ԿարևորՀասարակություն

Շուրջ 61 հազար հայ պետք է հեռանա ՌԴ-ից․ ո՞րն է նման պահանջի պատճառը

ՌԴ ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել ԱՊՀ պետություններին ուղղված պահանջով, ըստ որի՝ Ռուսաստանում անօրինական գտնվող քաղաքացիները երկրից պետք է հեռանան մինչև հունիսի 15-ը:

Ըստ ՌԴ հաշվարկների՝ Ռուսաստանում հայաստանցի շուրջ 61 հազար անօրինական ներգաղթյալ կա, որոնց եւ վերաբերում է այդ երկրի տարածքը լքելու հորդորը, այլապես նրանք կարող են արտաքսվել կամ մուտքի արգելք ստանալ։  


ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պարզաբանել է՝ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ՌԴ-ն, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, միգրացիոն կանոնների խախտման համար սանկցիաներ չի կիրառել։ «Այժմ անցումային ժամկետ է տրված․ որքան կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կանոնակարգվում է, այնքան մոտենում է միգրացիոն  կանոնների խախտման հետ կապված սանկցիաների կիրառման ժամանակահատվածը,– ասել է Արմեն Ղազարյանը։
Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելն արդյո՞ք միգրացիոն քաղաքականության մեղմացումներ չի ենթադրում․ Արմեն Ղազարյանը հստակեցնում է՝  ԵԱՏՄ-ն կանոնակարգում է միայն աշխատանքային միգրացիային առնչվող հարցեր։ ԵԱՏՄ պայմանագրի շրջանակներում պետությունները պայմանավորվել են ստեղծել աշխատուժի միասնական շուկա և չպահանջել աշխատանքի թույլտվության փաստաթղթեր։

«Այժմ տեղի ունեցող գործընթացը ոչ թե աշխատանքային միգրանտներին է վերաբերում, այլ՝ անօրինական միգրատներին»,- հստակեցնում է Միգրացիոն ծառայության պետը։

«Դա այլ երկրի տարածք է, որտեղ գտնվում են մեր քաղաքացիները, ուստի իրազեկումից զատ որեւէ այլ գործառույթ, գործիքակազմ ԱՊՀ անդամ որևէ երկիր, այդ թվում նաև՝ Հայաստանը, չունի։ Մենք ևս ներգրավված ենք այդ աշխատանքներում»։ 

Անդրադառնալով Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության խստացման նախագծին՝ Արմեն Ղազարյանը նախ նշում  է՝ այն դեռ քննարկվում է։ 

Որո՞նք են առաջարկվող հիմնական փոփոխությունները․ Արմեն Ղազարյանը մատնանշում է՝ եթե նախկինում քաղաքացիները ՌԴ-ում կարող էին 180 օրվա ընթացքում Ռուսաստանում գտնվել 90 օր, ապա այժմ  նույնքան՝ 90 օր կարող են գտնվել մեկ ողջ տարվա ընթացքում։

Անձն առանց գրանցման ՌԴ–ում կարող է մնալ 30 օր, իսկ եթե ցանկանում է ավելի երկար ժամանակահատվածով լինել այդտեղ, ապա գրանցումը պարտադիր է։

Օտարերկացիների գրանցումը ՌԴ-ում նախատեսվում է համադրել կենսաչափական՝ բիոմետրիկ տվյալների հետ։ Օտարերկրացու համար պարտադիր կդառնա ID քարտ ունենալը, որը ներառելու է Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգով (ГЛОНАСС) կապ․ սա անձի տեղաշարժին հետեւելու նպատակով է։

Back to top button