ԿարևորՏնտեսական

334 մլրդ դրամ․ 2020–ի տնտեսական անկման հաղթահարման գինը

Համավարակն ու պատերազմը Հայաստանի կառավարությանը ստիպեցին մեծացնել ծախսերն ու  ավելի շատ պարտք  վերցնել։  Արդյունքում՝ 2020 -ին պարտք /ՀՆԱ ցուցանիշը հատել է 63 տոկոսի շեմը։ 60 տոկոսն  այն սահմանագիծն է, որից  վերև պարտքը ռիսկային է համարվում։  Կառավարությունն առաջիկա տարիներին փորձելու է վերադարձնել պետական  պարտքը 60 տոկոսի սահմանագծին,  մինչ այդ  Հայաստանի  ցուցանիշները զարգացող երկրների հետ  համադրելի է համարում: Գործադիրում նաև  տնտեսական արագ վերականգնման ու աճի ակնկալիք կա ։

Մեկ տարվա ընթացքում՝ 2020–ին, պարտք/ ՀՆԱ  ցուցանիշը Հայաստանում աճեց 13․5 տոկոսով։ 2019-ի վերջին այդ  հարաբերակցությունը 50 տոկոսից ցածր էր,  2020-ին  պետական պարտքն արդեն ՀՆԱ-ի 60 տոկոսից ավելին էր։ Պարտքի հենց  2019-ի ցածր շեմը թույլ տվեց, որ համավարակի ու ռազմական դրության պայմաններում կառավարությունը նոր պարտք ներգրավելու հնարավորություն ունենա։ Իսկ  պարտքի ավելացման հետ մեծացավ նաև բյուջեի դեֆիցիտը՝ արձանագրում է  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը․

«Սկզբում ունեինք բյուջեի 2,3 տոկոսի չափով սպասվող դեֆիցիտի մեծություն, փաստացի ունեցանք ՀՆԱ-ի շուրջ  5,5 տոկոսի չափով դեֆիցիտ: Սա այն գինն է, որը մենք վճարել ենք, որ մեղմենք տնտեսական անկման ազդեցությունը: Պարտքի մակարդակը 2020-ի արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 63,5 տոկոս: Այս պայմաններում պետք է 5 տարում այդ ցուցանիշը նվազեցնել մինչեւ 60 տոկոսի: Սա այն շեմն  է, որն աշխարհում համարվում է ռիսկի տեսակետից կառավարելի»:

2020–ի տնտեսական անկման հաղթահարումը շուրջ 334 մլրդ դրամ է արժեցել։ Հենց այդքան է կազմել նախորդ տարվա բյուջեի դեֆիցիտը ՝ նախատեսված 161 մլդ դրամի փոխարեն։ Կառավարության  գնահատմամբ՝ Հայաստանում ճգնաժամային իրավիճակը ցուցանիշների առումով  համադրելի է զարգացող երկրներին: «Ամբերդ»  հետազոտական կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝ 2020–ը Հայաստանի տնտեսության համար  աննախադեպ ճգնաժամային էր։ Դրա հետ համեմատելի չէր անգամ 2009–ի ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Հենց այս պատճառով փորձագետը  իրատեսական չի համարում  այս փուլում ճգնաժամի հաղթահարման մասին խոսելը․

«Կարող ենք արձանագրել, որ անկման տեմպերն են որոշակիորեն դանդաղում։ Սակայն մենք դեռ տնտեսական ակտիվության 5 տոկոսից ավելի նվազում ունենք, ունենք արտահանման վերականգնման խնդիր, չնայած դրական է, որ արտահանման անկման տեմպերը դանդաղել են։ Առևտրի ոլորտում  երկնիշ անկում ունենք՝ պայմանավորված  մարդկանց վճարունակության, գործարքների ակտիվության նվազմամբ»։

Մինչ վիճակագրական կոմիտեում տնտեսական անկում են արձանագրում, ՊԵԿ–ում խոսում են աշխատատեղերի թվի աճի մասին։ Ընդ որում՝ կառավարության ղեկավարն այս աճն աննախադեպ է համարում։ Հայաստանում գրանցված աշխատողների թիվը հատել է 600 հազարի շեմը։ Խոսքը թե նոր աշխատատեղերի, թե ստվերից դուրս եկածների մասին է՝ արձանագրում է Նիկոլ Փաշինյանը 

«Առաջին անգամ գրանցված աշխատատեղերի 600 000-ի շեմը մենք հաղթահարել ենք 2019 թվականի մայիսին: Դրանից առաջ Հայաստանում երբեք գրանցված 600 000 աշխատատեղ չի եղել: Եվ ուզում եմ ասել, որ 2021 թվականի մարտին, պարոն Հովհաննիսյանը 2019 թվականի ցուցանիշի նկատմամբ ասաց, բայց 2018 թվականի մարտի նկատմամբ  ունենք 85038 աշխատատեղի տարբերություն» ։

Թերևս նաև աշխատատեղերի ավելացած թվի վրա է հիմնվում էկոնոմիկայի նախարարի լավատեսությունը։ Վահան Քերոբյանն անհամբեր սպասում է վիճակագրական կոմիտեի նոր հրապարակումներին, վստահ է՝ մարտին շուրջ  7․5 տոկոս աճ է արձանագրվելու

«Վերջին երկու–երեք ամիսներին տեսնում ենք տնտեսության կտրուկ վերականգնում։ Եթե համեմատենք այս տարին 2019–ի հետ, ապա այս տարվա հունվար–մարտի ցուցանիշերն ավելի լավն են։ Իմ հաշվարկով 7–7․5 տոկոս աճ ենք ունենալու»

ԱՄՀ–ն, սակայն, Հայաստանի էկոնոմիկայի նախարարի լավատեսությունը չի կիսում։ Կառույցի փորձագետները տնտեսական աճի ավելի դանդաղ  տեմպ են ակնկալում: 2021 թվականին շուրջ 1 տոկոս տենտեսական աճ են կանխատեսում, 2022 –ին՝ շուրջ 3.5 տոկոս: Ակնկալվում է նաև, որ գնաճն իր առավելագույն կետին  կհասնի 2021 թվականի առաջին կեսին, որից հետո կնվազի՝ տարեվերջին հասնելով մոտ 4 տոկոսի սահմանագծին։

Back to top button