ԿարևորՄշակույթ

Հռոմեական հետքեր՝ Արտաշատում․ հայ-գերմանական արշավախումբը բացառիկ պեղումներ է արել

Արտաշատում հռոմեական հետքեր են հայտնաբերվել,-ասում է Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի «Հին Հայաստանի հնագիտության»  բաժնի վարիչ  Մկրտիչ Զարդարյանը։ Արշավախումբը, որը 2018 թվականից համագործակցում է գերմանացի մասնագետների հետ, մանրամասնորեն ուսումնասիրել է հնավայրը․

«Վերջին տարիներին Արտաշատ քաղաքի ուսումնասիրությունը կատարվում է երկու տարածքներում։ Առաջինը Գետամեջ թաղամասն է՝ Արաքսի ափից 140 մետր հեռավորության վրա, որտեղ հայտնաբերվել է Տրդատյան ժամանակաշրջանի թաղամաս։ Այս ուսումնասիրությունը Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի արշավախումբն է կատարում, երկրորդը Խոր վիրապի բլրաշարի հատվածի ուսումանասիրություններն են, հայ-գերմանական համագործակցության շրջանակում, այսինքն, հնագիտության ինստիտուտի և Մյուստեռի Բիլհելմս համալսարանի համատեղ ջանքերով»,-ասում է Մկրտիչ Զարդարյանը:

Հռոմեական մեծ բաղնիք՝ պատված խճանկարներով։ Ունեցել է տաքացվող հատակ, ջրամատակարարման ու ջրահեռացման բարդ համակարգ, քաղաքային ճեմասրահ, գունազարդ որմնանկարներ․ այս ամենը հայտնաբերել է Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի արշավախումբը՝ Արաքսի ափամերձ հատվածում։ Մկրտիչ Զարդարյանն ասում է՝ սրանք պատմում են մ․թ․ 114-116 թվականների մասին, երբ Տրայանոս կայսրը գրավել էր Հայաստանը։ Դրա արդյունքում էլ հայ-հռոմեական մշակութային, տնտեսական և քաղաքական կապերը խորացել են և փոխազդվել։

Հռոմեական հետքեր են հայտնաբերվել նաև Արտաշատի դաշտավայրային հատվածում․

«Մենք այդքան էլ հստակ պատկերացում չունեինք, թե ինչպիսին է իրավիճակը դաշտավայրային հատվածում, մանավանդ, որ դարեր շարունակ այդ տարածքը գյուղատնտեսական նպատակով է օգտագործվել, հարթեցումներ են կատարվել։ Տպավորություն կար, որ Արտաշատի ստորին քաղաքը  գրեթե կորսված է, փառք Աստծո, որ իրավիճակի պրակտիկ ուսումնասիրւթյունը ցույց տվեց, որ այդպես չէ։ Պալատական երկու կառույց հայտնաբերեցինք, և ընթացքում մի գեոֆիզիկական անոմալիա էր ուրվագծվում։ Մենք անընդհատ դիսկուրսի մեջ էինք, թե դա ինչ անոմալիա է, ի վերջո բացահայտեցինք հռոմեական ակվեդուկի հիմքեր»,-պատմում է Մկրտիչ Զարդարյանը։

Կամուրջ-ջրատարը կամ ակվեդուկը թվագրվում է Քրիստոսի ծնունդից հետո՝ 114-116 թվականներրին։ Մկրտիչ Զարդարյանն ասում է՝ սա բացառիկ կառույց է ոչ միայն Հայաստանի, այլև անտիկ մերձավոր արևելքի համար։ Ակվեդուկն անավարտ է, քանի որ մ․թ 116 թվականին Հայաստանն ապստամբել և դուրս է եկել հռոմեական կայսրությունից։ Այս հսկայածավալ կառույցը ժամանակին ջուր է մատարարել Արտաշատ․

«Դատելով ակվեդուկի ուղղությունից, եկանք եզրահանգման, որ աղբյուրի ջուր է բերվել Արտաշատ՝ ներկայիս Վեդի գետ ակունքներից, այսինքն, մոտավոր 30 կմ երկարությամբ ակվեդուկ է սա»,-նշում է «Հին Հայաստանի հնագիտության»  բաժնի վարիչը։

«Հին Հայաստանի հնագիտության»  բաժնի վարիչն ասում է, որ պեղված ակվեդուկն այժմ փակել են, որովհետև վստահ չեն, որ մինչև հաջորդ պեղումներ այն պահպանված կլինի։ Պեղումները նախատեսում են վերսկսել ամիսներ անց։  

Back to top button