ԿարևորՎերլուծական

Ի՞նչ սպասել ադրբեջանական զորավարժություններից

Ադրբեջանում մեկնարկած զորավարժությունների թեման անօրինական զինված խմբավորումների, ահաբեկիչների և պրովոկացիների դեմ իրականացվող գործողություններն են: Բայց սահմանային չհանգուցալուծված իրավիճակում, նույնիսկ այս թեմայի դեպքում,  զորավարժությունները մեր երկրի համար վտանգ են պարունակում,- կարծում է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը.

«Միանշանակ, իրենց մեջ սպառնալիքի լուրջ տարր ունեն: Այլ խնդիր է՝ արդյո՞ք կոնկրետ ժամանակատարածային հարթության մեջ հարվածի կբերեն։ Հույս ունենանք և սպասենք, որ չէ, բայց չի կարելի դա լիովին բացառել և համապատասխան մարմինները պետք է շատ ուշադիր լինեն այս ամենին»,-ասում է փորձագետը։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը դիտարկում է զորավարժությունների ազդեցությունը հոգեբանական առումով.

«Սպառնալիք կա, ես տեսնում եմ։ Բացի այդ նաև հոգեբանական սպառնալիք է, երբ զորքի տեղաշարժ է տեղի ունենում և դու չես կարողանում հասկանալ՝ հարձակողվո՞ղ, թե՞ զորավարժություններին մասնակցող զորք է, որովհետև զորավարժությունները տեղի են ունենում ոչ թե Ադրբեջանի բուն տարածքում, այլ հիմնականում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում»,– նշում է փորձագետը։

Պաշտոնական հաղորդագրություններում զորավարժությունների անցկացման վայրը չի նշվում, փորձագետները չեն բացառում, որ հակառակորդը դրանք կարող է  օգտագործել սահմանային գործողությունների մեջ։ Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյան.

«Ես կարծում եմ՝ ոչ միայն կարող ենք, այլև պետք է հենց այդ կանխավարկածից ելնենք։ Ադրբեջանի չափերը, բանակային ուժերի տեղաբաշխումը, ժամանակակից զենքի հնարավորությունները և ընդհանուր այս իրավիճակը հաշվի առնելով, կարծում եմ՝ մեծ հավանականություն կա, որ զորավարժությունները Կուրի աջ ափում են անցկացնում։ Իսկ զենքի հարվածային հնարավորությունները հաշվի առնելով, գործնականում վստահ եմ, որ սա այսպես, թե այնպես մեզ վերաբերում է»,– ասում է Հակոբյանը։

Կարեն Հովհաննիսյանի տեղեկություններով՝ զորավարժությունների մի մասն անցկացվելու է Արցախի այն տարածքներում, որոնք օկուպացրել է Ադրբեջանը, բայց այս մասին էլ որևէ պաշտոնական ինֆորմացիա չկա:

«Ես ունեմ հստակ տեղեկատվություն, որ նաև օկուպացված տարածքներում են զորավարժություններ անկացնելու։ Մասնավորապես, խոսքը Քարվաճառի տարածքի և հատկապես Զանգելանի շրջանի մասին է»,– հայտնում է Հովհաննիսյանը։  

Պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվող զորավարժություններում ներգրավված են մինչև 300 միավոր տանկ, տարբեր տրամաչափի մինչև 400 հրթիռահրետանային համակարգեր, ռեակտիվ համազարկային համակարգեր, ականանետներ և հակատանկային զենքեր, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ մայիսի 16-20-ը օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացնեն, որոնց կմասնակցի 15 հազար զինվորական: Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյան.

«Սրանք բավականին մեծ ծավալներ են, ուղղակի համեմատության համար ասեմ, որ պատերազմի ժամանակ հենց մոտավորապես այս ծավալների զենք–զինամթերք և զինտեխնիկա է օգտագործվել։ Իսկ մարդկային առումով 15 հազար թիվը, եթե կիսվում է, ապա դա զորավարժություններին մասնակցող ակտիվ մասն է, իսկ ոչ ակտիվ մասը շատ ավելի մեծ է», – նշում է Հովհաննիսյանը։

Այս տվյալներն, ըստ ռազմական փորձագետի, հուշում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան ջանքեր չեն խնայում։ Զորավարժություններին մասնակցում է ադրբեջանական բանակի մոտ մեկ երրորդը, ինչն այս պարագայում լուրջ թիվ է, ասում է Մհեր Հակոբյանը։

«Էրդողանը և Ալիևը իրենց ծավալապաշտական քաղաքականությունը կյանքի կոչելու համար կանգ չեն առնում ոչ ծախսերի, ոչ էլ ջանքերի առջև, չէ՞ որ այդ զորավարժությունը նաև գումար է։ Իրենք ուղղակի շատ լավ հասկանում են՝ արդեն այնքան են առաջ գնացել, որ հետ գնալու տեղ չունեն։ Եվ եթե հետ գնացին կամ քաղաքական կորուստներ ունեցան, ապա արդյունքում ամեն ինչ են կորցնելու»,– ասում է ռազմական փորձագետը։

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Ադրբեջան այս զորավարժությունն անցկացնում է միայնակ, առանց «մեծ եղբայր» Թուրքիայի:  Փորձագետները, սակայն, կակածում են, թե Ադրբեջանը միայնակ է գործում. Կարեն Հովհաննիսյանը և Մհեր Հակոբյանը թուրքական տարրի առկայություն տեսնում են.

«Միամիտ պետք է լինել կարծելու համար, թե Թուրքիան ընդհանրապես ներգրավված չէ Ադրբեջանի ռազմական գործողություններում, արտաքին և ներքին քաղաքականության մեջ։ Այս շրջանում Թուրքիան փորձում է անտեսանելի լինել և այդ կերպ իր ներկայացվածությունը ապահովել»,– նշում է Կարեն Հովհաննիսյանը։

«Այն, որ չի հայտարարվում Էրդողանի կամ թուրքական զորքերի առկայության մասին, ամենևին էլ չի վկայում այն մասին, որ իրենք չկան։ Մեծ հաշվով թուրքական բանակում մեկ զորավարժություն ավել, մեկ զորավարժություն պակասը որակ չի փոխում, որովհետև թուրքական բանակը ամենատարբեր ճակատներում է մարտնչում և մարտունակության, ռազմական փորձի խնդիր, համենայդեպս, այնպիսի գործողություններում, որ մեզ մոտ ենք սպասում, չունի», – ասում է Մհեր Հակոբյանը։

Վերջին պատերազմի արդյունքներից Ադրբեջանը այնքան գոհ չէ, որքան հայտարարում է՝ ասում է ռազմական փորձագետը։ Ալիևը հայտարարում է, որ Արցախյան հարցը լուծված է, սակայն գործողություններն այլ բան են ցույց տալիս։ Կարեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Բաքվում դժգոհ են, որ առանց Ստեփանակերտը գրավելու զինադադար է հայտարարվել։ Ալիևն այժմ սահմանային միջադեպեր ստեղծելով փորձում է սեփական հանրությանը ցույց տալ, որ իրավիճակին տիրապետում է, և որ եռակողմ հայտարարությունն իրենց չի պարտադրվել։

Back to top button