ԿարևորՀասարակություն

«Լյոխ լավ ա ինական». Շուշիում «Վերջին զանգ»-ը հաստատ հնչելու է

Լիդա Մկրտչյանը  Շուշիի միջնակարգ հոսքային դպրոցի փոխտնօրենն էր, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին։   «Վերջին զանգ»-ի արարողության հաղորդավարը  միշտ ինքն էր։ Այսօր, սակայն, շնորհավորանքները  հնչեցին «Ռադիոլուր»-ի  տաղավարից՝  հույսով ու հավատով, որ մի օր դարձյալ Շուշիում լսվելու են  դպրոցական զանգի ղողանջները։

Լիդա Մկրտչյանը  վերջին անգամ   դպրոց մտել է սեպտեմբերի 25 –ին։ Հիշում է այդ   օրվա դասը՝ Շահան Շահնուրի «Պճեղ մը անուշ սիրտ»–ն էր։ 

«Թեմաներից խոսելիս՝ մտքովս  անգամ չէր կարող անցնել,  որ մի օր ես կդառնամ գաղթական, ու երանի կտանք մեր անցած օրերին»,–ասում է ուսուցչուհին։

Շուշիից դուրս են եկել հոկտեմբերի 31-ին, հույսով,  որ 3 օր հետո վերադառանալու են։

«Չէի կարող պատկերացնել, որ Շուշին կհանձնվի։ Ես հավատում էի պաշտոնական լրատվությանը։  Երբ  Արծրուն Հովհաննիսյանն  ասում էր, որ իրականացնելու ենք «գյուռբագյոռ»  օպերացիան կամ «Բարի գալուստ դժոխք», չէի պատկերացնում, որ դա ոչ թե իրենց, այլ մեզ է վերաբերվում»,-ասում է Լիդա Մկրտչյանը։

 Գրականության ուսուցչուհին «Ռադիոլուր»-ի  հյուրասրահում հավաստիացրել է.   «Լյոխ լյավ ա ինական»:  

Back to top button