանջված մասնագիտությունների ցանկը։

Դիմորդների մեծամասնությունը նախընտրում է տնտեսագիտություն, ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, միջազգային հարաբերություններ, լրագրություն, հոգեբանություն, սերվիս։ Սրանց կողքին մասնագիտություններ են, որտեղ դիմորդների թիվը շատ փոքր է՝ հազիվ 5 հոգի, և  խոսքը  միայն բնագիտական թևի մասին չէ։ Մայր բուհի 56 կրթական ծրագրերից շուրջ 30-ում թափուր տեղեր կան։

Մի շարք բուհերում թափուր են անգամ անվճար տեղերը:

Պատկերը դեռ նախնական է, բայց՝ խոսուն։ Ոլորտի մասնագետները փաստում են՝ խնդիրը կա, իսկ պատճառները տարբեր են։ Ամենախնդրահարույցը, թերևս, բնագիտական մասնագիտություններն են։ Բաժիններ կան, որոնք հազիվ 5 դիմորդ ունեն։  Խնդիրը նաև ԿԳՄՍ նախարարի ուշադրության կենտրոնում է։ Համաձայնելով «Ռադիոլուրի» դիտարկմանը՝ Վահրամ Դումանյանը շեշտում է, որ կրթական քաղաքականության գլխավոր  ուղղություններից մեկը բնագիտական առարկաներն ավելի գրավիչ դարձնելն է:

«Հնարավոր տեղերի քանակը փաստացի շրջանավարտների քանակից կրկնակի ավելի է։ Սա, իհարկե, լրջագույն խնդիր է։ Երբ մեր բուհերը որոշակի մասնագիտության գծով տեղեր են սահմանում, պետք է հասկանալ, թե ինչ հիմքով է դա արվում»։

Հաշվի առնելով պահանջարկը՝ բուհական տեղերն ամեն տարի վերանայվում են՝ ասում է ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանը և բացատրում , թե ինչպես են այդ տեղերը սահմանվում։

«Ֆակուլտետն իր ներսում քննարկում է կատարում գիտխորհրդի, ապա ռեկտորի, պրոռեկտորների մակարդակով։ Այդ տեղերի հաշվարկը ձևավորվում է քննարկման արդյունքում։ Անվճար տեղերը որոշում է նախարարությունը»։

Փոխարենը բուհն ազատ է վճարովի տեղերը սահմանելու հարցում՝ նկատում է զրուցակիցս։

«Օրինակ՝ միջուկային ռեակտորների ֆիզիկայի բաժնում  ունենք 5 անվճար և 15 վճարովի տեղ։ Գումարային 20 տեղ։ Դրանից պակաս թիվ չենք կարող ձևավորել, որովհետև  կան դասախոսական կազմի ուսումնական բեռնվածության ՝ գիտխորհրդի կողմից հաստատված  նորմեր։ Գոնե 20 հոգանոց խումբ պետք է ձևավորվի, որ կուրսը բացվի»։

Արմեն Սարգսյանը  կարծում է, որ այս տարի որդեգրված «մեկ բուհ, մեկ մասնագիտություն» սկզբունքը կօգնի նաև կողմնորոշվել, թե որոնք են քիչ պահանջված մասնագիտությունները և ինչ անել դրանց հետ։

«Ընդունելությունն ավարտելուց հետո կտեսնենք և կհասկանանք, թե որ մասնագիտությունը կփակվի կամ որոնք կմիավորվեն։ Օրինակ՝ աստվածաբանության ֆակուլտետում մենք ունեինք եկեղեցաբանություն, որը տարիներ շարունակ գրեթե դիմորդ չէր հավաքում։ Դա փակեցինք, փոխարենը բացեցինք կրոնագիտություն։ Բայց սա էլ կարծես նույն ճակատագրին է արժանանում»։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը համաձայն է՝ կան մասնագիտություններ, որոնք այնքան էլ գրավիչ չեն, բայց դա չի նշանակում, որ դիմորդներ  ներգրավելու համար պետք է անցողիկի շեմը իջեցնել։  Հեշտ ընդունվելն ու հեշտ ավարտելն ազդում են որակի վրա՝ ասում է փորձագետը։

 «Եթե հեշտ ընդունվեին, դժվար ավարտեին, որակի վրա չէր ազդի այդքան, բայց քանի որ հեշտ ընդունվում, հեշտ ավարտում, իհարկե որակի վրա բացասական է ազդում»։ 

Արմեն Սարգսյանը համաձայն չէ, որ ավելի քիչ պահանջված ֆակուլտետներում ձգտումները բարձր չեն։ Ունենք պահանջված բաժիններ, որոնք ավարտելուց հետո շրջանավարտներն իրենց մասնագիտությամբ չեն աշխատում, ունենք նաև բաժիններ, որոնք 20 ուսանող ունեն, 20-ն էլ՝ պահանջված։

«Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում լավագույն մասնագետը միշտ տեղ ունի։ Նույն ֆիզիկայի ֆակուլտետում միշտ էլ դիմորդները քիչ են եղել։ Բայց մենք հանճարեղ երեխաներ ենք ունենում, որոնք հիմնականում դրսում են լավ աշխատանք գտնում»։

Որպեսզի մասնագիտությունները առավել գրավիչ և պահանջված դառնան, կարևոր է բուհ–աշխատաշուկա կապն ապահովել՝ նկատում է կրթության փորձագետը։ Միևնույն ժամանակ ընդգծում՝  բուհերի խնդիրը միայն նեղ մասնագետներ պատրաստելը չէ։

«Շուկան ինքն իր օրենքներն ունի, որոնք  երբեմն դժվար են  կարգավովում։ Մենք պետք է պատրաստ լինենք նաև անորոշ ապագայի։ Դրա համար էլ ընդհանուր հմտություններ են պետք, ոչ թե միայն նեղ մասնագիտական»։

Ոլորտի մասնագետները փաստում են՝ հաճախ լավ մասնագետ դառանլուն մեծապես նպաստում են աշխատանքային հմտությունները, բայց կարևոր են նաև բուհում ստացած  գիտելիքները, իսկ էլ ավելի կարևոր՝ ճիշտ ընտրված մասնագիտությունը։ Ու բոլորովին էլ էական չէ՝ մեկ տեղի համար պայքարում է 10 դիմորդ, թե՞ 10 տեղի համար՝ ընդամենը մեկը։

Back to top button