ԿարևորՀասարակություն

ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնող նախագիծը՝ ՍԴ-ում

Հանրապետության նախագահը վիճարկում է Դատական օրենսգրքում  մարտի 19-ին կատարված փոփոխությունների սահմանադրականությունը։ Արմեն Սարգսյանը կարծում է, որ նոր կարգավորումներն իրավիճակային են և խնդրահարույց։ Օրենսդրական փաթեթով Բարձրագույն դատական խորհուրդը մի քանի նոր լիազորություններ  էր ստանում, որոնց շուրջ  մասնագիտական գնահատականները միանշանակ չեն։

Բարձրագույն դատական խորհրդի լիազորություններն ընդլայնող օրենսդրական փաթեթը  Ազգային ժողովն ընդունեց մարտի 19-ի արտահերթ նիստում՝ հատուկ ընթացակարգով։ Հեղինակները դրա  հրատապությունը բացատրում էին  փոփոխությունների  կարևորությամբ:

Առաջարկվող փոփոխություններից առանցքային էին հատկապես երկուսը։ Դրանցից մեկով  Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք է ստանում  դատական գործերը քննելու համար իրավասու դատարանի համապատասխան մասնագիտացման  դատավորների կազմից ընտրել դատավորներ՝ հաշվի առնելով նախկինում նմանատիպ գործեր քննելու հանգամանքը, դատական նիստի բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ դրսևորած հմտությունները:

Փոփոխություններից մյուսով էլ սահմանվում է, որ դատավորներից դժգոհ քաղաքացիները կարող են միանգամից դիմել Բարձրագույն դատական խորհուրդ, որն էլ, քննելով հարցը, կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորին։

Հանրապետության նախագահը կարծում է, որ այս փոփոխություններն առերևույթ սահմանադրականության խնդիր ունեն և դիմել է ՍԴ:

Թե ինչպես են մեկնաբանում Նախագահի այս քայլը փոփոխությունների հեղինակները,  «Ռադիոլուրը» փորձեց պարզել նրանցից։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանելուց ՝ իր զբաղվածությունը վկայակոչելով։

Հանրապետության նախագահը նշում է, որ  օրենքը  քննարկել է և նոր կարգավորումները  պաշտպանող, և դրանց շուրջ առարկություններ ունեցող կողմերի հետ: Այդ քննարկումների արդյունքում է որոշել դիմել Սահմանադրական դատարան։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասում է՝  օրենսդրական փաթեթին  դեմ էին դատավորները, Փաստաբանների պալատը, մասնագիտական շրջանակները։ Ըստ Զոհրաբյանի՝ օրինաչափ է, որ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ։

«ԲԴԽ-ին տրվում էին դատավորի գործունեությանը միջամտելու լիազորություններ։ Այլ կերպ՝ այդ օրինագծով ԲԴԽ-ն դառնում էր 4-րդ ատյան, ընդ որում՝ առանց արդարադատություն իրականացնելու։ Ստացվում է, որ ցանկացած քաղաքացի կարող է բողոքարկել  դատավորի վարքագիծը, և եթե ԲԴԽ-ն գտնի,  որ խախտում   կա, ապա կարող է դատավորի նկատմամբ ներգործության միջոցներ կիրառել։ Եթե դատավորն իշխանության նկատմամբ  անհաճո կեցվածք է դրսևորում, ապա հանգիստ կարող է ենթարկվել   ճնշումների»,-ասում է Փաստաբանների պալատի նախագահը։

Սահմանադրական դատարանն արդեն ստացել է Արմեն Սարգսյանի դիմումը, այն վարույթ  ընդունել- չընդունելու հարցին պատասխանելու համար 20 օրյա ժամկետ ունի։ 

Back to top button