ԿարևորՎերլուծական

Զորավարժությունների շքերթ․ ինչի՞ն են պատրաստվում հայկական և ադրբեջանական բանակները

Ընդամենը մեկ օր տարբերությամբ՝ այսօր՝ Ադրբեջանում, վաղը՝ Հայաստանում, մեկնարկում են զորավարժություններ։ Ի՞նչ ռիսկեր են պարունակում  դրանք տարածաշրջանի կայունության համար. «Ռադիոլուր»-ը այս հարցի շուրջ զրուցել է մասնագետների հետ:

Զորավարժությունների այս շքերթը, տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով, հետպատերազմական երկրներին շատ բնորոշ չէ. նրանք, որպես կանոն, առնվազն մեկ տարի զորավարժություններ չեն անցկացնում և փորձում են վերացնել հետպատերազմական շրջանի հետևանքները։ Փորձագետի տպավորությամբ՝ զորավարժությունները Հայաստանում և Ադրբեջանում՝ մկանների և ուժի ցուցադրության համար են։ 

«Հայկական կողմը փորձում է ցույց տալ, որ պատերազմից մի քանի ամիս անց, չնայած պարտությանը, միևնույն է, կարողացել է բանակը վերականգնել այնքան, որ անցկացնում է լայնածավալ զորավարժություններ՝ ընդգրկելով ինչպես մարդկային ուժ, այնպես էլ շատ լուրջ թվաքանակով զինտեխնիկա: Մյուս կողմից՝ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը շարունակվում է»,-ասում է Կարեն Հովհաննիսյանը։

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ զորավարժությունները զինուժի մարտական պատրաստվածության աստիճանի բարձրացմանն ուղղված միջոցառումներ են: Ունեն նաև կից տեղեկատվական բաղադրիչ, այսինքն՝ տեղեկատվական գրոհի, ճնշման և հակազդման նշանակություն ունեն։ Զորավարժություն անցկացնելով, ըստ փորձագետի, պետությունը պատրաստվում է անհրաժեշտության դեպքում հենց տվյալ զորատեսակի և զինատեսակի կիրառմանը.

«Հասկանալի է, որ պատերազմում պարտություն կրելուց հետո Հայաստանի զինված ուժերը պետք է վերականգնեն իրենց մարտունակությունը, որովհետև սպառանալիքները չեն վերացել, ընդհակառակը, ավելացել են։Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, հետևաբար, չի բացառվում, որ կարող է նոր էսկալացիա կամ նոր ագրեսիա լինել Ադրբեջանի կողմից»,-ասում է Հովհաննիսյանը։

Ադրբեջանագետը հիշեցնում է՝ Ադրբեջանի ղեկավարությունը եռակողմ հայտարարությունից հետո բազմիցս հանդես է եկել ագրեսիվ հայտարարություններով, ցույց է տվել, որ շարունակում է  բանակի արդիականացման քաղաքականությունը, հետևաբար, նման զորավարժություններ հաճախ ենք տեսնելու։ Թե ե՞րբ կսկսվի նոր պատերազմ՝ մասնագետը չի կարող պատասխանել՝ բավարար փաստերի չի տիրապետում, իսկ  գուշակություն անել չի ցանկանում։

«Քանի կա շահերի բախում, իսկ այդ շահերի բախումը ոչ միայն չի վերացել, այլ պատերազմի ավարտից հետո ավելի է մեծացել և շարունակում է զարգացում ապրել, միշտ էլ լինելու է պատերազմի հավանականություն։ Խոսքը Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև պատերազմի մասին է»,-բացտրում է Հովհաննիսյանը։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ հաջորդ պատերազմը, եթե լինի, լինելու է տարածաշրջանում խաղացող պետությունների պատերազմը: Խոսքը ռուս–թուրքական պատերազմի մասին է, որը գուցե այս պահին անհավանական է թվում, բայց, իրականում,-ասում է,- ռուս–թուրքական հարաբերություններն այնքան լարված են, որ բախումները բացառված չեն։

«Պատերազմի վտանգը կա, այն չի չեզոքացվել, կարող եմ միայն ասել, որ պատերազմի ակտիվ փուլն է ավարտվել, և հնարավոր է, որ մյուս փուլը սկսվի, իսկ մյուս փուլն իրենից չի ենթադրում սեպտեմբերի 27–ի նման պատերազմ, բայց, միևնույն ժամանակ, նաև չի ենթադրում պատերազմ միայն հայկական կամ ադրբեջանական կողմերի ներգրավմամբ»,-ասում է փորձագետը։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ-տակտիկական զորավարժությունները պլանային են և ռիսկեր չեն պարունակում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար:

Փորձագետի խոսքով՝ Թուրքիայի նկրտումները ուղղված են Հարավային Կովկասում իր ազդեցության ոլորտների մեծացմանը, և հենց այս համատեքստում էլ Հայաստանի դեմ Թուրքիայի ոտնձգությունները Ռուսաստանը կդիտարկի որպես  ոտնձգություն իր դեմ: Ռուսատանը հենց այնպես Հայաստանը չի հանձնի Թուրքիայի կամ ՆԱՏՕ–ի ազդեցության ոլորտ։ Հնարավոր բախումը հենց ազդեցության ոլորտների ճշգրտման համար է լինելու։

Back to top button