ԿարևորՀասարակություն

Էջմիածնի փողոցներն ասֆալտապատվել են թերություններով․ քաղաքապետն ակտը չի ստորագրել

Էջմիածնի քաղաքապետարանը թերությունների պատճառով ճանապարհաշինարարներից չի ընդունել աշխատանքի արդյունքը։ Չեն գոհացրել ճանապարհների կառուցման, սալիկապատման եւ մի շարք այլ աշխատանքներ։ Եղանակը տաքանալուն պես մրցույթում հաղթող կառուցապատող կազմակերպությունները պարտավոր են դրանք վերացնել իրենց հաշվին եւ հանձնել քաղաքապետարանին:

Էջմիածնում անցած տարի սուբվենցիոն ծրագրով իրականացվել է 2 ծրագիր՝ ասֆալտապատում և մայթերի սալապատում: 305 մլն դրամ արժեքով ծրագիրը մասամբ ֆինանսավորվել է կառավարությունից, մասամբ՝  համայնքի միջոցներից։ Ասֆալտապատման, սալիկապատման, մայթերի եզրաքարերի փոխման, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներն ավարտվել են, մինչդեռ Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանին  արդյունքը չի գոհացնում։

Դժգոհության հիմքում մասնագիտական գնահատումներ են։ Սուբվենցիոն ծրագրերն իրականացրել են տարբեր շինարարական ընկերություններ, անորակ աշխատանքի կատարողական ակտը չի ստորագրվել:  

Դիանա Գասպարյան.  «Երկու ծրագիրն էլ,  ըստ էության, հանձնաժողովով չի ընդունվել և դեռ ավարտական ակտ չեն ստացել, գումարն էլ փոխանցվել է ոչ ամբողջությամբ: Հատկապես, ասֆալտապատ փողոցները  լուրջ թերություններ ունեն այդ պատճառով այդ մասով մենք գումարը չենք փոխանցել և չենք ընդունել աշխատանքը»:

Քաղաքապետի դժգոհությունն է հարուցել այն, որ մրցույթում հաղթած կառուցապատող ընկերությունը դանդաղկոտություն է դրսևորել և դժվարություններ ստեղծել աշխատանքները ժամանակին ու որակով կատարելու առումով: Համայնքապետարանը մի քանի անգամ  փորձաքննել և նկատել  է մի շարք թերություններ հատկապես ասֆալտապատման աշխատանքներում.

«Տարվա ավարտին և ձմռանն էլ  բավականին թերություններ արդեն իսկ  հայտնաբերվել են՝ ջրահեռացման համակարգերի վրայի  ասֆալտի շերտն է մի քանի տեղ իջել: Այս տարի, երբ եղանակային պայմանները թույլ տան, պետք է վերսկսեն աշխատանքները՝ թերությունները վերացնելու մասով»:

Կամո փողոցում անզեն աչքով էլ տեսանելի են ջրահեռացման համակարգի մոտ քանդված ասֆալտն ու առաջացած փոսը, դեպքը միակը չէ:  Եզրաքարերի տեղադրումը նույնպես որակով չի արվել: Սալիկապատումն իրականացվել է 2019-ին սուբվենցիոն ծրագրով կենտրոնում  ասֆալտապատված փողոցների մայթերին: Այստեղ նույնպես դիտվել են թերություններ, չնայած, փոքրիկ հարցման ընթացքում քաղաքացիները դրական են արտահայտվում աշխատանքների վերաբերյալ.

 «Մի ամիս կլինի, որ մայթերի աշխատանքները վերջացրել են: Մինչև էդ քանդուքար էր,  մի հոյակապ բան են արել: Մայթերը մինչեւ վերջ, մինչեւ հիվանդանոց սարքել են, հոյակապ»:

«Շատ ընտիր սարքեցին, դաժե, լուսամուտների տակ: Նախկինում ասֆալտ էր, հող էր, կարկատաններով՝ էս կողմը ուրիշ, էն կողմը ուրիշ, բայց հիմա շատ լավ է»:

Պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Էջմիածնում իրականացվող բարեկարգման աշխատանքների վերաբերյալ կարծիքները տարբեր են, երբեմն՝ իրարամերժ.

«Քաղաքական իրավիճակից ելնելով ինձ զարմացրեց, որ շինարարական աշխաըանքներ են տարվում այդքան զոհերից հետո: Բա որ մենք գումարի խնդիր ունենք, զինվորին պիտի հասնի,  արժեր գեղեցկացնել, իհարկե, ոչ»:

Չնայած աշխատանքի թերություններին՝ կառուցապատողի անունը քաղաքապետարանը չի շրջանառում, բացատրում են՝ ճանապարհաշինարարները պարտավորվել են եւ կվերացնեն թերությունները։

Այս տարի Էջմիածնում նախատեսված է եւս 4 ծրագիր:

«Բաղրամյան փողոցի ասֆալտապատում, եզրաքարերի փոխում, մայթերի սալիկապատում: Խորենացի փողոցի հիմնանորոգում, եզրաքարերի փոխում, ջրահեռացում Բաղրամյան փողոցի խաչմերուկից մինչեւ Չարենց կամ Տերյան փողոցների խաչմերուկ: Հիմա հաշվարկների մեջ ենք, տեսնենք՝ ինչքան բյուջեն կների, եւ Արամ Մանուկյան-2  թաղամասում կոյուղագծի անցկացում»:

Չնայած կորոնավիրուսի ստեղծած բազմաթիվ դժվարին պայմաններին եւ պատերազմական իրավիճակին՝ Էջմիածնի բյուջեն կատարվել է 108 տոկոսով,  տեղեկացնում է քաղաքապետը։ Ներքին միջոցները թույլ են տալիս պետության համաֆինանսավորմամբ համայնքի բարեկարգման այլ ծրագրեր էլ կյանքի կոչել։ Դրանց արդյունքին քաղաքում կսպասեն արդեն այս տարեվերջին։

Back to top button