ԿարևորՀասարակություն

Հանրակրթական ծրագրում կներառվեն կլիմային առնչվող նոր նյութեր

Հայաստանյան հանրակրթական ծրագրում առաջիկայում հնարավոր է ներառվի կրթական նոր բաղադրիչ․ դպրոցականները կստանան կլիմայի փոփոխության ազդեցության և դրան հանգեցնող երևույթներին վերաբերող գիտելիքներ։ Դա կիրականացվի նորարարական ծրագրի՝ «Կլիմայական արկղիկ» անունը ստացած ուսումնական նյութերի միջոցով։ Կրթական արկղիկը ստեղծողները՝ ՄԱԿ–ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները, մեծապես կարևորում են երեխաների տեղեկացվածությունն այս թեմայով՝ շեշտելով՝ նրանք են ավելի առողջ ու կայուն աշխարհ կերտողները։

Հանրակրթական ծրագրի համար նախատեսված ուսումնական այս նյութերի մատուցման համար շուրջ 300 դպրոցի ուսուցիչ արդեն անցել է վերապատրաստում ու ձեռք է բերել մասնագիտական նոր հմտություններ։ Ուսումնական նյութերն արդեն փորձնական ներկայացվել են հանրապետության շուրջ 15.000 դպրոցականների։

«Կլիմայական արկղիկ» ուսումնական նյութերի փաթեթը համաձայնեցվել է կրթական ազգային ծրագրի հետ և ներառվել է հանրակրթական ծրագրի դասավանդման պլաններում: ՄԱԿ–ի զարգացման ծրագրի «Կլիմայական արկղիկ» ծրագրի համակարգող Արմինե Պողոսյանը ներկայացնում է ծրագրի մանրամասները․

«Կլիմայական արկղիկը հավաքածու է։ Ուսումնական նյութերը նախատեսված են 2-12–րդ դասարանի աշակերերի ու ուսուցիչների համար։ Հիմնական բաղկացուցիչ մասը ձեռնարկն է։ Վստահ կարող եմ ասել, որ Հայաստանում կլիմայի փոփոխությանը վերաբերող նման ծավալի նյութեր երբեք չէին հրապարակվել։ Հավաքածուի մեջ կան նաև վիկտորինաների քարտեր, կլիմայի փոփոխությանն ու դրա հետևանքներին վերաբերող քարտեզ, երկու պաստառ և էներգաարդյունավետության ձեռնարկ»։

Ծրագիրն իրակաացվում է Ռուսաստանի դաշնության ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ–ի համաֆինանսավորմամբ։ Դպրոցներին արդեն տրամադրվել է «Կլիմայական արկղիկ» ուսումնական նյութերի 1000 օրինակ։

Back to top button